Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Արդյոք արդարացի է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջը. Մեկնաբանում է Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը

analitik.am

Հունիսի 6–ից բողոքի ակցիաներ էին ընթանում ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի։ Ցուցարարները պահանջում էին, որ նա հրաժարվի հոգևոր աստիճանից։

Այս և այլ հարցերի մասին Analitik.am-ը զրուցեց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ։

Մի փոքր ներկայացրեք, թե որպես կանոն, ինչպե՞ս է ընտրվում կաթողիկոսը, ովքե՞ր են ընտրում նրան, կարգն ինչպիսի՞ն է:

Պատմական անցյալում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունները կատարվել են տարբեր կերպ: Եվ, սակայն, բոլոր ընտրությունների հիմքում եղել է և կա համազգային համաձայնությունը, ինչն արտահայտվել է Հայաստանի և արտերկրյա զանազան վայրերում գործող մեր եկեղեցական հովվությունների, թեմերի, նվիրապետական Աթոռների կողմից համաձայնության թղթերի և հետագայում ընտրություններին մասնակից պատվիրակների առաքմամբ:

Սկսյալ 1932 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության համար գործադրվում է հաստատված մի կանոնադրություն, որի հիմքում երանաշնորհ Տ.Տ. Գևորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 1925 թ. վավերացված Ազգային-եկեղեցական ժողով գումարելու հատուկ կանոնադրությունն է: Համաձայն այդ կարգի, կատարվել են երջանկահիշատակ Տ.Տ. Խորեն Ա., Տ.Տ. Գևորգ Զ., Տ.Տ. Վազգեն Ա., Տ.Տ. Գարեգին Ա. կաթողիկոսների, ինչպես նաև ներկայիս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի ընտրությունները: Ըստ այդ կանոնադրության (ինչը լրամշակվել է 2017 թ.), յուրաքանչյուր թեմից և հովվությունից ընտրվում են աշխարհական ու հոգևորական պատգամավորներ՝ ի դեմս 25.000 հոգու մեկ պատվիրակ: Հայոց Եկեղեցու եպիսկոպոսները, թեմակալ առաջնորդները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, ինքնին, համարվում են Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորներ: Նշեմ նաև, որ Հայոց Հայրապետի ընտրությանը 4-ական պատվիրակով մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանությունը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը կատարվում է Սբ Էջմիածնի Մայր Տաճարում. պատվիրակները մուտք են գործում Տաճար, ներսից կողպվում են բոլոր դռները: Կատարվում է փակ, գաղտնի քվեարկություն, որից հետո քվեաթերթիկները հաշվում են բոլոր պատվիրակների ներկայությամբ և այն թեկնածուն, ով ստանում է առավելագույն ձայները՝ հռչակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջն արդարացի՞ է, ներկայացված պատճառները համապատասխանո՞ւմ են իրականությանը։

Միանշանակ արդար և օրինավոր չէ այդ պահանջը: Հայոց Հայրապետի հրաժարեցման համար կա ընդամենը մեկ արդար և օրինական պատճառ, եթե Հայրապետն ընկնում է հերետիկոսության մեջ, այսինքն` սկսում է դավանել և ուսուցանել Հայոց Եկեղեցու ուղղափառ ու սուրբ վարդապետությանը հակառակ: Այդ դեպքում կարող է հանդես գալ միմիայն Ազգային-եկեղեցական ժողովը, որը քննելով հարցը և այն գտնելով հիմնավոր՝ ի զորու է հրաժարեցնելու Կաթողիկոսին: Որևէ այլ պատճառ երբեք չի կարող լինել օրինական, իսկ որևէ անարդար գործողություն ընդդեմ Հայոց առաքելական գահի ու գահակալի՝ բռնություն, ոտնձգություն է բովանդակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Ուստիև խորապես համոզված եմ, որ երևան եկած անձերն անհեթեթ պահանջ ունեն, քանի որ այդ պահանջին որպես հիմնավորում բերվող պատճառներն այն մեկ հիմնական պատճառը չեն, ըստ որի, ինչպես նշեցինք, մտածեն Ազգային-եկեղեցական ժողով գումարելու մասին: Բնականաբար, իրենց գործողություններն ամբողջովին անընդունելի են, ավելին՝ դատապարտելի:

