Բարի օր Հասարակություն Հարցազրույց Սպորտ 

Ակնկալում եմ, որ նոր իշխանությունն ինձ հնարավորություն կտա օգնել Հայաստանին. Էրիկ Բազինյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է WBO վարկածով երիտասարդ աշխարհի չեմպիոն (19-0, 14 նոկաուտ), պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը։

Ո՞ր տարիքից եք սկսել զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով և ի՞նչ ակնկալիքներ ունեիք այս սպորտաձևն ընտրելուց։

Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 13 տարեկանից` Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցում։ Սկզբում մարզվել եմ զուտ սիրողական մակարդակի և չեմ մտածել, որ կդառնամ բռնցքամարտիկ և կունենամ այսքան մեծ հաջողություններ։ Իսկ արդեն 18 տարեկանից սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով։ Կարելի է ասել, որ հենց սկզբից այս սպորտաձևում ունեի մեծ տաղանդ և հենց այդ ժամանակ իմ մարզիչը՝ Արմեն Հովհաննիսյանն առաջարկեց մասնակցել մրցաշարի։ Ես համաձայնվեցի և արդեն 4 ամիս հետո ունեցա առաջին մենամարտը։ Իհարկե, առաջին մենամարտում պարտություն կրեցի, սակայն դա ինձ չհուսահատեցրեց, ես շարունակեցի մարզվել և ավելացնեմ, որ հետագա բոլոր մենամարտերում չեմ ունեցել ոչ մի պարտություն։

Մենք գիտենք, որ դուք դարձել եք Կանադայի չեմպիոն և 2 անգամ ճանաչվել Կանադայի «Ոսկե Ձեռնոց» մրցաշարի հաղթող։ Պատմեք այդ հաղթանակներին հասնելու ճանապարհին առաջացած դժվարությունների մասին։

Հայաստանում 3 տարի բռնցքամարտով զբաղվելուց հետո մենք ընտանիքով տեղափոխվեցինք Կանադա, ես այդ ժամանակ 16 տարեկան էի։ Տեղափոխվելուց 2-3 ամիս հետո մասնակցեցի Կանադայի «Ոսկե Ձեռնոց» մրցաշարին և հաղթեցի։ Այդ ժամանակ Կանադայում դեռ ոչ մեկ ինձ չէր ճանաչում։ Դրանից հետո ընդգրկվեցի Կանադայի բռնցքամարտի հավաքական թիմ, ներկայացրեցի Կանադան տարբեր երկրներում, տարբեր միջազգային մրցաշարերում և հաղթեցի։ Այնուհետև, 1 տարի անց դարձա Կանադայի չեմպիոն, իսկ հետո, մասնակցելով տարբեր մրցաշարերի, հաղթանակները եղան շարունակական։ Իսկ դժվարությունների մասով կարող եմ ասել, որ 18 տարեկանում մենամարտում էի ավելի հասուն` 30-35 տարեկան բռնցքամարտիկների հետ։ Սովորաբար պրոֆեսիոնալ բռնցքամարտով սկսում են զբաղվել 22-23 տարեկանում, բայց ես դեռ շատ երիտասարդ էի և դժվար էր մենամարտել ինձանից տարիքով մեծ բռնցքամարտիկների հետ։ Մենամարտերի ժամանակ դժվարություններից մեկն էլ այն էր, որ չկային պաշտպանիչ գլխարկներ, ձեռնոցներն էլ շատ փոքր չափի էին։ Այնուամենայնիվ,  իմ տեխնիկական պատրաստվածությունն օգնեց, որպեսզի հաղթեմ բոլորին և շարժվեմ առաջ։

Նշեցիք, որ 2011թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել եք Կանադա։ Ի՞նչը ստիպեց հեռանալ Հայաստանից։

Պատճառն այն էր, որ ծնողներս Հայաստանում ապագա չէին տեսնում։ Նախևառաջ՝ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտ չկա և հետո չեն վարձատրում։ Եվ ես չեմ կարծում, որ մնալով Հայաստանում կշարունակեի զբաղվել բռնցքամարտով և հաջողությունների հասնել։ Բացի դա, վերջերս ընտանիք եմ կազմել և չեմ կարող ասել, որ այդտեղ մնալով կարող էի ընտանիքս պահել։

Դուք հանդես եք գալիս Հայաստանի դրոշի ներքո, ինչո՞վ է դա պայմանավորված:

Պետք է ասեմ, որ կարող էի հանդես գալ Կանադայի դրոշով և այդ դեպքում ավելի շատ երկրպագուներ կունենայի  և ավելի մեծ հաջողությունների կհասնեի։ Բացի դա, այստեղ շատ լավ կդիտվեր այն, որ իրենց դրոշի տակ հանդես գայի, բայց ես դա չեմ անում, որովհետև ես հայ եմ ու հպարտ եմ դրանով։ Այստեղ՝ Կանադայում, կա մեծ հայկական համայնք, նրանք բոլորը գալիս են և ներկա են գտնվում իմ մենամարտերին, իսկ ես իմ հերթին օգնում են նրանց։ Բացի կանադահայերը, իմ մենամարտերին գալիս են նաև մեծ թվով կանադացիներ, որովհետև տեսնում են, թե այստեղի հայությունն ինչպիսի դրական արձագանք է ցույց տալիս և ոնց են բոլորը հայկական դրոշներով գալիս և աջակցում ինձ։

