Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Հայաստանի ժողովուրդը վերջապես արժանի է ունենալու այն ղեկավարին, որ այժմ ունի. Անդրե Սիմոնյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է  երգահան, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանի հետ։

Ե՞րբ որոշեցիք, որ ցանկանում եք զբաղվել երաժշտությամբ։

Երբ 9 տարեկան էի, քրոջս տեսասկավառակների մեջ բացահայտեցի «Scorpions» խումբը, լսելով նրանց կատարմամբ «Still Loving You» երգը՝ այդ ժամանակվանից հետաքրքրվել եմ այն խմբերով, որոնք հնչեցնում են ծանր կիթառներ և տալիս են ավելի ռոքային տրամադրություն։ Ես ինքս` որպես երաժիշտ, շատ ուշ եմ սկսել՝ 18 տարեկան էի, երբ սկսեցի կիթառի դասերի գնալ, կիթառ գնեցի և այդպես շատ ուշ ներկայացա որպես երաժիշտ։

Ձեր երգերն անգլերեն  են, երբևէ ցանկություն եղե՞լ է հայերենով երգեր գրել։

Ես հավատացած եմ, որ եթե մարդ որևէ մեկին իր արած գործով չի խանգարում, նա պետք է զբաղվի նրանով,  ինչն ինքն է սիրում, իսկ երբ հանրությանը ստեղծագործություն ներկայացնելու պահն է գալիս, մարդ պետք է անի այն, ինչն իր մոտ ամենալավն է ստացվում և կարծում եմ, որ դրա միջոցով մարդը կարող է որակյալ ստեղծագործություն ներկայացնել։ Քանի որ երաժշտական ուսումս ստացել եմ Անգլիայում, ինձ համար ավելի հեշտ է ստեղծագործել անգլերենով և կարծում եմ, որ ինձանից շատ ավելի լավ հայերեն բառապաշարով երգիչ-երգչուհիներ և երգահաններ կան, ովքեր, վստահ եմ՝ շատ ավելի գրագետ ձևով կներկայացնեն հայկական երաժշտությունը։

Խոսենք Mariam Avra-ի հետ Ձեր նոր երգի և տեսահոլովակի մասին։ Մի փոքր պատմեք՝ ինչպե՞ս ստեղծվեց այն։

Ես Mariam Avra-ին ճանաչում եմ դեռ այն ժամանակվանից, երբ ինքը 16 տարեկան էր և մասնակցում էր «Սուպերսթար 4»-ին, որտեղ ես ծրագրի պրոդյուսերն էի։ Երբ որոշ ժամանակով մեր կապը կտրվեց, մի օր նա իր գրած երգերից ուղարկեց և ինձ համար ապշեցուցիչ էր այն, թե որքան հետաքրքիր և գրագետ մոտեցում ունի   բառերի և մեղեդիներին հանդեպ, և նաև մաքուր անգլերենի երգեցողությունն ինձ շատ զարմացրեց։ Եվ հետո, երբ նա ինձ մի երգ ուղարկեց և ասաց, որ դա պատկերացնում է որպես դուետ, ես լսեցի,  շատ հավանեցի և այդպես որոշեցինք այդ պրոյեկտը միասին անել։

Այսքան տարիների ընթացքում, ըստ Ձեզ, ո՞ր երգն է ամենից սիրվածը բոլորի կողմից։

Ես կարծում եմ՝ մեր «All alone» և «Butterfly» երգերն իսկապես Հայաստանում ամենահայտնի անգլալեզու երգերն են։ Այդ երգերը ճանաչում են գտել առանց «Եվրոտեսիլ»-ում ներկայացնելու, որովհետև լավ գիտենք, թե յուրաքանչյուր  երգ՝ լավ, թե վատ, հայտնվելով «Եվրոտեսիլ»-ում  ինչքան մեծ ճանաչում է գտնում։ Սակայն, մեր երգերը սիրվել են իսկական երկրպագուների կողմից և դա ինձ համար շատ հաճելի է։ Նաև ինձ համար շատ հաճելի է, որ այսքան հայ երգիչ-երգչուհիներ կան, ովքեր ներկայացրել են «Կիլիկիա» երգը, բայց Youtube-ում այդ երգը փնտրելիս, առաջինը հենց մեր կողմից կատարած «Կիլիկիա»-ն է, որն ունի ամենաշատ դիտելիությունը մնացածների հետ համեմատ։

Ինչո՞վ էր պայմանավորված «The Beautified Project» խմբի գործունեության դադարը: Ինչո՞ւ որոշեցին դադարեցնել խմբի գործունեությունը։

Սկսած 2006 թ.-ից, երբ «The Beautified Project» ներկայացավ որպես խումբ, այնուհետև համերգներ տարբեր երկրներում, թվով չորս ալբոմի ավարտից հետո միշտ ունեցել ենք ընդմիջումներ։ Չորրորդ ալբոմը թողարկելուց հետո մենք բոլորս շատ հոգնած էինք թե բեմից, թե այդ պրոցեսներից։ Եվ այդպես որոշեցի ժամանակավոր զբաղվել ավելի շատ պրոդյուսերական աշխատանքով  և նաև մտածեցի, որ ճիշտ կլինի՝ որոշ ժամանակ բեմից հեռու լինել և ավելի կենտրոնանալ ստեղծագործելու վրա։ Սակայն, ինչպես որ միշտ նշում եմ, ես փորձելու եմ ամեն տարի մեր հետևորդներին ներկայացնել նոր ստեղծագործություն։ Դա իմ առաքելությունն է, որ ինքս ինձ խոստացել եմ։ Իսկ խմբի անդամների հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք և, երբ իրենք ժամանակ ու ցանկություն ունենան, նորից կմիանանք։

Իսկ կա՞ այնպիսի մի պատճառ, որը կարող է առիթ հանդիսանալ Հայաստանում այլևս չստեղծագործելու համար և եթե կա, ապա ո՞րն է։

Ինձ թվում է՝ ստեղծագործելը վայրի հետ որևէ կապ չունի։ Մարդը կարող է ստեղծագործել  թե Կալիֆորնիայում՝ ծովափին նստած, թե՝ բանտախցում։ Կարևորը ստեղծագործելն է և այն ոգեշնչումը, որի գոյությունը  շատ կարևոր է։ Ես «The Beautified Project»-ի հետևորդներին խոստացել եմ՝ որտեղ էլ լինեմ, քանի դեռ առողջ եմ և ստեղծագործում եմ,  ամեն տարի հանդես եմ գալու նոր ստեղծագործությամբ և կապ չունի այդ փուլում «The Beautified Project»-ը կնեկայանա որպես խումբ, թե՝ որպես ստուդիայի նախագիծ։

Որտե՞ղ եք  ավելի շատ գերադասում ելույթ ունենալ` Հայաստանո՞ւմ, թե արտասահմանում:

Մեր 13 տարվա գործունեության ընթացքում ինձ համար ամենահաճելի համերգները եղել են Գերմանիայում և Հայաստանում։ Մենք 10-ից ավել երկրներում ենք համերգներ ունեցել և շարունակական վերադարձել ենք այդ երկրներ։ Շրջագայություններից  բազում հիշողություններ կան, որ մնացել են մտքումս, բայց Գերմանիայի և Հայաստանի ունկնդիրները տարբերվում են՝ իրենց յուրահատուկ լինելով։

Հաճախ ասում են, որ ռոքն ագրեսիա  առաջացնող ժանր է: Համամի՞տ եք այդ կարծիքի հետ:

Իմ կարծիքով՝  ռոքի մեջ շատ ուժեղ էներգիա կա, դա գալիս է երաժշտական, ռիթմիկ լուծումներից։ Այն նաև կախված է երաժշտից, թե ինչ ուղղությամբ նա կօգտագործի այդ էներգիան։ Ճիշտ է՝  ռոքը միշտ էլ քննադատվել է, ասում են, որ ռոքը բողոքական է, սատանիզմի հետ է կապված, իր մեջ ագրեսիա կա, բայց ռոքը շատ կարևոր և նուրբ խնդիրների լուծման մեջ շատ դեր է ունեցել։ Վերջերս էլ, եթե նկատած լինեիք, մենք՝ ռոք խմբերով կանգնած էինք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության կողքին։ Հեղափոխությունն իր հաղթանակն արձանագրելուց հետո էր, որ մնացած ոլորտի երգիչ- երգչուհիները միացան՝ այսինքն,  իրենք վստահ էին, որ դեպի հաղթանակ ենք գնում և հեղափոխության ժամանակ սկսեցին հայտնվել բեմում։ Այնպես որ, ռոքը պետք չի քննադատել, տարբեր երկրների մշակույթում այն շատ կարևոր դեր է կատարել։

Հարցազրույցներում  նշում եք, որ ցանկանում եք արվեստի միջոցով բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի միջև: Ի՞նչ կարող եք ավելացնել այս մտքին։

Այո, երաժշտությունը և, ընդհանրապես, արվեստը հիանալի միջոց է սոցիալական, քաղաքական բարեփոխումների համար։ Ես միշտ փորձել եմ օգտագործել երաժշտությունը սոցիալական բարեփոխումների, բարեգործական համերգների, խնդիրներ բարձրացնելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիային, ես ուզում եմ հստակ նշել, որ դեմ եմ Թուրքիայի կառավարության դիրքորոշմանը Հայաստանի հանդեպ, բայց նաև այն կարծիքին եմ, որ այժմյան  Թուրքիայի ռեժիմը չպետք է պատճառ լինի, որ հայ և թուրք հասարակությունն իրար հանդեպ թշնամություն զգան։ Պետք է լինեն մշակութային համագործակցություններ և այդ դեպքում ինքնըստինքյան դռներ կբացվեն ժողովուրդների շփման համար, և հենց դա էլ կարտացոլվի իրենց կառավարության մեջ և առիթ կհանդիսանա, որ մոտ ապագայում բանակցությունների միջոցով հարթվեն քաղաքական խնդիրներ։

Ներկայումս ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում տիրող իրավիճակը և ի՞նչ կմաղթեք ամբողջ հայությանը։

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ուղղակի հրաշալի է։ Այս ճիշտ և գեղեցիկ քայլերն անելուց հետո Հայաստանի ժողովուրդը վերջապես արժանի է ունենալու այն ղեկավարին, որ այժմ ունի։ Մեր բախտը բերել է, որ ունենք հիանալի առաջնորդ։ Մենք, որպես հայ, և նաև աշխարհի տարբեր տեղերում գտնվող հայերը, ինչպես որ կարող ենք, պետք է կանգնենք Նիկոլ Փաշինյանի կողքին, որպեսզի այս մաքրման և վերակառուցողական պրոցեսն ընթանա ամենաճիշտ ձևով։ Սա դեռ երկար ճանապարհի սկիզբն է, և մենք բոլորս պետք է մասնակցություն ունենանք այս շատ կարևոր պրոցեսին։

Յանա Մարտիրոսյան 

 

Նույն շարքից