Գլխավոր Հասարակություն 

Լոռու մարզում հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ. Կան դժգոհություններ մարզպետների նշանակման հետ կապված

analitik.am

Վերջերս հայտնի դարձավ, որ Լոռու մարզում ստեղծվել է «Լոռու մարզպետը քաղաքացիական հասարակությունից» նախաձեռնություն։

Analitik.am-ը զրուցեց «Լոռու մարզպետը քաղաքացիական հասարակությունից» նախաձեռնության, համախմբման և աջակցության կենտրոնի տնօրեն Օլեգ Դուլգարյանի հետ` պարզելու համար նախաձեռնության նպատակների և պահանջների վերաբերյալ մի շարք մանրամասներ։

Ըստ Օ․Դուլգարյանի,  համաժողովրդական ընդվզման ալիքը տարածվել էր նաև մարզերով և հատկանշականն այն է, որ այն զերծ էր կուսակցական մոտեցումներից և հիմնական շարժիչ ուժը քաղաքացիական հասարակությունն էր՝ ի դեմս հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների և ուսանողության :

Նա հավելեց, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից բազմաթիվ քաղաքացիներ մասնակցում էին Երևանում բողոքի ակցիաներին, երբ ապրիլի 16-ին առաջին անգամ հենց Ալավերդիում կազմակերպվեց բողոքի ակցիա ուսանողության և աշակերտների մասնակցությամբ։

Նրա խոսքով, բողոքի ակցիաների ժամանակ չափահաս քաղաքացիները քիչ էին, սակայն հաջորդ օրերին արդեն Ալավերդցիների թիվն աճեց, փակում էին ճանապարհներ, իրականացնում հանրահավաքներ, փակում երկաթգիծը․«Ավելացնեմ, որ Ալավերդու շարժումը որևե կենտրոնից չէր ղեկավարվում, միակ ուղղորդիչը Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերներն ու հայտարարություններն էին»,-ընդգծեց Օ․Դուլգարյանը:

Արդեն իշխանափոխությունից հետո շարժման մասնակիցների մեծ մասը՝ որպես անհամաձայնություն մարզպետների կուսակցական քվոտաներով բաժանմանը, ստեղծեց նշյալ նախաձեռնությունը, որն այս օրերի ընթացքում իր դիրքորոշումը հայտնեց․«Այո, մարզաբնակ քաղաքացիները հոգնել են կուսակցական քվոտաներով նշանակվող կուսակցական գործիչներից և ցանկանում են տեսնել ապաքաղաքական հանձնառու պաշտոնյայի, ով ամբողջությամբ կլծվի մարզի սոցիալական արդարության և զարգացման գործին»,-նշեց իր խոսքում նախաձեռնության ղեկավարը:

Նաև ասաց, որ տեղի է ունեցել հեղափոխություն և սպասելիքներ կան նաև կառավարման համակարգում՝ նախկինում կիրառվող ավանդական մոտեցումների փոփոխություն․«Ապակուսակցական  մարզպետը, վարչության պետը և մասնագետը կարող են իրականացնել ժողովրդի սպասելիքները»,-ասաց նա:

Խոսելով նախաձեռնության նպատակների մասին՝ Օ․Դուլգարյանը նշեց, որ նպատակներից մեկը քաղհասարակության դիրքորոշումն արտահայտելն է, որ կա ավելի ռեալ մոտեցումների որդեգրման անհրաժեշտություն, հատկապես, երբ կուսակցությունները մինիմալ մասնակցություն են ունեցել համաժողովրդական շարժման ընթացքում, այն էլ որոշակի կուսակցություններ՝ նրանց մասնակցությունը կրել է զուտ դեկլարատիվ բնույթ։

Համախմբան կենտրոնի տնօրենի կարծիքով,  այն քաղաքացիները, որոնք այդ օրերին կանգնած են եղել ոստիկանության առաջ և ենթարկվել են տարբեր տեսակի ճնշումների, պետք է մասնակցեն մարզերում որոշումների կայացման գործընթացներում և իրենց խոսքն ասեն․«Թե չէ ո՞ւր էին կուսակցությունները կամ առհասարակ կային նրանք, թե արդեն չկային, մարդկանց համար մեկ էր»,-ավելացրեց նա:

Այն հարցին,  թե ինչ ակնկալիքներ ունեն բողոքի ակցիայի մասնակիցները,  Օ․Դուլգարյանը նշեց, որ սա բողոքի ակցիա չի՝ գոնե դեռ այս պահին, այլ դիրքորոշման արտահայտման նախաձեռնություն, որն առաջարկում է որոշումների կայացման մասնակցային ձևաչափ․«Իհարկե, եղել են նաև մտքեր, առաջարկություններ՝  բողոքի ակցիաներ իրականացնելու, սակայն նախաձեռնության մեծամասնությունը լավ գիտակցում է, որ այս անցումային փուլում արդեն իսկ քիչ չեն բողոքի ակցիաներ իրականացնելու դեպքերը և դրանց քանակական ավելացումը լավ բանի չի բերելու այս շրջանում, սակայն կիրականացվեն քայլեր, որոնք պետք է ձևավորեն որոշումների մասնակցային կայացման հարթակ, այդ իսկ նպատակով նախաձեռնությունում առկա է պահանջ՝ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։

Այլ մարզերում ևս առկա են այս նախաձեռնության նպատակներն ու պահանջները կիսող մարդիկ և այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված տարբեր մարզերում մարդկանց դժգոհությունը և կոնկրետ ի՞նչ բողոք են ներկայացնում նրանք, Օ․Դուլգարյանն ասաց, որ ինչպես արդեն ասել է, ամեն ինչ կապված է կուսակցական քվոտաներով բաժանման խնդրի հետ․«Մարդիկ հեղափոխության ղեկին ում որ տեսել են, նրանց էլ  ցանկանում են վստահել մարզերը, իսկ այդ մարդկանց մեծ մասն անկուսակցականներ են, ակտիվ քաղաքացիներ և քաղհասարակության ներկայացուցիչներ: Պատկերացնո՞ւմ եք, որ հեղափոխությունն առաջնորդեր Նիկոլ Փաշինյանը, բայց վարչապետ դառնար ուրիշ մարդ կամ հեղափոխության ազգային հարթակում կանգնած մարդիկ չստանձնեին պատասխանատու դերակատարում  կառավարությունում, նույն մոտեցումը նաև մարդիկ ուզում են տեսնել մարզերում»,- նշեց նախաձեռնության ղեկավարը։ Ըստ Օ․Դուլգարյանի, տասնամյակների ընթացքում մարդիկ հոգնել են կուսակցական մարզպետությունից։

Պարզեցինք նաև, թե ինչպիսի՞ քայլեր են պլանավորում ակցիայի ընթացքում և ի՞նչ ակնկալիքներ ունեն ներկայիս կառավարությունից։

Օ․ Դուլգարյանի խոսքով, նախաձեռնության հենքի վրա մարզում արդեն ստեղծվում է փոփոխությունների կոմիտե, որտեղ ներգրավված են տարբեր հասարակական և քաղաքական շերտերին պատկանող մարդիկ, որոնք ակտիվ են եղել շարժման ընթացքում և հանձն են առնում վերցնել իրենց վրա մարզում, տարածաշրջանում փոփոխությունների իրականացման առաքելությունը, նաև թույլ չտալու համար, որպեսզի որոշ երևույթներ և մարդիկ վերարտադրվեն:

Իսկ այն հարցին, թե ո՞ւմ են տեսնում Լոռու մարզպետի պաշտոնում և արդյո՞ք կան առաջարկվող թեկնածուներ, Օ․Դուլգարյանն ասաց. «Ալավերդիից շրջանառվել է իմ անունը՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչ և նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում կազմակերպվել է սոցիալական հարցում, թե ո՞ւմ են ուզում տեսնել մարզպետի պաշտոնում, հարցմանը մինչև այսօր մասնակցած քաղաքացիների 81%-ն այդ պաշտոնում տեսնում է քաղաքացիական հասարակության ներկայացուցչին, իսկ 19 %-ը կառավարության մաս կազմած կուսակցությունների ներկայացուցչին»:

Օ․ Դուլգարյանն իր խոսքում ընդգծեց նաև, որ մարզպետի պաշտոնում տեսնում է ապակուսակցական, քաղաքացիական հասարակության ներկայացուցչի, ով թե՛ այս հեղափոխության ընթացքում և թե՛ նախկինում միշտ կանգնած է եղել ժողովրդի կողքին և պայքարել է արատավոր երևույթների դեմ․«Լավ մենեջեր է, զարգացման փորձագետ և հասարակ քաղաքացի»,-ավելացրեց նա։ Մարդ, ում նշանակումը կլինի մասնակցային որոշման արդյունք։ Հաստատ է այն, որ  նվիրյալ կուսակցականներին  կամ  «Հարգված» անհատներին չենք տեսնում»,-ասաց նախաձեռնության ղեկավարը։

Վերջում Օ. Դուլգարյանն ասաց․«Պահանջում ենք ՀՀ կառավարությունից, որ  բոլոր մարզերում որոշումները կայացնեն քաղաքացիական հասարակության և հեղափոխության իրականացման ներկայացուցիչների հետ համագործակցությամբ՝ մասնակցային եղանակով, և խոսքը բնավ միայն մարզպետի նշանակման մասին չէ, այլ բոլոր այն խնդիրների և հարցերի շրջանակի շուրջ համախմբման ու համագործակցության, որոնք պետք է բերեն արմատական փոփոխություններ»:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից