Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Ջիվան Գասպարյանի հարցազրույցն իր ծրագրերի, երաժիշտների խնդիրների և այլ հետաքրքիր հարցերի մասին

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանի թոռը` երաժիշտ, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը։

Մի փոքր պատմեք, թե ինչպե՞ս սկսվեց Ձեր երաժշտական ուղին։

6 տարեկանից հաճախել եմ դաշնամուրի և վոկալի երաժշտական դպրոց։ Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո՝ 16 տարեկանում  մեկնել եմ ԱՄՆ և այնտեղ սկսել եմ նվագել դուդուկ։ Նշեմ նաև, որ Ջիվան Գասպարյանի հետ մասնակցել եմ «Գլադիատոր» ֆիլմի սաունդտրեկի ստեղծման ամբողջ ընթացքին, այնուհետև, հավանելով երաժշտական այդ ամբողջ պրոցեսը,  հասկացա, որ մարդ կարող է նվագել, անել այն, ինչ ինքն է սիրում և գումար վաստակել։ Եվ այդպես սկսեցի շարունակել նվագել դուդուկ ու մինչ օրս գնալով ավելի դրական արդյունքներ են գրանցվում։

Հայկական դուդուկն ամբողջ աշխարհում ճանաչվել և սիրվել է Ձեր պապի` Ջիվան Գասպարյանի շնորհիվ: Լինելով հանրահռչակ դուդուկահարի թոռ՝ արդյո՞ք մեծ չէ պատասխանատվության զգացումը:

Պատասխանատվության զգացումն իհարկե մեծ է։ Ամեն անգամ թե՛ իր հետ, թե՛ առանձին էլ այդ զգացողությունը միշտ կա, որովհետև ես միշտ պետք է լիարժեք ներկայանամ թե՛ առանձին ելույթով, թե՛ մեծ համերգով։ Իմ կարծիքով, հենց հանդիսատեսն է արտիստին դարձնում արտիստ՝ այսինքն,  թե քննադատում, թե քաջալերում։

Ըստ Ձեզ,  դուդուկը համապատասխանում է առանձին նվագելու համար, թե՞ այլ գործիքների հետ պետք է  համադրել։

Շնորհիվ Ջիվան Գասպարյանի, շնորհիվ շատ ուրիշ վարպետների այսօր դուդուկն ուսումնասիրության և մշակումների այնպիսի գործիք է դարձել, այնպիսի զարգացում է ապրել, որ այժմ կարելի է նվագել այն թե՛ առանձին, թե՛ նվագախմբի հետ և նաև այլ գործիքների հետ համադրելով։ Այդ առումով ես շատ փորձեր եմ կատարում և շատ լավ է ստացվում համադրել այն տարբեր գործիքների հետ։ Փորձում եմ նաև նվագել ոչ միայն հայկական գործեր՝ կրկնելով դրանք, այլ օգտագործում եմ դուդուկի տեմբրը՝ նվագելով նոր բաներ։ Նոր բան եմ ուզում գտնել և կարելի է ասել, որ այդ ճանապարհի վրա եմ։ Չեմ ուզում անել այն, ինչն արդեն արվել է։ Ընդհանրապես դուդուկով շատ բաներ կարելի է կատարել, դուդուկի շնորհիվ շատ նոր գործեր են ծնվել, դրա համար արդեն 3000 տարի դուդուկը զարգացում է ապրում։

Իսկ ի՞նչ երաժշտական համագործակցություններ են սպասվում առաջիկայում:

ԱՄՆ-ում ռոք խումբ ունենք՝  «VIZA» անունով, որի հետ նոր ձայնասկավառ ենք բաց թողել, ունեմ երգեր «Capital Cities» աշխարհահռչակ խմբի մեներգիչ Սեբու Սիմոնյանի հետ, Մայամիում մի լավ երգիչ կա, իր հետ եմ դուետ ունեցել, որը ներկայումս մշակվում է, այս տարի նաև ԱՄՆ-ում համագործակցել եմ տարբեր երգչուհիների հետ և մի շարք այլ արտիստների հետ։ Իսկ Երևանում համերգ ունենալու հետ կապված, ճիշտն ասած, սպասում եմ, որովհետև այս տարի Ջիվան Գասպարյանի 90 ամյակն է, եթե այդ առիթով համերգ լինի, ապա ելույթ կունենանք միասին։ Ինձ թվում է՝ այս տարի այդպես հանդես կգամ։ Այնուամենայնիվ, ես կարող եմ ամեն տարի Հայաստանում հանդես գալ նոր ծրագրերով և համերգներով և ելույթ ունենալ թե՛ հայերի, թե՛ օտարազգիների համար։

Արտերկրում ելույթների ժամանակ ի՞նչ արձագանքներ եք ստանում՝ հայկական  այս երաժշտական գործիքը ներկայացնելիս։

Արտերկրում հանդիսատեսի արձագանքը միշտ էլ դրական է եղել, մանավանդ,  երբ նվագում ենք մեր հայկական մաքուր ստեղծագործությունները։ Մարդիկ ուղղակի ապշած նստում են և, աչքերը փակելով, վայելում են դուդուկի հնչյունները։ Ասեմ նաև, որ դրսում փորձել ենք տարբեր գործիքավորմամբ նվագել, բայց նրանք նախընտրում են միայն դուդուկը դամով, լսել միայն դուդուկի հնչյունները՝ առանց ուրիշ գործիքների հետ համադրելով։

Իսկ շրջագայություններից  հետո ի՞նչն է նորից  ու նորից  վերադառնալու ցանկություն առաջացնում:

Ես 20 տարի է,  ինչ ապրում եմ ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում արդեն 6 տարի է, կարելի է ասել, կես տարի այնտեղ եմ լինում, կես տարի՝ այստեղ, բայց այստեղ եղածս կես տարվա ընթացքում միշտ շրջագայությունների մեջ եմ։ Ես միշտ վերադառնում եմ Հայաստան, որովհետև այստեղ ես ինձ շատ լավ եմ զգում։ Հայաստանն իմ տունն է, իմ ծննդավայրը, այստեղից լավ տեղ չկա ինձ համար։ Իհարկե,  շատ գեղեցիկ վայրեր կան տարբեր երկրներում, որ կարելի է գնալ, տեսնել, բայց նորից վերադառնալ տուն։

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ զարգացում ունի երաժշտությունն առհասարակ մեր երկրում, քանի որ վերջին տարիներին, կարծես թե, որակյալ երաժշտություն լսողների թիվն աճել է:

Իսկ ո՞վ ասաց, որ որակյալ երաժշտություն լսողների թիվն աճել է։ Ինչը որ նվագում են, մարդիկ դա էլ լսում են։ Չպետք է թողնեն, որ մարդիկ անորակ երաժշտություն լսեն։ Իհարկե, ով ինչ ուզում է թող տանը լսի, բայց, օրինակ, ես երբեմն այնպիսի համերգներ եմ տեսնում, որ այդպիսի մակարդակով և ոճով ելույթ ունենալն ամոթ է։ Մարդիկ միացնում են ձայնագրությունն ու բեմում ելույթ են ունենում, դա ի՞նչ է, դա իրենք իրե՞նց են խաբում։ Եթե կարողանում ես երգել կամ նվագել, ուրեմն պետք է դուրս գաս կամ երգես կամ նվագես, եթե չէ՝ ուրեմն տանը նստիր։ Ինձ համար այդպիսի համերգները շատ ծիծաղելի են, կարելի է ասել, որ երաժշտության առումով անորակ վիճակ է տիրում։ Իմաստը ո՞րն է երաժիշտ լինելու, եթե պիտի հինգ ամսվա ձայնագրած երգը դնես ու ձևացնես, որ երգում ես կամ նվագում։

Իսկ կարո՞ղ ենք ասել, որ հենց դա է պատճառը, որ հայ երաժիշտների մի մասը ստեղծագործում և ապրում է այլ երկրում:

Ոչ, դա չէ պատճառը, պարզապես շատերն ի վիճակի չեն ապրել այստեղ, որովհետև ստեղծագործելով՝ նվագելով կամ երգելով,  չեն կարողանում վաստակել և չեն էլ ուզում ուրիշ գործով զբաղվել։ Դրա համար գնում են ուրիշ երկիր, որովհետև այնտեղ իրենց նվագն ավելի շատ է գնահատվում, նրանք այնտեղ ստանում են ավելի բարձր աշխատավարձ։ Բացի այդ, ուրիշ երկրներում նրանք մեծարվում են և համերգներ  ունենում ամբողջ աշխարհով մեկ, դրանից հետո միայն նրանց նկատում են այստեղ, որ  տեսեք՝ այսպիսի տաղանդավոր հայ ունենք։ Բա եթե պետք է գովեք, հպարտանաք, ինչո՞ւ ժամանակին չեք թողնում, չեք պահում նրանց։

Երաժիշտներ կան, որոնց պետք է ամեն ինչով ապահովել, որպեսզի նրանք զբաղվեն միայն երաժշտությամբ, ոչ թե ամսական 30  հազար դրամ աշխատավարձ տան, որ մարդ չիմանա՝ ոնց ապրի՝ ուտի, թե երաժշտություն գրի։ Ըստ իս, երաժիշտները պետք է նկատվեն և գնահատվեն, ովքեր չեն կարողանում լիարժեք զբաղվել իրենց գործով։ Մարդիկ 20 հազար դրամի համար ամբողջ գիշեր նվագում են տարբեր տեղերում, այդպիսի երաժիշտներին պետք է նկատել և գնահատել։ Իմ կարծիքով,  այդ մարդկանց տաղանդը պետք է ճիշտ ձևով օգտագործել, ոչ թե անտեսել, որ նրանք էլ նեղվեն,  երկրից գնան, ուրիշ երկրում մեծարվեն, հետո նոր մեր կողմից նկատվեն։ Կարծում եմ՝ մեր երկրում միշտ էլ այդպես է եղել և այդպես էլ կմնա, որովհետև այս երկիրը դեռ չի հասել նրան, որ կարողանա արտիստներին ապահովել, որ կարողանա թոշակառուներին լրիվ բժշկություն ապահովել, որ տարիքով մարդն ընդհանրապես նեղություն չկրի։ Եթե մեծերին և փոքրերին ուշադրություն դարձվի, մնացած բաները երիտասարդները կաշխատեն, կանեն։

Եվ վերջում,  ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին։

Մենք շատ խելացի ազգ ենք և շատ պիտանի ենք այս աշխարհի և մարդկության համար։ Բազմաթիվ պիտանի գործունեություն են ծավալում հենց հայերը, սակայն չեն կարողանում ճիշտ վերջնակետ դնել, մատուցել և ճիշտ ընկալվել աշխարհի կողմից։ Միշտ ինչ-որ մեկը խանգարում է նրանց։ Հայը հային վնասելու հակում ունի, փոխարենն իրար օգնեն, վնասում են։ Ես կցանկանամ, որ բոլորը բարի ու կամեցող լինեն, ոչ թե իրար երեսի կեղծավոր ժպտան, իսկ մտքում անպատվեն և դիմացինի հաջողություններին կեղծ ուրախություն արտահայտեն։ Կուզեմ, որ երիտասարդներն ապրեն այստեղ, սովորեն և ծառայեն Հայաստանին։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից