Գլխավոր Վերլուծական Տնտեսություն 

Ի՞նչ կապ ունի ՀՀԿ-ական օլիգարխը Ջերմուկի բողոքի ակցիայի հետ. Ո՞ւմ է խանգարում Ամուլսարի հանքի շահագործումը

analitik.am

Արդեն 2 օր է, ինչ  փակվում են  դեպի Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները: Ճանապարհները փակում են՝ պահանջելով շինարարական աշխատանքների դադարեցում: Ամուլսարի հանքի հետ կապված սա առաջին դեպքը չէ, երբ սկսում են, այսպես ասած, բողոքի ակցիաներ կազմակերպել: Նախ բողոքի ալիք, ինչքան էլ զարմանալի լինի, բայց Բաքվում  բարձրացավ: Ադրբեջանում խիստ մտահոգ էին, բնական է,  ոչ թե Հայաստանի բնությամբ, այլ նրանով, որ ամերիկյան և կանադական խոշոր ներդրումներ են եկել Հայաստան, որոնք հաջողության հասնելու դեպքում կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վարկանիշի վրա՝ ներգրավելով նոր և այլ ոլորտներում ներդրումներ: Ի վերջո, Ամուլսարի հանքն այն եզակի ներդրումային ծրագրերից է, որն աշխատում է բացառապես բիզնես կանոններով և որևէ կապ չունի  ոչ ռուսական, ոչ էլ տեղի օլիգարխիայի հետ: Սա իր հերթին նշանակում է, որ եթե ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցվի, ապա «Լիդիան Արմենիա» ընկեության բաժնետեր միջազգային բարձր վարկանիշ ունեցող ներդրողները ոչ միայն Հայաստանի՝ որպես ներդրումային առումով վստահելի երկիր վարկանիշը կբարձրացնեն, այլ նաև կարող են միջազգային տարբեր ներդրողների համար Հայաստանը դարձնել գրավիչ երկիր՝ ներկայացնելով իրենց դրական փորձը: Իհարկե, այս ամենը զրոյի արժեք կունենար, եթե իրոք լինեին բնապահպանական ռիսկեր: Այս հարցին մենք մի անգամ չէ, որ անդրադարձել ենք՝ մանրամասն ներկայացնելով այն բոլոր քայլերը, որն արվել է Ամուլսարի հանքի շահագործումը բնապահպանական տեսանկյունից անվտանգ դարձնելու համար: Ժամանակին, երբ որոշ բնապահպաններ անդրադառնում էին այս հարցին և ստանում սպառիչ ու մասնագիտական պատասխաններ, խուսափեցին մասնակցել «Լիդիան Արմենիա» ընկերության հրավիրած քննարկումներին, որտեղ հնարավորություն կլիներ հնչեցնել իրենց մտահոգությունները: Հիմնական հարցը, որ բարձրացվում էր թթվային ապարների դրենաժի բացասական ազդեցությունն էր: Այս մասին խոսել է Global Resource Engineering ընկերության փորձագետ, կանադական օրենսդրության համապատասխան որակավորված մասնագետ (QP) Լարրի Բրեքենրիջը՝ ասելով, որ  ժամանակակից տեխնոլոգիաները շատ արդյունավետ կարողանում են թթվային դրենաժը կանխարգելել և կառավարել: Նշել է նաև, որ «Լիդիան» ընկերությունն ընտրել է հենց այս մոտեցումը՝ օգտվել նոր գիտական մեթոդներից և ժամանակակից տեխնոլոգիաներից:

Հանքարդյունաբերության ոլորտն առհասարակ բավականին վիճարկելի է, և երկիրն ինքն է որոշում՝ ցանկանում է շահագործել հանքերը, թե ոչ: Ներդրողներին ընտրելիս էլ առաջնորդվում է նաև նրանով, թե ինչ տեխնոլոգիաներով են պատրաստվում շահագործել հանքը: Այս առումով բավականին տարօրինակ է մեղադրել «Լիդիան Արմենիա» ընկերությանը, քանի որ մի փոքր ուսումնասիրելու դեպքում էլ պարզ կդառնա, որ կիրառվում են գերժամանակակից տեխնոլոգիաներ՝ պահպանելով բնապահպանական բոլոր նորմերը, ի դեպ, նման մոտեցում Հայաստանում շահագործվող այլ հանքերում չկա: Այստեղից էլ առաջանում է հաջորդ հարցը՝ ի՞նչն է պատճառը, որ բողոքները մշտապես Ամուլսարի հանքին են վերաբերում, այլ ոչ թե այլ հանքերին, որոնց շահագործման արդյունքում հասցված  վնասներն իրոք անդառնալի են:

Սկսենք նրանից, որ ի սկզբանե Ամուլսարն, ինչպես նշվեց, մտահոգել է Ադրբեջանին, ապա Ռուսաստանին, որին նույնպես ձեռնտու չէ տեսնել Հայաստանում արտասահմանյան խոշոր կապիտալ: Սակայն, ներկայումս այն, ինչ տեղի է ունենում Ջերմուկում, կապ ունի մի նոր, այսպես կոչված, շահառուի հետ:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ներկայումս Ամուլսարի հանքի շահագործումը խիստ մտահոգում է ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին, ով բավականին մեծ ազդեցություն ունի թե Ջերմուկում, թե հարակից շրջաններում:  Ի դեպ, շատ է խոսվել այն մասին, որ մարզի մարզպետը փաստացի հենց Արսենյանն է: Վերջինիս  շահերից որևէ կերպ չի բխում Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ հանքն առաջին հերթին աշխատանք է ապահովում տարածաշրջանի բնակիչների համար՝ այն էլ բավականին բարձր աշխատավարձերով, հանքը ներդրումներ է կատարում գյուղերում՝ զարգացնելով գյուղատնտեսությունը և այլ ոլորտներ, ինչպես նաև առանց ընտրությունների ժամանակ ձայների ակնկալիքի բարեկարգում է տարածաշրջանը:

Ներկայումս Արսենյանի համար բավականին դրական պայմաններ են ստեղծվել իր քաղաքական կապիտալն ավելացնելու համար, քանի որ նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը վերջինիս մտերիմներից է,  ինչը նշանակում է, որ պետք է մինչև ԱԺ ընտրությունները տարածաշրջանում դիրքերը հնարավորինս  ամրապնդել: Հաշվի առնելով այն փաստը, որ Ամուլսարի հանքի շահագործման շրջանակներում արվող մի շարք ներդրումային ծրագրերի շնորհիվ  բարելավվում է տեղի բնակչության սոցիալական վիճակը՝ շատ ավելի բարդ է դառնում քաղաքական ազդեցության պահպանումը և տարածումը: Այս առումով անհնար է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ պայմանավորվել, քանի որ վերջինս չունի որևէ քաղաքական հետաքրքրություն, ուստի զարմանալի չէ, որ Աշոտ Արսենյանը կարող է ագրեսիվ պայքարի մեջ մտնել և փաստացի ամեն ինչ անել, որպեսզի հանքի շահագործման ծրագիրը չիրագործվի՝ իր քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում պահելու և ավելացնելու  համար: Չէ՞ որ, եթե այսօր Ամուլսարի հանքն արդեն իսկ ապահովում է մոտ 1500 աշխատատեղ՝ այն էլ շատ բարձր վարձատրությամբ,   ինչպես նաև ֆինանսավորում է մի շարք զարգացման ծրագրեր, ապա ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե սկսի շահագործվել, իսկ դա տեղի է ունենալու 2018-ի սեպտեմբերին: Արդյունքում կստացվի մի վիճակ, երբ Աշոտ Արսենյանն ընտրությունների ժամանակ այլևս իր ընտրատարածքում չի ունենա այն ազդեցությունը, ինչ ունեցել է միշտ:  Իհարկե, բավականին ռիսկային է Հայաստանի համար ներկայիս պայմաններում շահարկել գրեթե ամենախոշոր ներդրումային ծրագրի հարցը, այն էլ անձնական քաղաքական նպատակների համար, բայց օլիգարխիկ մտածելակերպը մի ամսում չի կարող փոխվել:

Ի դեպ, Ամուլսարի բնապահպանական մոտեցումներին կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք, ով ունի ցանկություն կարդալու և հասկանալու, ինչպես նաև փաստերին ծանոթանալու, այլ ոչ թե սադրելու: Ի վերջո, բացարձակ բնապահպանության հետ կապ չունեցող սադրանքների արդյունքում կարող ենք ունենալ մի վիճակ, երբ կկորցնենք իրականում տնտեսական առումով բացարձակ ձեռնտու  և բնապահպանական տեսանկյունից մինիմալ ռիսկերով ներդրողներ, որոնց փոխարեն կունենանք այն հանքեր շահագործողներին, որոնց միշտ ենք ունեցել՝ իրենց բոլոր թերություններով ու իրական բնապահպանական ռիսկերով հանդերձ: Սրանք փաստեր են, որոնց հետ չենք կարող հաշվի չնստել, եթե ոչ, ապա մենք ուղղակի պոպուլիզմով ենք զբաղված նույն այն երիտասարդի նման, ով համակարգչի վրա նկարներ էր ցույց տալիս և վախեցնող ձայնով ասում, որ որոշ ժամանակ անց բնությունն Ամուլսարում և հարակից շրջաններում փչանալու է՝ առանց որևէ հիմնավորում  կամ փաստ ներկայացնելու: Սա ուղղակի անլուրջ է:

Հ.Գ. Ինքնաբուխ  բողոքի ակցիայի մասնակիցներին հաստատ վառելիքի գումար  չեն  տրամադրում, բողոքի կազմակերպիչների մեջ էլ պատահաբար չենք տեսնում տարածաշրջանի օլիգարխ համարվող անձի բարեկամներին՝ այս դեպքում Ահարոն Արսենյանին:

Նույն շարքից