Այնուամենայնիվ,  հեռու լինելով՝ կապ պահո՞ւմ եք Հայաստանի հետ։

Ես մինչև հիմա կապ պահում եմ Հայաստանում գտնվող իմ մարզիչների, ընկերների և այն մարդկանց  հետ, ում հետ մարզվել եմ։ Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոցի հետ կապված պարբերաբար ուղարկում եմ օգնություն՝ բռնցքամարտի համար նախատեսված պաշտպանական հագուստ, գլխարկներ, ձեռնոցներ։ Մոտ երկու տարի այստեղից օգնել եմ դպրոցին ինչով կարողացել եմ։ Սակայն, ցանկությունս մեծ է անձամբ գալ և ավելի մեծ օգնություն ցույց տալ այդ և մնացած այլ դպրոցներին։

Իսկ ո՞րն է հայրենիք չվերադառնալու հիմնական պատճառը։

Հիմնական պատճառը բանակն է, որովհետև հիմա ես չեմ կարող գալ Հայաստան, քանի որ ներկայումս գտնվում եմ հետախուզման մեջ։ Ուզում եմ անպայման նշել, որ ես այն մարդկանցից չեմ, ովքեր խուսափում են բանակում ծառայելուց, որովհետև ծառայության մեջ գտնվող տղաներն են ապահովում  ինձ հարազատ մարդկանց խաղաղ ու անհոգ կյանքը Հայաստանում, պարզապես ստացվեց այնպես, որ իմ կյանքը դասավորվեց հայրենիքից դուրս։ Այստեղ՝ Կանադայում,  ես մեծ հաջողությունների եմ հասել և դեռ պետք է շատ բաների հասնեմ, որպեսզի արդեն Հայաստանում մեծացնեմ ներդրումների չափն ու ավելի շատ օգուտ տամ իմ հայրենիքին, իսկ բանակում ծառայություն անցկացնելու դեպքում ես չեմ կարողանա օգուտ տալ թե՛ ինձ, թե՛ ընտանիքիս։ Եվ քանի որ վերջերս ամուսնացել եմ, ունեմ իմ ընտանիքը, պատրաստվում եմ երեխա ունենալ, վերադառնալու դեպքում չեմ պատկերացնում՝ ինչպես եմ թողնելու ընտանիքս՝ կնոջս, երեխաներիս  և գնալու ծառայության։ Ուզում եմ ասել, որ շատ եմ կարոտում հայրենիքս, արդեն 7 տարի է չեմ եղել Հայաստանում, և եթե այս հարցը լուծելի դառնա, հաճախ կգամ և իմ կողմից մեծ օգնություն ցույց կտամ։

Ի՞նչ նպատակներ ունեք Հայաստանի հետ կապված, եթե կարողանաք վերադառնալ։

Նախ,  ինչպես նշեցի, ուզում եմ գալ կարոտս առնել իմ հայրենիքից և հետո ուզում եմ Հայաստանում ամենակարևոր հարցերից մեկը լուծել՝ օգնել բռնցքամարտի դպրոցին, քանի որ իմ կարիերան և մեծ հաջողությունների սկիզբը դրվել է հենց Հայաստանում։ Պլանավորում եմ վերանորոգել դպրոցը, որովհետև հիմա դպրոցը գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Կարծում եմ՝ բարեկարգ բռնցքամարտի դպրոցը Հայաստանում կօգնի ավելի լավ մարզվել և հասնել մեծ հաջողությունների։ Բացի վերանորոգումը, ես կարող եմ դպրոցին ապահովել բոլոր այն պարագաներով, որը կօգնի անցկացնել ավելի պրոֆեսիոնալ մարզումներ և մրցաշարերի ժամանակ ցույց տալ ավելի բարձր ցուցանիշ։

Ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստանի նոր իշխանությունից։

Նախ շատ ուրախ եմ, որ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, ճիշտն ասած, չէի սպասում, բայց տեսնելով այդ ամենը,  շատ ուրախացա։ Կարծում եմ՝ նորանշանակ նախարարների կազմը կկարողանա կանխել կոռուպցիայի բարձր մակարդակը Հայաստանում և մնացած այլ վատ երևույթները, որից երկար տարիներ փորձում էր ազատվել ամբողջ հայ ազգը։ Իսկ ակնկալիքներս նոր իշխանություններից այն է, որ նրանք կհասկանան,  թե ինչ իրավիճակում եմ գտնվում ես հիմա, կգնահատեն իմ հաջողություններն այս սպորտաձևում և կկարողանան ճիշտ որոշում կայացնել, քանի որ արդեն հիմա իմ բանակում ծառայելը թույլ չի տա իրականացնել բոլոր այն նպատակները, որոնք ես դրել եմ իմ առջև հայրենիքիս հետ կապված։ Հայաստանում շատերն են ինձ ճանաչում և վստահ կարող եմ ասել, որ բոլորն ինձ աջակցում են այս հարցում։ Իմ կոչն է, որպեսզի նոր իշխանությունները թույլ տան, որպեսզի ես կարողանամ այս սպորտաձևում ավելի մեծ ձեռքբերումներ և հաջողություններ ունենալ։ Կցանկանամ, որպեսզի նոր իշխանությունները հնարավորություն տան, որ ես՝ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ով հասել է բազում հաջողությունների, կարողանամ օգնել երկրիս անունը բարձր պահել թե՛ Հայաստանում, թե՛  Հայաստանից դուրս։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից