Հարցազրույց Իրավական գլխավոր 

Սխալ լուսաբանումը կարող է անարդար և անօրինական դատավճռի պատճառ դառնալ. Փաստաբան Գագիկ Խաչիկյանը՝ Գայանե Մարգարյանի վերաբերյալ քրգործի մասին

Տարիներ առաջ մամուլը մեծ աղմուկով լուսաբանեց  Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրեն  Գայանե Մարգարյանի վերաբերյալ քրեական  գործը՝ դեռ նախաքննությունը չսկսած:  Սակայն, հետագայում, երբ սկսվեց նախաքննությունը, ապա դատավարությունը, որևէ անդրադարձ այլևս այս քրեական գործին չեղավ, չլուսաբանվեցին հանգամանքները, ինչպես նաև այն, թե ի վերջո ի՞նչ արարքներ էր կատարել, կամ ոչ, Գայանե Մարգարյանը: Analitik.am-ն այս գործի վերաբերյալ  զրուցել է Գայանե Մարգարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանի հետ:

Պարոն Խաչիկյան, մի փոքր ներկայացնեք Գայանե Մարգարյանի գործը։ Ինչի՞ց սկսվեց, ի՞նչ վճիռ կայացվեց և ինչքանո՞վ է ձեզ գոհացնում կայացված վճիռը։

Նախ ներկայացնեմ գործի պատմությունը. Քրեական գործը հարուցվել է 2014թ.-ի ապրիլին։ Քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի, այսպես ասած, աշխատակիցների նամակները, դիմումները, մամուլի հրապարակումները, որոնք, ինչպես  հետագայում հիմնավորեցինք դատարանում, եղել են ուղղորդված և, ըստ էության, կեղծ։ Քրեական գործի հարուցումից հետո գործը քննվել է մոտավորապես մեկ տարի, որից հետո 2015թ.-ին նոր Գ.Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Խնդիրն այն է, որ քրեական գործը հարուցվել էր այն փաստի առթիվ, որ Գ.Մարգարյանն, աշխատելով որպես Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրեն, 2004-2014 թթ.-ի ընթացքում՝ այսինքն 10 տարվա ընթացքում, ունեցել է 22 հաստիք, որոնցով հրամանագրված անձինք փաստացի չեն աշխատել։ Ընդհանուր գումարը զուտ թվաբանական գումարման տեսքով հաշվել էին 54.000.000 դրամ, սակայն  Գ.Մարգարյանն իր ցուցմունքներում հիմնավորումներ բերեց,  թե այդ գումարը որտեղ է օգտագործել։ Ասեմ, որ վերջինս չէր ժխտում, որ իրոք նշված անձինք եղել են հրամանագրված, սակայն չեն աշխատել, բայց կտրականապես հերքում էր իր կողմից այդ գումարները  հափշտակելու հանգամանքը։ Ընդամենը տեղի էր ունեցել ֆինանսական կարգապահության խախտում՝ այսինքն, ասենք եղել է դայակ, որը պետք է աշխատի ժամը 8:00-14:00, ստանա, ըստ էության, այսօրվա պայմաններում չնչին աշխատավարձ, օրինակ, 70-80 հազար ՀՀ դրամ, վերջինս հնարավորություն է ունեցել աշխատել նաև երկրորդ հերթափոխին՝ այսինքն, երեկոյան ժամին՝ 16:00-20:00, այդ պայմաններում աշխատավարձը  բնականաբար կլիներ ավելի շատ և վերջինս կհոգար իր ընտանիքի ծախսերը։ Սակայն Գ.Մարգարյանը հնարավորություն չի ունեցել այդ նույն աշխատողին նաև երեկոյան հերթափոխի համար աշխատանքի ընդունել և աշխատանքի ընդունել է, հրամանագրել է մի անձնավորության, որի փոխարեն աշխատել է հաստատությունում աշխատած իր նշած դայակը։ Վերջինս ընդամենը ստացել է նաև այս մյուս աշխատողի փոխարեն այդ գումարը:

Մենք դա կարողացանք հիմնավորել, կարողացանք հիմնավորել նաև այն, որ հաստատությունն ունեցել է թերի ֆինանսավորում և այդ պայմաններում Գ.Մարգարյանն այս եղանակով ստացած գումարներն ուղղել է դեղորայքի ձեռքբերմանը,  տեխնիկական խնդիրների լուծմանը և այլ հարերի կարգավորմանը։ Նախաքննական մարմինը, կատարելով քննություն,  մեղադրանքի ծավալից իջեցրեց  32.000.000 ՀՀ դրամի չափով գումար՝ թողնելով   մեղադրանքի ծավալը 22.000.000 ՀՀ դրամ, որը մեզ չէր գոհացնում, բնականաբար, բայց նախաքննությունը հապշտապ ավարտվեց, և գործն ուղարկվեց դատարան։ Մենք համոզված էինք, որ դատարանում այս բոլոր մեր ունեցած փաստարկները ներկայացնելով, կկարողանանք նաև հիմնավորել, որ այս 22.000.000 ՀՀ դրամից էլ, ըստ էության,  գերակշիռ մեծամասնությունը հափշտակություն չէ, այլ ընդամենը ֆինանսական կարգապահության խախտում։ Սակայն, դատաքննության ընթացքում  այն հանգամանքները, որոնք  բազմիցս ներկայացրեցինք,  մեզ անհայտ պատճառներով  չստուգվեց։ Մենք 12 դրվագով ներկայացրեցինք պատճառաբանություններ, թե այս գումարները որտեղ է ծախսվել և կոնկրետ այդ դրվագներով նշեցինք, դատարանին միջնորդեցինք, որպեսզի մարդկանց հարցաքննության կանչեն, որովհետև դրանց գերակշիռ մեծամասնությունը նախաքննության ընթացքում հարցաքննված չէին։

Դատարանը մեզ համար անհասկանալի պատճառներով մերժեց այս միջնորդությունը, խոսքը վերաբերում է դեռևս առաջին ատյանի դատարանին, մերժեց այս միջնորդությունը 11 դրվագով, հարգեց ընդամենը 1 դրվագով արած մեր միջնորդությունը։ Ո՞րն էր պատճառը, որ 12-ից ընդամենը 1  դրվագով է որոշել միջնորդությունը բավարարել, չեմ կարող ասել։ Հարցն այն  է, որ հենց այդ մեկ դրվագով,  որով դատարանը  բավարարեց  մեր միջնորդությունը և կատարեց մեր մատնանշած անձանց հարցաքննություն կատարեց,  մեր բերած բոլոր փաստարկները հիմնավորվեցին, և հենց դատարանն այս դրվագի մեջ եղած գումարը մեղադրանքի ծավալից հանեց՝ այսինքն, միջնորդության այն հատվածը, որը դատարանը ստուգեց,  ցույց տվեց, որ մեր նշած բոլոր հանգամանքները ճիշտ են։ Ես համոզված եմ, եթե դատարանը ստուգեր նաև մեր նշած մնացած հանգամանքները, ապա մենք այն դրվագներով էլ ունենալու էինք նույն արդյունքը և մեղադրանքի ծավալը խիստ նվազելու էր։

Ինչևէ, առաջին ատյանի դատարանում Գ.Մարգարյանի նկատմամբ դատաքննության փուլում՝ 2017 թ.-ին,  խափանման միջոց կալանքը փոխվեց, վերջինիս նկատմամբ ընտրվեց գրավը՝ որպես կալանքի այլընտրանքային միջոց։ Նշեմ, որ  Գ.Մարգարյանը դուրս գալուց  երկու օր անց  դատարանի դեպոզիտ հաշվին վճարեց 6.000.000 ՀՀ դրամ՝ ՝ որպես վնասի վերականգնում: Սա խոսում է այն մասին, որ անձը, չնայած չի ընդունում մեղադրանքի ամբողջ ծավալը, բայց արդեն վնասի վերականգնման ուղղությամբ որոշակի գործողություններ է կատարում , դրսևորում է բարի կամք։

Չնայած դրան, վերաքննիչ դատարանը հարգեց մեղադրողի բերած բողոքը և Գ.Մարգարյանի նկատմամբ կրկին խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, ընդ որում դա տեղի ունեցավ վերջինիս բաց թողնելուց հետո՝ մեկ ամսից ավել Գ. Մարգարյանը գտնվում էր ազատության մեջ: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Գ.Մարգարյանն իրենց տանը սպասում էր, որ քրեակատարողական հիմնարկից կգան  և որոշումը կկայացնեն, որոշումից հետո  20-25 օր Գ. Մարգարյանը գտնվել է ազատության մեջ:  Այսինքն խոսել այն մասին, որ Գ.Մարգարյանը կթաքնվի, կխոչընդոտի և այլն, անտրամաբանական է։ Նշեմ, որ վերջինիս մեղադրանք էր առաջադրված ոչ միայն հափշտակության մասով՝  179 հոդվածով, այլ նաև քրեական օրենսգքրի 119 հոդվածով՝ այսինքն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը։ Այս մեղադրանքի մասը վերաբերում է նրան, որ իբրև թե Գ.Մարգարյանը գիշերօթիկ դպրոցի սաների նկատմամբ կիրառել է ֆիզիկական ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու գործողություններ։ Մենք բազմիցս նշել ենք դեռևս նախաքննության փուլում, որ այս մեղադրանքը սին է, որ այն  որևիցե հիմնավորում չունի։ Այս մեղադրանքն ընդամենն առաջադրվեց, որպեսզի հասարակության մոտ այս գործողությունները վրդովմունք առաջացներ, որովհետև մամուլում անընդհատ լուսաբանվում էր սա և երեխաների նկատմամբ նախկինում սա կոչվում էր խոշտանգում, բնականաբար, հասարակական վրդովմունքն ավելի ուժեղ էր, ինչն իր ազդեցությունը թողեց։  Այս մեղադրանքով թե առաջին ատյանում և հետագայում վերաքննիչ դատարանում Գ.Մարգարյանն արդարացվեց։

Փաստացի ի՞նչ տեղի ունեցավ. Նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել մի հոդվածով, որում վերջինս արադարացվեց, բայց այդ հոդվածն իր դերը կատարեց՝  հասարակական  որոշակի ֆոն ստեղծեց Գ.Մարգարյանի նկատմամբ, որը հնարավորություն տվեց դատարաններին Գ.Մարգարյանին պահել այս ամբողջ ընթացքում կալանքի տակ։

Մենք բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացնել՝ նշելով, որ  թույլ տվեք անձը դրսում լինի, որպեսզի վերջինս բանակցի պետական լիազոր մարմնի հետ՝ այս պայմաններում սոցապ նախարարության, վերջիվերջո ասում եք, որ հափշտակություն է կատարել, եթե այդպես է, թույլ տվեք բանակցի, գրաֆիկ կազմեն, վնասի վերականգնման հետ կապված որոշակի քայլեր, գործողություններ արվի՝ այսինքն, արդեն 6.000.000 դրամ վնասը վերականգնել է։

Դատարանը մեր այս բերած փաստարկները կրկին չհարգեց անհասկանալի պատճառներով, վերջինս արդեն մոտ չորս տարի է գտնվում է կալանքի տակ՝ 2014թ.-ի նոյեմբերից և թողեց օրինական ուժի մեջ առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝  դատապարտելով Գ. Մարգարյանին  6 տարի ազատազրկման։

Ես համոզված եմ, որ դեր է խաղացել ոչ թե իրավաբանությունը, այլ հասարակական կարծիքը, որը ձևավորվել էր մամուլում տեղ գտած հրապարակումների միջոցով: Դատարանն է գնում հասարակական կարծիքի ետևից, իսկ  կարծիքն արդեն ձևավորված է, որ անձը պիտի խիստ պատժվի։ Բայց թե իրականում ինչ է կատարվել , ինչ է տեղի ունեցել, ցավոք, չեն խորանում։ Այս կապակցությամբ պետք է ասեմ, որ դատարանը ոչ թե պետք է լինի հասարակական կարծիքի ետևից գնացող, այլ ընդհակառակը՝ դատարանը պետք է լինի արդարադատության հետ կապված հասարակական կարծիք ձևավորող, բայց քանի որ դատարանն այսօր չունի  այն հեղինակությունը,  որ հասարակական կարծիք ձևավորի, ինքն է գնում  հասարակական կարծիքի ետևից։ Սա  համակարգային խնդիր է, և սա շատ լուրջ խնդիր է, որն, իմ  կարծիքով, շատ մեծ վնաս է պատճառել պետությանը, պետականությանը և դեռևս պատճառելու է։

Դատարանը պետք է լինի իրոք անկախ և անկախ լինելով հասարակական կարծիքից՝ արդարադատություն իրականացնի։ Այս պայմաններում, կարծում եմ, որ մենք լուրջ համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն ունենք, ընդհուպ մինչև, ինչո՞ւ չէ, նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը մեր հայրենական արդարադատության համակարգում։

Պարոն Խաչիկյան,  մենք կարող ենք արձանագրել, որ երբ հարուցվում է քրեական գործ, լրատվամիջոցների կամ առանձին անձերի կողմից բարձրացրած աղմուկը, որը կարող է չհամապատասխանել իրականությանը, կարող է լինել պատվիրված,  ինչ-որ մեկի շահերի համար և այլն, այսպես ասած, մեկ այլ անձի կյանքի վրա կարո՞ղ է ունենալ ազդեցություն՝ այսինքն, դատարանն ավելի շատ առաջնորդվում է այդ աղմուկո՞վ, քան գործում առկա փաստերո՞վ։

Գիտեք, ես շատ լավ հասկանում եմ, որ բաց հասարակության մեջ մամուլն այս խնդիրների վրա իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի և սա նորմալ է։ Իմ կարծիքով, ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ չորրորդ իշխանությունն ունի այս խնդիրը, բայց խնդիրն այն է, որ յուրաքանչյուր մարմին՝ այդ թվում նաև արդարադատություն իրականացնող մարմինը, պետք է վեր կանգնի այս ամենից և արդարադատություն իրականացնի անկախ նրանից, թե ինչ կարծիք է ձևավորվել հասարակության մեջ։ Պետք է ընդունենք, որ այս կարծիքի ձևավորումն ընդամենը կցկտուր տվյալների հիման վրա է լինում, ոչ բոլոր տվյալներն են ուսումնասիրվում:

Դատաքննությունն ինչի՞ համար ենք իրականացնում,  պարզ  աքսիոմա է, որ արդարադատությունը կարող է իրականացվել միայն դատաքննության արդյունքում, բաց դատաքննության արդյունքում։ Տեսեք, ուսումնական հաստատություն է, որում կա որոշակի ֆինանսական խնդիրներ, ինչն առաջացնում է հասարակական կարծիք, թե  տնօրենը պետք է խիստ պատասխանատվության ենթարկվի, անկախ նրանից,  թե դատաքննության ընթացքում ինչ է պարզվել, ինչ հանգամանքներ են ի հայտ եկել:

Նորից եմ ասում, որ մեր 12 դրվագով միջնորդություններ ենք արել, որտեղ ասում էինք, թե այդ գումարը որտեղ է ծախսվել, բայց  դատարանն ընդամենը հարգեց դրվագներից մեկը, կատարեց դատաքննության ընթացքում հարցաքննություններ, դատավարական գործողություններ, որի արդյունքում այս դրվագով արձանագրված գումարը հենց դատարանի որոշմամբ դուրս եկավ՝ այսինքն,  ես ենթադրում եմ, որ դատարանն իր մեջ համարձակություն չգտավ մնացածով էլ անի՝ մտածելով, որ հանկարծ այնպես լինի, որ անառարկելի փաստերով այն մնացած գումարներներն էլ դուրս գան, ի՞նչ են անելու, տնօրենին արդարացնելո՞ւ են, բա  հետո հասարակությանն ի՞նչ պատասխան տան։ Այսպիսի արդարադատություն չի լինում ։

Կարո՞ղ ենք փաստել, որ խոշտանգման մասով մեղադրանքն առաջադրվել է ԳՄարգարյանին նախաքննության փուլում զուտ բացասական հասարակական կարծիք ստեղծելու համար։

Ես  համոզված եմ դրանում, որովհետև ապացույցներն այնքան ոչ թե թույլ էին, այլ ապացույցների բացարձակ բացակայության պայմաններում այս մեղադրանքն առաջադրվեց։ Սրա մասին թե նախաքննական փուլում  ենք արել բազմաթիվ միջնորդություններ , թե  դատարանում: Ի վերջո դատական երկու ատյաններում այս հոդվածով արդարացման դատական ակտ եղավ, բայց հասարակական կարծիքն այն է, որ տնօրենը խոշտանգել է դպրոցի սաներին։

Ի սկզբանե դպրոցի սաներին խոշտանգելու մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող։  Երեխաները գալիս էին դատարան և զարմանում,  թե ինչի էին իրենց տնօրենին բերել դատարանում  և այսպիսի խնդրի առաջ կանգնեցրել: Դա արվեց նրա համար, որպեսզի այս տպավորությունը ստեղծվի, որ դպրոցի տնօրենը խոշտանգել է երեխաներին, բնականաբար, մենք գիտենք, թե հասարակությունը ոնց կարձագանքեր դրան: Պետք է հասարակությունը որոշակի զարգացում ապրի, որպեսզի կարողանա հասկանալ, որ այն ամենն, ինչ գրվում  և ասվում է, պարտադիր չէ, որ ճիշտ լինի։

Այսինքն անմեղության կանխավարկածն էլ է խախտվում։

Ես համոզված եմ, որ խախտվում է, որովհետև մարդուն պիտակ կպցնելը շատ հեշտ է, բայց այդ պիտակի արդյունքում ձևավորված կարծիքը, որ  որոշակի հանցագործություն է  կատարել, հետո կոտրելը շատ  դժվար է, երբեմն անհնար:

Պարոն Խաչիկյան, նախաքննության փուլում բազմաթիվ լրատվամիջոցներ, առանձին լրագրողներ անդրադարձան ԳՄարգարյանին, իհարկե, բացասական տեսանկյունից։ Դատաքննության ընթացքում լրագրողների կողմից եղե՞լ է որևէ հետաքրքրվածություն այս գործ մասովդատերին ներկա եղե՞լ են, որպեսզի հասկանան, թե  ինչ էր կատարվել։

Ես նշեցի, որ սկզբնական մեղադրանքը եղել է 54.000.000 դրամի չափով, հետագայում այն իջեցվել է՝ հասցվելով 32.000.000 դրամի:  Դատաքննության ընթացքում արդեն նոր մեղադրանք ունեինք  22.000.000 դրամիչափով: Ամբողջ դատաքննության ընթացքում մի քանի հրապարակումներ են եղել, բոլոր հրապարակումների ժամանակ նորից նշվել է, որ «Գ․Մարգարյանը, որը մեղադրվում է 54.000.000 դրամի հափշտակության մեջ»։ Զանգել ենք լրատվամիջոցներին, ասել ենք՝ հարգելիներս, բարի եղեք գոնե իմացեք, որ այն հին մեղադրանքը, որ ունեք  ձեզ մոտ,  շուտվանից փոխվել է, բայց  նորից նույն բանը նույն ձևով հրապարակվում էր՝  այսինքն, այս հետաքրքրվածություն ասվածը եղել է ընդամենը դատաքննության ինչ-որ մի փուլում, բայց որ դատաքննությանը գան մասնակցեն, ցանկանան իրոք խորանալ, հասկանալ կատարվածը և այլն, այդպիսի բան չի եղել, դատաքննությանը որևիցե լրատվամիջոց չի մասնակցել։

Ի վերջո, ԳՄարգարյանի գործի հետ կապված ի՞նչ սպասելիքներ ունեք այս փուլում՝  այսինքնո՞րն է այս գործով  արդար դատավճիռն, ըստ Ձեզ։

Ես կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը, վեր կկանգնի  Վերաքննիչ դատարանի ստերիոտիպերից և կկայացնի արդար դատավճիռ, իսկ եթե մենք չունենանք հայրենական դատական համակարգում մեր պատկերացրած արդար դատավճիռը,  պատրաստվում ենք մինչև ՄԻԵԴ խնդիրն առաջ քաշել։ Մանավանդ, որ խափանման միջոց կալանքը չփոխելով, օրենքի բացահայտ խախտումների պայմաններում վերջինիս կալանքի տակ պահելով, իմ կարծիքով, տեղի է ունեցել մարդու  խոշտանգման արգելված արարք, որը մարդու իրավունքների կոնվենցիայով նախատեսված է որպես պետության կողմից չթույլատրված, արգելված գործողություն և այդ կապակցությամբ մենք մինչև ՄԻԵԴ  պատրաստվում ենք բողոքարկել, եթե Վճռաբեկ դատարանը նույնպես ականջալուր չեղավ մեր բերած փաստարկներին։

Զրուցեց՝ Ա.Հովհաննիսյանը

 

Նույն շարքից