Իսկ ինչ վերաբերում է մեր ազգի հոգևոր կյանքում առկա խնդիրներին, այդ մասին քաջատեղյակ ենք ամենքս՝ պարզ հավատացյալից մինչև Հայոց Հայրապետ: Եվ Եկեղեցին՝ իր հոգևոր ու աշխարհիկ դասերով, հետևողական կերպով միշտ ջանքեր է գործադրում անցյալից մնացած և ժամանակի մեջ ծագող խնդիրներին բարվոք, արմատապես լուծում տալու, հոգևոր կյանքն առավել զորեղացնելու համար: Եվ այդ բոլոր գործողությունները կատարվում են բացառապես կանոնական տիրույթի մեջ՝ վայելուչ և աստվածահաճո կերպով: Պետք է լավ հասկանալ, որ խնդիրները միանման չեն. կան մեծ և փոքր, մասնավոր ու ընդհանրական հարցեր, որոնց համար պահանջվում է ժամանակ, որոշների դեպքում նաև հատուկ մոտեցում, միջոցներ և այլն: Բոլորիս հոգու պարտքն է նաև այդ հարցերի լուծմանը մասնակցելը, բայց շինարար կերպով: Ամեն մեկս՝ լինի հոգևորական, լինի աշխարհական, մեր պարտականությունները սիրով, գիտակցված ու խղճի մտոք կատարելով՝ արդյունքում կունենանք առավել պայծառ իրականություն:

Առհասարակ քաղաքացիներն իրավունք ունե՞ն պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Նման նախադեպ եղե՞լ է Հայ  եկեղեցու պատմության մեջ:

Այո, մեր Եկեղեցու պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ ժամանակի Հայրապետը գահընկեց է արվել կամ հրաժարվել: Սակայն, յուրաքանչյուր նման դեպքը խիստ աղերսված է եղել տվյալ պատմական ժամանակաշրջանի իրողությունների, ներքին ու արտաքին քաղաքական ու եկեղեցական կյանքի հետ: Այդ բոլոր դեպքերում մեծավ մասամբ գործող դերակատարում են ունեցել հայոց արքաները, իշխանները, Հայաստանին տիրած օտար բռնակալները։ Եվ այդ է պատճառը, որ Հայոց Եկեղեցին հիմնականում չի հաշտվել, չի ճանաչել և չի ընդունել օրինական Հայրապետի որևէ կերպ հեռացումը: Ամեն պարագայի, անցյալում եղած դեպքերը չեն կարող այսօր միանշանակ օրինաչափ լինել: Եկեղեցին այլևս ունի մշակված ու ձևավորված նվիրական կարգ, որն օրինավորապես կազմակերպում ու առաջնորդում է եկեղեցական կյանքը, հետևաբար` որևիցե շեղում այդ սրբազան կարգից Եկեղեցում առաջ կբերի քաոս: Դժբախտաբար, պատմական անցյալում մենք նման ողբերգական իրավիճակներ ունեցել ենք` որպես բռնության հետևանք... Այսօր իրավիճակն այլ է, ինչպես անհնար է մերօրյա կյանքում հանցագործների ու աղանդավորների ճակատին աղվեսադրոշմ խարանելը կամ ծանր հանցագործներին խաչելությամբ մահապատժի ենթարկելը, նույնպես էլ անցյալում տեղ գտած չարագործություններն ու բռնությունները երբեք չեն կարող արդարացնել այսօրվա նմանատիպ նկրտումները:

Անդրադառնալով  նրան, որ նախաձեռնության անդամները պատրաստվում են դիմել վարչապետին, արդյո՞ք իշխանությունները կարող են միջամտել։

Եթե այդ իշխանությունները բռնակալական են, եթե այդ իշխանությունները հակառակ են մեր Ազգային Եկեղեցուն, ապա ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց միջամտությունը: Սակայն, փառք Աստծո, Հայաստանում ունենք Սահմանադրություն, օրենքներ և պետական կարգ, ունենք իշխանություններ, որոնք շարունակում են խորապես հարգել ու սիրել  իրենց հարազատ Ազգի Մայր Եկեղեցին, որոնք շարունակում են ճանաչել, ընդունել և գնահատել Հայաստանյայց Եկեղեցու բացառիկ առաքելությունն ու ինքնիշխանությունը: Ի վերջո` ի լուր ամենքի հնչել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, ըստ որի պետության ներկայացուցիչը, պետության ղեկավարը, իրավունք չունի միջամտելու որևէ կերպ Եկեղեցու գործերին: Եվ իրապես, որևէ տեսակի միջամտության կարիք չկա, քանի որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին՝ իր ազգընտիր Հայրապետով, ողջ եպիսկոպոսաց դասով, ուխտապահ հոգևորականությամբ ու հավատավոր հայորդիներով, ի զորու է, ինչպես միշտ, խաղաղությամբ և իմաստությամբ հանգուցալուծելու ի հայտ եկած նաև այս խնդիրը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների ու նրան սատարողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք։

Ձեր այս հարցի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական ժողովը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ: Իմ կարծիքը նույնն է` այն, ինչ կատարվեց, ոտնձգություն էր Եկեղեցու սրբության հանդեպ, ուստիև խստորեն դատապարտելի:

Ձեր կարծիքով, ներկայումս ի՞նչ պետք է ձեռնարկվի իրավիճակը մեղմացնելու համար։ Նաև Ձեր կոչը բոլոր նրանց, ովքեր մասնակցում են բողոքի ակցիային։

Հայոց Հայրապետը, եպիսկոպոսաց դասը, հոգևորականներն ու բազմաթիվ հավատացյալներ ջանքեր են գործադրել, հորդորել են հակականոնական ու հակաեկեղեցական ուղղության մեջ հայտնված բոլոր անձերին` հոգևորական ու աշխարհական, որ անդրադառնան իրենց սխալին, զղջան և ներում հայցեն: Այս մի իրավիճակ է, որի մեջ հայտնված եկեղեցականը, ըստ կանոնների, անմիջապես ենթակա է կարգալուծության, իսկ աշխարհականը` բանադրանքի: Սակայն, հակառակ նրանց կողմից շարունակվող անպարկեշտ պահվածքի ու անարգալից վերաբերմունքի, մեր Եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանությունը չի շտապում գործադրել իր կանոնական իրավունքը: Տակավին բաց է ներման դուռը և ներսից հնչում է սիրալիր հորդորը` զղջում ապրելու և մեղա գալու: Թեև այս իրավիճակում ջատագով եմ խիստ մոտեցման, այդուհանդերձ, համերաշխ եմ մեր Սբ Եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանության կարծիքի հետ: Կսիրեմ հուսալ, որ հակառակության մեջ ընկած անձինք կանգ կառնեն, Ազգի ու Եկեղեցու շահերը վեր կդասեն իրենց նեղ անձնականից, ինքնակամ կհրաժարվեն չարից և բեկված սրտով ուխտի կգան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` արժանանալով մեր բոլորիս ներմանն ու սիրուն:

Մնանք աղոթող, քանի որ ամենից առաջ և առավել մեր կյանքը պետք ունի աղոթաբույր մթնոլորտի: Առանց աղոթքի զուլալ ու կենսատու ջրերի` ոչ մի ձեռնարկ, գործ բարի պտուղ, բազում բարի արդյունք չի պարգևի։

Նույն շարքից