Հարցազրույց Հասարակություն Բարի օր 

Սթափվեք, պարոնայք, գրականությունը խաղալիք չէ. Աբգար Ափինյանը՝ գրականության և ոլորտի խնդիրների մասին

Analitik.am-ի զրուցակիցն  է գրականագետ, դասախոս, հասարակական գործիչ Աբգար Ափինյանը:

Ինչպե՞ս ձևավորվեց ներկայիս Ձեր ուղին և ի՞նչ ձեռբերումներ ունեք այսօր։

Գրողների միությունում եմ 1990 թվականից: Գրականություն եմ դասախոսում 1987-ից: Կյանքն իմ առջև այսպիսով բացեց երկու ճանապարհ՝ գրականություն և գիտություն, որոնց հավատարիմ եմ մնացել առ այսօր: 14 գրքերի և ավելի քան 500 հոդվածների հեղինակ եմ, որոնք վերաբերում են դասական և ժամանակակից գրականությանը և մշակութաբանությանը: Իմ ձեռքբերումների և հաջողությունների մասին չեմ սիրում խոսել: Այդպիսի մարդիկ ինձ համար նախընտրելի երբեք չեն եղել: Ես սիրել և սիրում եմ ոչ թե հաջողակներին, այլ պետական, հասարակական և գրական այն գործիչներին, ովքեր պայքար ունեն: Մեր մտավորական ավանգարդում տեղ չպետք է ունենան այնպիսի մարդիկ, ովքեր հաջողության կամ ձեռքբերումների են հասել  քծնելով, շողոքորթելով, հարմարվելով:

Ներկայումս ունե՞նք այնպիսի երիտասարդ գրողներ, ովքեր լրացնում են ժամանակակից հայ գրականության բացերը:

Մեր գրական կյանքում երիտասարդ անուններ կան, ովքեր իսկապես հիացմունքի արժանի գործ են անում: Բանաստեղծների շարքում հիշատակելի են Դավիթ Ասատրյանն ու Սուսաննա Ղազարյանը, Տարոն Գլակը, Մարիաննա Կառոնին, Արմեն Երիմյանը, Թերեզա Հակոբյանը, Շուշան Հայրապետյանը, Ջեննի Բալյանը և այլոք: Գնահատելի են նաև արդի արձակագիրները՝ Էլիզա Մխիթարյան, Արմենուհի Մուրադյան, Մարիամ Խուրշուդյան, Նազիկ Կորյունի, Տաթև Մաղաքյան։

Այսօր  յուրաքանչյուրը կարող է կարծիք հայտնել՝ դառնալով գրաքննադատ: Արդյո՞ք գրականագետի կամ գրաքննադատի խոսքը չի կորում այս դեպքում:

Այսօր, իսկապես, յուրաքանչյուր ոք կարող է կարծիք հայտնել գրական իրողությունների վերաբերյալ, բայց հասկանալի է, որ դրանով իրենք գրաքննադատ չեն դառնում: Այդ կոչումը մենք տվել ենք մեր մեծագույն գրական գործիչներին՝՝ Միքայել Նալբանդյանին, Ցոլակ Խանզադյանին, և կարիք չկա, նույնիսկ չի կարելի  ամեն կարծիք հայտնողի գրական քննադատ անվանել: Գրական քննադատն  ամենից մոտն է կանգնած գրականության ընթացքին, նույնիսկ ավելի մոտ, քան պոետը կամ արձակագիրը: Նա գրական մեծագույն դեմքն է, որ ձեռքը դրած գրականության զարկերակին  առանձնացնում է այն գրողներին, ովքեր մնալու են գրականության պատմության մեջ: Պատահական կարծիքները ոչինչ չեն որոշում, ահա ինչու խորհուրդ եմ տալիս և հորդորում  ուշադիր հետևել մեր լավագույն գրաքննադատների եզրահանգումներին: Չմոռանանք, որ այսօր ունենք լավ քննադատներ, լույս են տեսնում  արժեքավոր ուսումնասիրություններ, անգամ ունենք արդի գրականության բուհական ուսումնական ձեռնարկ, ինչը դժվար է գտնել նույնիսկ ռուսական և եվրոպական քննադատության մեջ:

Երբեմն գրական ստեղծագործության մասին կարող ենք կարծիք կազմել  հենց հաջողված PR-ի միջոցով, այսինքն ով լավ գովազդի հնարավորություն չունի, նշանակում է՝ չե՞ն ընթերցի և չե՞ն ճանաչի:

Ես այն կարծիքին եմ, որ գրականության և արվեստի լավագույն ստեղծագործությունները PR-ի միջոցով չէ, որ պիտի գնահատվեն և ներկայացվեն՝ այսինքն,  գովազդն այստեղ որոշիչ դեր պիտի չունենա: Եվ գրականությամբ բոլոր հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս չհավատալ և չընդունել PR-վող «գրողներին»: Քայլեք Երևանով և կտեսնեք կիսամերկ գրչակների PR-գովազդներ: Այդպիսիններին ուզում եմ ասել և զգուշացնել՝ սթափվեք, պարոնայք, գրականությունը խաղալիք չէ:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ այսօրվա ընթերցողին: Փոխվե՞լ են պահանջները:

Վստահ ուզում եմ ասել՝ գրականությանը ներկայացվող պահանջները չեն փոխվել: Այսօրվա ընթերցողին անհրաժեշտ են գեղարվեստական բարձր արժեքներ, գրքեր՝ համակված հումանիստական մեծ գաղափարներով: Ցավոք սրտի այսօր մեր ընթերցողն ավելի հաճախ է հանդիպում բովանդակազուրկ գրքերի:

Ի՞նչ չունի այսօրվա գրականությունը, գուցե հենց լավատեսության պակասն է կամ գուցե իրականությունից է գալիս:

Արդի գրականության մեծագույն արժանիքն այն է, որ նա ամեն ինչ ասում է մեր ժամանակի մասին: Մեր ժամանակակից գրողները նույնիսկ կանխատեսել էին ապրիլյան հեղափոխությունը, որ հաղթանակեց Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ:

Մի փոքր խոսենք վերջերս Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Ինչպե՞ս կբնութագրեք տեղի ունեցածը։

Հայաստանում հաղթանակեց թավշյա հեղափոխությունը: Դա հայ ժողովրդի ազնվական էության ապացույցն է, որ հիացմունքով ընդունեց ողջ աշխարհը:

Արդյո՞ք ներկայիս իրավիճակում կան լուծում պահանջող խնդիրներ և որո՞նք են այդ խնդիրներն, ըստ Ձեզ։

Այսօր լուծում պահանջող գլխավոր խնդիրը մեկն է՝ գեղարվեստականությունը հռչակենք գրականության գնահատման միակ չափանիշ: Համահայկական գրողների միության երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ հանդիպել ենք մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին: Դրական տպավորություն ունեմ այդ հանդիպումից: Հուսանք, որ հավատարիմ կմնանք առաջադրված այդ միակ չափանիշին, մյուս հարցերը ածանցյալ են:

Ձեր կոչն՝ ուղղված հայ ժողովրդին։

Կարդացեք միայն լավ գրքեր, այլապես դուք չեք հասցնի կարդալ դրանք:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից