Բարի օր Հասարակություն 

Ինչպե՞ս են վերաբերվում ուսուցիչները ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնություններին

analitik.am

Analitik.am-ը հարցում է անցկացրել Երևանի դպրոցներում դասավանդող ուսուցիչների շարքերում՝ պարզելու համար, թե ի՞նչ կարծիք ունեն ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից «Վերջին զանգ»-ի և ներկայումս իրականացվող միջոցառումների մասով դրամահավաքների վերաբերյալ արված հայտարարության մասին:

Դրամահավաքի հետ կապված ուսուցիչներից մեկն ասաց, որ այդ խոսակցություններից տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ-ում միակ կոմբինացված օղակը դպրոցն է, և ամբողջ բյուջեն, որ կերել են, դպրոցներն են մեղավոր. «Եթե դրամահավաքն ուսուցչին ծաղիկ նվիրելու համար է, ուրեմն նորմալ է»,-ասաց նա։

Նրանցից մեկն էլ ավելացրեց, որ որոշ  երիտասարդ ու տգետ տնօրեններ գուցե վճարել են պաշտոն ունենալու համար, բայց  այդ հարցով զբաղվողները պետք է պարզեն, թե ում են վճարել և վճարել են, թե ոչ և դա բարձրաձայնեն. «Ոչ թե իմ նման ուսուցչին խառնեն անբարոյականների հետ ու դարձնեն հեռուստատեսության քննարկման նյութ»,-վրդովված ասաց ուսուցիչներից մեկը։

Նրանցից մեկի խոսքով, պետք է գնալ կադաստր, ոստիկանություն, դատարան, հիվանդանոցներ. «Միլիարդները թողած ընկել են 10 000 դրամի հետևից, որից միայն 1000 դրամը կծախսվի ուսուցչին ծաղկեփունջ նվիրելու վրա, մնացածն ինչ ուզում անում են, անունն էլ դնում են «դպրոցում դրամահավաք է»։

Հարցմանը մասնակցող մեկ այլ ուսուցիչ ասաց, որ պետք է անվանական հրապարակվի այդ մարդկանց անունները. «Կամ թող հրապարակեն կաշառք վերցրած մարդկանց անունները, որ ես ինձ վիրավորված չզգամ կամ առհասարակ թող չհրապարակվի, որ անկիրթ ու տգետ մարդիկ իրենց իրավունք չվերապահեն 2 ինստիտուտ ավարտած, յուրաքանչյուր 5 տարին մեկ վերապատրաստված և տարեկան 300 աշակերտի հետ աշխատող ուսուցչին որակել, հատկապես այն դեպքում, երբ իրենց միակ կամ մաքսիմում 3 երեխաներին ի վիճակի չեն դաստիարակելու գոնե այն կարգի, որ թեկուզ հենց իրենց լսեն և ենթարկվեն»։

Մեկ ուրիշ ուսուցիչ էլ ասաց, որ պետք է նախ տարանջատել դրամահավաքությունը և կաշառքը, որովհետև այսպես, թե այնպես դպրոցը դրամահավաք պիտի իրականացնի, որովհետև դասագրքերի համար վարձավճարներ հավաքում են և դա հենց դրամավաք է.« Այս դեպքում շեշտը չի դրվում դրամահավաքության վրա, շեշտը դրվում է կաշառքի վրա՝ այսինքն քննության ժամանակ բարձր միավոր ստանալու համար, քննության թեստերը լրացնելու համար, երեխայի դպրոց չհաճախելու համար գումար տալն արդեն իսկ կաշառք է, իսկ, օրինակ, այն էքսկուրսիաների ժամանակ, երբ երեխաների հետ գնում ենք թանգարաններ, թատրոններ, դրանց մուտքի վճարի համար ծնողը պետք է վճարի չէ՞, ոչ թե ես»։

Պարզեցինք նաև շրջանավարտների «վինետկայի» հետ կապված հարցը, թե արդյո՞ք վտանգ կա, որ ավարտական դասարանների աշակերտները կարող են զրկվել դրանից։ Ուսուցիչներից մեկն ասաց, որ եթե դասարանում կա 27-30 աշակերտ, դրանցից առավելագույնը 10 աշակերտի ծնող հաստատ կլինեն կրթված մարդիկ ու կտարբերեն իրենց երեխաների «վինետկայի» և դպրոցի անվան տակ հավաքված գումարները։

Մեկ այլ ուսուցիչ էլ ասաց, որ լինում են դեպքեր երբ ծնողը հրաժարվում է «վինետկայից». «Եղել է դեպք, երբ ես իմ օրինակը տվել եմ այն երեխային, ում ծնողը հրաժարվել է՝ գումար չունենալու պատճառով. այդպիսի դեպքեր տարիներ շարունակ  մենք ունեցել ենք, երբ մենք ինքներս են վճարել երեխայի փոխարեն, որպեսզի այդ երեխաները չնեղվեն, նույնիսկ այդ երեխաների ծնողները չեն իմացել այդ մասին»,-ասաց ուսուցչուհին՝ շեշտելով նաև, որ կոնկրետ իրենց դպրոցում ոչ մի կոպեկ չեն հավաքել.«Վերջին զանգի կապակցությամբ նույնիսկ մի ծաղկեփունջ չի մտել մեր դպրոց»,-ասաց նա։

