գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Ի՞նչ պետք է անի ժամանակավոր կառավարությունը. Մանրամասնում է Ս.Սարոյանը

Բոլոր ժամանակներում ժողովուրդներն ընդվզել են իշխանությունների շահագործման դեմ իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով։ Հաճախ խորն արմատավորված և անսասան թվացող ռեժիմն անընդունակ է լինում դիմակայել մարդկանց քաղաքացիական անհնազանդությանը՝ քաղաքական, տնտեսական և սոցիալական համաձայնեցված անհնազանդությանը։

Մարտի 31-ին Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսեց «Իմ քայլը» բողոքի քայլերթը Գյումրի քաղաքից, այնուհետև անցնելով Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան քաղաքներով` ապրիլի 13-ին հասավ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակ, որին հաջորդեցին շուրջօրյա հանրահավաքները։

Իսկ արդեն 2018 թ.-ի ապրիլի 13-ից Հայաստանում սկսվեցին զանգվածային անհնազանդության ակցիաներ։

Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ փաստորեն դարձնելով այս հեղափոխությունն աշխարհում առաջին առանց զոհի հեղափոխություն։ Բողոքի ալիքը կարճ ժամանակում ընդգրկեց ամբողջ Հայաստանի Հանրապետությունը և սփյուռքը։ Բազմահազարանոց ցույցերի արդյունքում նույն թվականի մայիսի 8-ին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց  ՀՀ վարչապետ։

Խոսելով Հայաստանում զանգվածային ցույցերի վերաբերյալ՝ հարկ է նշել, որ այդ օրերին հնչեցին տարբեր մեկնաբանություններ և վերլուծություններ՝  տարբեր մարդկանց կողմից։

Analitik.am-ն այս զարգացումների վերաբերյալ զրուցել է  քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

Այն հարցին թե ի՞նչն օգնեց շարժման առաջնորդներին հասնել հաջողության, քաղաքագետ Ս.Սարոյանն ասաց, որ ընտրված էր պայքարի շատ ճիշտ մեթոդաբանություն։ Բացի այդ, ըստ Սարոյանի, դեր խաղաց Նիկոլ Փաշինյանի կամային վարքը և վճռականությունը. «Սակայն, թավշյա հեղափոխությունը դեռևս չի ավարտվել, քանի որ հեղափոխությունն իր նպատակներին երբ հասնում է, միայն այդ ժամանակ հեղափոխական ամբողջ գործընթացը կարելի է համարել ավարտված»,-ասաց քաղաքագետը։

Ակնհայտ է, որ փողոցային պայքարի և դրան հաջորդած մի քանի օրերի ընթացքում կար որոշակի բարձր տրամադրություն հանրության շրջանում։ Բայց դա, բնականաբար, երկար չէր կարող տևել: Այսպիսով, հարց է առաջանում, թե ի՞նչ պետք է անեն նոր իշխանություններն իրենց նկատմամբ վստահությունն արդարացնելու համար և որո՞նք են այն կարևորագույն խնդիրները, որոնց պետք է լուծում տրվի։

Ս.Սարոյանի խոսքով, սա ժամանակավոր կառավարություն է և նախևառաջ ժամանակավոր կառավարության առջև դրված խնդիրները պետք է լուծվեն։ Ըստ քաղաքագետի՝ առաջին հերթին պետք է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն, որպեսզի քաղաքական ուժերը հավասար պայմաններում ու անկաշկանդ կարողանան մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հաջորդը՝ պետք է կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարվի, որպեսզի նույն այդ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը համապատասխանեն օրենքի պահանջներին և երրորդ՝ բիզնեսի ու կառավարման համակարգի տարանջատում պետք է լինի՝ այսինքն բիզնեսի ներկայացուցչիներն այլևս կառավարության, գործադիր իշխանության և ընդհանրապես իշխանության որևէ ճյուղի վրա որևէ ազդեցություն չունենան, որպեսզի տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ. «Սրանք են ժամանակավոր կառավարության լուծելիք խնդիրները, և կառավարությունն այս օրակարգով է ստիպված  շարժվել»,-հավելեց Ս․ Սարոյանը։

Հարկ է նշել, որ նորընտիր վարչապետի կարևորագույն քայլերից մեկը պետք է լիներ կադրային քաղաքականությունը: Եվ այն հարցին, թե ի՞նչ կարող է ասել այդ մասով, եթե հաշվի առնենք այն, որ որոշ շրջանակներ քննադատում են կոնկրետ նախարարների երիտասարդ և անփորձ լինելը, քաղաքագետն ասաց. «Ո՞վ կարող է ասել, որ երիտասարդ չեն և ո՞վ կարող է ասել, որ բացի մի քանի հոգուց մյուսներն անփորձ չեն։ Իհարկե, երիտասարդ են և անփորձ են, բայց դա դեռևս չափանիշ չէ կառավարության գործունեությունը գնահատելու համար։ Հիմնական չափանիշն արդյունքն է, որը պետք է արձանագրվի ամենօրյա որոշումների կայացման ընթացքում»,-ընդգծեց Ս.Սարոյանը։

Նաև ավելացրեց, որ շատ հարցերի լուծման առումով նորանշանակ նախարարները կարող են դժվարությունների հանդիպել և դրանք թերի լուծել, սակայն պետք է նկատել նաև այն, որ այնպիսի կոռուպցիոն երևույթները, որոնք տասնամյակներ շարունակ պետությունը կապանքների մեջ էին պահում, նորանշանակ առանձին նախարարների կողմից այսօր շատ հաջող արմատախիլ են արվում։

Ակնհայտ է նաև այն, որ փոփոխություններն ինչպիսին էլ որ լինեն, միանգամից չեն լինելու՝ այսինքն ժամանակ է պետք արված քայլերի արդյունքը տեսնելու համար և արդյո՞ք մեր հասարակությունն այդքան համբերություն ունի՞ հարցին, քաղաքագետը պատասխանեց. «Ժողովրդի պահանջները շատ են, բնական է այդ ամենը, սակայն դժգոհության կամ բողոքի ինչ ալիքներ էլ  լինեն, դրան շատ նորմալ պետք է վերաբերվել։ Քանզի հենց դրանք են ստիպելու, որ ժողովրդի ձայնը լսելի մնա, և նոր կառավարությունը փորձի այդ խնդիրներին լուծում տալ»։

Ըստ Ս.Սարոյանի,  այս պահին Նիկոլ Փաշինյանի հանդեպ կա շատ մեծ վստահություն, իսկ թե վաղը կամ մյուս օրն ինչպիսի պատկեր կունենանք, կախված կլինի ներկայիս կառավարության գործունեությունից. «Եթե կարողանան չշեղվել ներկայացրածս օրակարգից, և վերափոխումների բնականոն ընթացքն ապահովել, ուրեմն շատ ավելի լավ և այս դեպքում ժողովրդի շնչառությունը նրանց ականջի տակ շատ դրական ազդեցություն է ունենելու։ Դրանից պետք չի վախենալ, այնպես որ, ամեն ինչ շատ բնական ձևով շարունակվելու է, և մենք միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կկարողանանք խոսել Հայաստանում քաղաքական նոր իրավիճակի մասին։ Առայժմ գտնվում ենք անցումային փուլում»,- իր խոսքը եզրափակեց Ս.Սարոյանը։

Յանա Մարտիրոսյան

  • 29
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 5
  •  
  •  
  •  
    34
    Shares

Related Articles