Գլխավոր Վերլուծական Տնտեսություն 

Բնապահպանության և ընդերքի տեսչությունը վերածվել է անձնական շահեր սպասարկող կառույցի

analitik.am

Վերջին շրջանում բավականին աղմուկ է բարձրացել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված: Մի խումբ մարդիկ փակել են դեպի հանք տանող ճանապարհը և չեն թողնում շարունակել հանքի աշխատանքները: Ի վերջո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի և եզրակացություն տա Ամուլսարի հետ կապված: Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, փորձագետներ կներգրավվեն, կուսամնասիրեն, եզրակացություն կտան և պարզ կդառնա՝ արդյոք հանքի շահագործումը պարունակում է վտանգներ, թե՝ ոչ: Սակայն, երբ ուսումնասիրում ենք հանձնաժողովում  ներգրավված անձանց և վերջիններիս գործունեությունը, ապա պարզ է դառնում, որ բացարձակ սուբյեկտիվ վերաբերմունք է լինելու վերոնշյալ հանձնաժողովի կողմից:

Նախ սկսենք նրանից, որ  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հանդիսանում է «Էկոլոգիական իրավունք» ՀԿ նախագահը: Հասկանալու համար, թե ինչ սուբյեկտիվ մոտեցում կարող է ունենալ  Ամուլսարի գործում պետության ներկայացուցիչը, բավական է նշել միայն այն, որ Արթուր Գրիգորյանի ղեկավարած ՀԿ-ն և «Լիդիան Արմենիա» ընկերությունն անցնում են դատական գործընթացով՝ հակադիր  բևեռներում: Ստացվում է, որ Ամուլսարի հանքում  ստուգում իրականացնող տեսչական մարմնի ղեկավարն ունի անձնական, սուբյեկտիվ պատճառներ, որպեսզի ստուգումների արդյունքներն իր ուզած հունով տանի, քանի որ այս պահի դրությամբ դատարանում քննվում է գործ, որի մի կողմում Արթուր Գրիգորյանն է իր ՀԿ-ի հետ միասին, մյուս կողմում՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը: Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստացվում՝ հնարավորություն ունենալ  ստուգումներ իրականացնել մի կազմակերպությունում, որի արդյունքներից է ինչ-որ չափով կախված դատական  հայցի ճակատագիրը, որը  ներկայացված է այդ կազմակերպության դեմ: Սրանից ավելի սուբյեկտիվ մոտեցում մեկ էլ կարող էր լինել այն դեպքում, եթե հանձնաժողովի կազմում ներգրավված անդամներն էլ ունենային սուբյեկտիվ շահեր և անձնական թշնամանք «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ:

Պարզվում է, որ տեսչական մարմնի ղեկավարն այս հարցն էլ է կարգավորել՝ հանձնաժողովի կազմում ներգրավել է բացառապես «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության դեմ հանդես եկող անձերի և կազմակերպությունների: Այսպես.

Հանձնաժողովում  ներգրավված է Լևոն Գայստյանը, ով ոչ միայն երկար ժամանակ պայքարում է Ամուլսարի դեմ, այլ ուղղակի մերժում է հանքի շահագործումը՝ նույնիսկ, եթե ամբողջ աշխարհն ապացուցի, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում ռիսկերը մինիմալ են կամ չկան: Այս ծայրահեղական մոտեցումներով ակտիվիստը ներգրավված է հանձնաժողովում, ինչը նշանակում է, որ նա ոչ թե փորձելու է հասկանալ, թե ինչ վտանգներ կարող է պարունակել հանքի շահագործումն, այլ ուղղակի մերժում է շահագործումը և վերջ:

Թեհիմա Ենոքյան՝ Ամուլսարի հանք տանող ճանապարհը փակած ակտիվիստներից մեկը, ով Արթուր Գրիգորյանի հետ ներգրավված է Լիդիան Արմենիայի հետ կապված դատական գործընթացում: Անձ, ով ոչ միայն դեմ է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը, այլ նաև շահագրգռվածություն ունի՝ այս դեպքում դատական գործընթացի ելքը:

Նազելի Վարդանյան՝ ակտիվիստ, ով մշտապես հանդես է եկել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ, արտահայտվել է խիստ բացասական և չի ընդունել որևէ հակափաստարկ, ուղղակի չի ցանկացել լսել:

Արմեն Սաղաթելյան՝ մարդ, ով անձնական դրադապատճառներ ունի Ամուլսարի ոսկու  հանքի շահագործմանը դեմ լինելու համար,  քանի որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վաղեմի ընտանեկան և մասնագիտական  թշնամանք կա Արմեն Սաղաթելյանի և «Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավար կազմում ներգրավված անձանցից մեկի միջև:

Արթուր Բունիաթյան՝ մարդ, ով ոչ միայն Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանն է դեմ , այլ նաև սպառնացել է դիմել զենքի, արյուն թափել՝ նշելով, որ հատ-հատ բոլորի ընտանիքներին գիտի: Այժմ այս անձը ներգրավված է Ամուլսարի ոսկու հանքում ստուգումներ անցկացնող հանձնաժողովում և սա այն դեպքում, երբ վերջինս ուղղակի ծայրահեղական մոտեցումներ ունի, չունի որևէ բան լսելու ցանկություն այն աստիճան, որ պատրաստ է դիմել զենքի օգնությանը:

Աննա Շահնազարյան՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստ, ով նույնպես ունի ծայրահեղ բացասական վերաբերմունք հանքի շահագործման հետ կապված, չի ցանկանում լսել որևէ հակափաստարկ:

Հասմիկ Սարգսյան՝ Ջերմուկի ՀՀԿ-ական ավագանու անդամ, ով նույնպես խիստ բացասական տրամադրվածություն ունի  Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցում և հարցազրույցներից մեկում պնդում է, թե  Ջերմուկում  նարնջագույն ձյուն է գալիս:

Միհրդատ Ներսիսյան՝ ակտիվիստ, ով նույնպես խիստ բացասական է տրամադրված  և մշապես հանդել է եկել այն պնդմամբ, որ Ամուլսարի ոսկու հանքն առհասարակ չպետք է շահագործվի:

Ահարոն Արսենյան՝ Ամուլսարի հանքը փակող ակտիվիստներից, ով իր հարցազրույցներում մշտապես դեմ է արտահայտվել հանքի շահագործմանը և Լիդիան ընկերության գործունեությանը:

Նշենք, որ Արթուր Գրիգորյանը ցանկանում է, որ ստուգումները լուսաբանեն Հետք-ի լրագրողները, ովքեր նույնպես մշտապես Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ են հրապարակումներ արել՝ չնայած ոչ մի անգամ չեն այցելել Ամուլսար, չեն փորձել անգամ տեղեկանալ  Լիդիանի տեսակետներին, հասկանալ տեղում, թե ինչպես է հանքը շահագործվում և արդյոք իրականությանը համապատասխանում են ակտիվիստների պնդումները, թե՝ ոչ:

Ահա այսպիսի կազմով է պատրաստվում Արթուր Գրիգորյանի ղեկավարած տեսչությունը ստուգումներ անցկացնել Ամուլսարի ոսկու հանքում: Նշենք նաև, որ մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ Ամուլսարի հանք տանող ճանապարհը փակած ակտիվիստներից շատերը տարբեր ժամանակներում դիմել են «Լիդիան Արմենիա» ընկերություն՝ աշխատանքի ընդունվելու, սոցիալական ծրագրերի համար հովանավորչություն ստանալու համար, սակայն մերժվել են, քանի որ չեն համապատասխանել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից դրված պահանջներին, ինչից հետո որոշել են դառնալ բնապահպան ակտիվիստ: Այս հարցի հետ կապված մենք հարցում ենք արել «Լիդիան Արմենիա»  ընկերություն, ուստի պատասխան ստանալուն պես մանրամասն կներկայացնենք, թե ակտվիստներից ով ինչ անձնական շահագրգռվածություն ունի, որ պայքարում է Ամուլսարի հանքի  շահագործման դեմ:

Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ վկայում է այն, որ պաշտոնը շարունակվում է օգտագործվել սեփական ամբիցիաները և շահերը պաշտպանելու համար: Ստեղծված իրավիճակում փոխանակ ԱԱԾ-ն զբաղվի այն հարցով, որ  պարզի, թե Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստներն ինչ մոտիվացիա ունեն իրականում, որտեղից են ֆինանսավորում ստանում և ինչի է պետական տեսչական մարմնի ղեկավարը սեփական հարցերը լուծելու համար օգտագործում իր լծակները, բերման է ենթարկում սպառնալիք հնչեցրած ակտիվիստին, այնուհետև անհասկանալի հիմնավորումներով ազատ արձակում: Լիդիան ընկերության շուրջ ստեղծված իրավիճակն ի վերջո կարող է ազգային տնտեսական անվտանգության համար սպառնալիք դառնալ, որը ոչ միայն ներկայիս Հայաստանի համար կունենա բացասական հետևանքներ, այլ նաև ապագա սերունդները ստիպված կլինեն պարտքեր ու տուգանքներ մուծել ներկայումս մի խումբ մարդկանց անձնական շահերի և ամբիցիաների բավարարման համար, որոնցից մեկն էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն է:

Եզրափակելով, ուղղակի կոչ ենք անում համապատասխան մարմիններին զբաղվել վերոնշյալ հանձնաժողովի կազմով և այնտեղ ներգրավվել օբյեկտիվ դիրքորոշում ունեցող մարդկանց, ինչպես նաև այնպիսի մարմին նշանակել որպես վերահսկող, ով անձնական շահ չունենա հանձնաժողովի եզրակացության մասով, այլապես ստեղծվում է իրավիճակ, երբ պետական ռեսուրսն օգտագործվում է ինչ-որ անձի և անձերի՝ այս դեպքում Արթուր Գրիգորյանի և մնացածի,  շահերը պաշտպանելու և առաջմղելու համար:

 

Նույն շարքից