Ուսուցիչներից ասացին նաև, որ դա միշտ էլ եղել է և չի կարող համարվել դրամահավաքություն. «Դա ընդամենը լավագույն հիշողություն է աշակերտների դպրոցական տարիների մասին»։

Նաև ավելացրեց, որ դա աշակերտի ընտրությունն է՝ ունենալ,  թե ոչ, որ դա պարտադրողական բնույթ չի կրում։ Իսկ «Վերջին զանգի»-ի համար զարդարվող դահլիճը կամ կազմակերպչական աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի է անել առանց որևէ դրամահավաքության. «Ես գիտեմ նաև, որ ավարտական սցենարներ գրելու համար պատվիրում են և վճարում դրա համար, ինչը նույնպես ճիշտ չեմ համարում»,- հավելեց ուսուցչուհին։

Նրա խոսքով, վերջին դասին ասված խոսքը պետք է լինի սրտի խոսք՝ հնչող աշակերտի կողմից (թեկուզ պարզունակ)։

Հարցման ընթացքում պարզեցինք նաև ԿԳ նախարարի կողմից 12 ամյա կրթությունը վերանայելու վերաբերյալ ուսուցիչների կարծիքը։

Ըստ ուսուցիչների, 11- ամյա ուսուցումն ամենաճիշտն էր, քանի որ 12-րդ դասարանը նման է ժամավաճառության, որի հետևանքով տուժում է թե բյուջեն, թե աշակերտը, որը դպրոցի վերջին քննությունից 1 շաբաթ հետո դառնում է զինակոչիկ։

«Մինչև երեխաներին հասցնում ես 9-րդ դասարան, այդ տարիքում շատ դժվարությամբ ընկերացնում իրար հետ, հիմք դնում,  ուզում ես պտուղները քաղես, երեխան արդեն գնում է ուրիշ դպրոց։ Եվրոպական այլ երկրներում դեռահաս տարիքի երեխան միգուցե պատրաստ է փոխելու շրջապատ և այլն, սակայն, մեր հայ հասարակությունը պատրաստ չի դրան, դա մերը չի։ Հազարից մի երեխայի վրա  դա կարող է դրական անդրադառնալ, որ լավ կոլեկտիվում չեն լինում, տարբեր խնդիրներ են ունենում։ Ճիշտ է, որ երեխան գա մի դպրոց և ավարտի նույն դպրոցը։ Այս հարցի վերաբերյալ մի բան կուզեմ ասել նաև՝  ո՞վ իրավունք տվեց իրենց, որ ինձ կիսամասնագետ դարձնեն, որակել են մեզ հիմնական դպրոցի ուսուցիչ, երբ ես, լինելով երկու բարձրագույն կրթության տեր, լինեմ հիմնական դպրոցի ուսուցիչ, իսկ նրանք՝ ավագ դպրոցի ուսուցիչ, ինչո՞վ են ինձանից ավել կամ պակաս»,- ասաց ուսուցիչներից մեկը։

Եվս մեկ ուսուցիչ դրական արձագանքեց 12 ամյա կրթությունը վերանայելուն՝ նշելով, որ ավագ դպրոցներն այդպես էլ չկայացան և չարդարացրեցին իրենց սպասումները։

Խոսեցինք նաև կրթական համակարգում առկա խնդիրների և դրանց վերաբերյալ առաջարկվող լուծումների մասին։

Ուսուցիչների խոսքով, կրթական համակարգում կան շատ հարցեր, որոնք շուտափույթ լուծում են պահանջում՝ սկսած համակարգչային տեխնիկայից, որոշ առարկաների լրացուցիչ գրականությունից, որոնք կան միայն վաճառքում, վերջացրած նրանից, որ ուսուցիչն ամենախոցելի ու չպաշտպանված օղակն է այս համակարգում։

Առաջնայիններից մեկը նշեցին դասագրքերի հետ կապված խնդիրը․«Իհարկե դասապրոցեսի ընթացքում մենք ներառում ենք հավելյալ գրականություն՝ այսինքն, եթե տեսնում ենք դասագիրքը չի բավարարում, կողքից անպայման օգտագործում ենք այլ դասագրքեր։ Օրինակ՝ մեր մաթեմատիկայի դասագիրքը մի փոքր ավելի լավն է, բայց մենք դրան հասանք 15 տարիների ընթացքում, սակայն կան դասագրքեր,առարկաներ, որ նորմալ չեն կազմված, բոլորն էլ բողոքում են»։

Ուսուցչուհու կարծիքով, կոնկրետ մաթեմատիկա առարկայի մեջ ամեն ինչ շատ են խտացրել և այնպիսի թեմաներ են մտցրել, որ բոլորովին պետք չի երեխաներին․«Անիմաստ ծանրաբեռնում ենք երեխաներին, դա արդեն կարող է լինել ավագ դպրոցներում»,-ասաց նա։

Քննարկվող խնդիրներից մեկն էլ կապված էր դասարանում 36-37 աշակերտի հետ․«Առաջին դասարանում 36 աշակերտ կարո՞ղ է տառ սովորել, բա մեղք չի այդ ուսուցիչը»,- ասաց ուսուցչուհին։

Ուսուցիչները նշեցին նաև այն մասին,  որ ուսուցիչն ավելի շատ ժամեր է վերցնում մի քիչ ավել վարձրատրվելու համար և օրական 4 ժամից ավել դասավանդելն արդեն խնդիր է դառնում՝ այսինքն դրույքաչափը պետք է իջեցնեն․«Չեմ կարող ասել, որ ուսուցչի աշխատավարձը բարձրացնեն՝ ավելի լավ կաշխատի, այդպիսի բան չկա, իհարկե ցանկալի է, որ բարձրացնեն, բայց ուսուցիչ լինելն ի ծնե է՝ այսինքն անկախ նրանից՝ նա կստանա 10 000 դրամ թե 20 000 դրամ, միևնույն է, աշխատելու է այնպես, ինչպես աշխատում է»,-ասաց ուսուցիչներից մեկը։

Այսպիսով՝ պարզ դարձավ, որ ուսուցիչներից շատերի համար առաջնային խնդիրներից մեկը հենց աշակերտների քանակն է:

Նաև հավելեցին, որ շտապ անհրաժեշտություն կա վերանայել պետական չափորոշիչների, ծրագրերի և դասագրքերի անհամապատասխանությունները՝ առաջարկելով դասագրքերի կազմմանը հնարավորություն տալ մասնակցել ուսուցիչներին, քանի որ միայն ուսուցիչը կարող է հասկանալ տվյալ տարիքային խմբի երեխաների ունակություններն ու հնարավորությունները։ Պետք չէ միայն հիմնվել ուսուցչի արհեստավարժության, հմտությունների և կարողությունների վրա և ուսուցչի համար ստեղծել լրացուցիչ խնդիրներ՝ դասապրոցեսը բարդացնելով․«Դասարանից դուրս, տանը լինելով, աշակերտն իր դասագրքի հետ միայնակ է, և անհրաժեշտ է, որ նա սիրի դասագիրքը, ոչ թե դեն նետի՝ ասելով՝ չեմ հասկանում կամ չեմ կարողանում մտապահել»,-իր խոսքում շեշտեց ուսուցիչներից մեկը։

Առաջարկեցին նաև իջեցնել դրույքաչափը, քանի որ օրական 5-6 ժամ աշխատող ուսուցիչը չի կարող լինել ստեղծագործ և անթերի․«Լինելով կենսաբան՝ դասավանդում եմ 12 դասարաններում, որտեղ սովորում են 30-ից ոչ պակաս աշակերտներ և այս վերջին շաբաթվա ընթացքում բոլոր դասարաններում տրվել են կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքներ, որոնք անհրաժեշտ է ստուգել, անցկացնել դասամատյաններ, էլեկտրոնային մատյաններ, ապա կատարել կիսամյակային արդյունքների հաշվարկ, միաժամանակ դաս պարապել, զբաղվել դասղեկական դասարանների խնդիրներով, լրացնել դասղեկական աշխատանքների համար նախատեսված պլանները, գրել տարվա կատարած աշխատանքների հաշվետվություն և նաև գնալ ԿԱԻ վերապատրաստման դասընթացների, որոնց ժամանակ մեզ աշակերտների նման տրվում են բավականին ժամանակատար հանձնարարություններ և դեռ պիտի պատրաստվենք վերջնական ավարտաճառի»։

Նույն ուսուցչուհին ասաց նաև, որ բնագիտական առարկաններից տրվող քննության համար 38 աշակերտներ ընտրել են միայն կենսաբանություն առարկան․«Ես պետք է դեռ հասցնեմ նրանց հետ աշխատել, ինքներդ դատեք աշխատանքի ծավալն ու ծանրաբեռնվածության աստիճանը»։

Հարցման մեկ այլ մասնակից էլ ասաց, որ պատրաստ է համագործակցել ներկայիս կառավարության հետ՝ շտկելու նմանատիպ բոլոր թերությունները․«Իհարկե անհարմար եմ համարում խոսել նաև մեզ տրվող չնչին աղքատավարձի, կներեք, աշխատավարձերի մասին, որը կուզենայի տալ օլիգարխներից մեկին և նայել, թե ինչպես է գոյատևում նա ընդամենը 1 ամիս»,- իր խոսքը եզրափակեց ուսուցչուհին։

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից