Գլխավոր Տնտեսություն 

Արարատ Միրզոյանի «շարադրությունն» ու ՀՀ-ում կատարված ներդրումների իրական վիճակը

analitik.am

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հաշվետվություն է հրապարակել հունիսի 11-14-ն Իտալիայի մայրաքաղաք Հռոմ այցի վերաբերյալ: Հաշվետվության մեջ նշվում է, որ այցի նպատակը ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հայազգի գործարարների հետ հանդիպումներ ունենալն է:

Արարատ Միրզոյանը նշել է, որ հանդիպել է «Սարտիս» ընկերության ղեկավար Գագիկ Սարուխանյանի հետ՝ քննարկելով թեթև արդյունաբերության ոլորտի հետագա զարգացումը ՀՀ-ում: Նախ նշենք, որ Գագիկ Սարուխանյանը գուցե  ավելի շատ է տեղյակ Հայաստանում թեթև արդյունաբերության վիճակից, քան Միրզոյանը,  քանի որ վաղուց ներդրումներ է անում ՀՀ-ում՝ հիմնելով Վանաձորում «Սարտիս-Գլորիա» ձեռնարկություն կարի ֆաբրիկան և այլն: Սարուխանյանը բազմաթիվ նվիրատվություններ և բարոգործություններ է արել Հայաստանում դեռ այն ժամանակ, երբ Արարատ Միրզոյանը գուցե երեխա էր: 2017-ին էլ Հանրապետության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար  Գագիկ Սարուխանյանը Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Ահա այս մարդու հետ է զրուցել Արարատ Միրզոյանը ներդրումներ ներգրավվելու հարցում:

Փոխվարչապետի հաջորդ հանդիպումը եղել է շվեյցարահայ բիզնեսմեն Վարդան Սըրմաքեշի հետ: Միրզոյանը նշում է, որ զրուցել է Սըրմաքեշի հետ Հին Երևան նախագծի իրականացման վերաբերյալ: Տեղեկացնենք Միրզոյանին, որ դեռևս 2014-ին Վարդան Սըրմաքեշը պայմանագիր է կնքել ՀՀ կառավարության հետ այն մասին, որ Հին Երևան նախագծի շրջանակներում շենքերի կառուցման համար նախատեսել է տրամադրել 120-150 միլիոն դոլար: Նշենք նաև, որ այս պայմանագիրն ուժի և ընթացքի մեջ է, ինչը նշանակում է, որ անհասկանալի է, թե ինչի շուրջ է այս թեմայի հետ կապված զրուցել Միրզոյանը: Հիշեցնենք նաև, Վարդան Սըրմաքեշը  դեռևս վաղուց է Հայաստանում  ներդրումներ կատարում բազմաթիվ ոլորտներում՝ կաշվի արտադրության, մորթու մթերման և վերամշակման և այլն:

Հաջորդ և ամենահետաքրքիր պահն Արարատ Միրզոյանի նշած հաշվետվության մեջ՝ Միրզոյանը ներդրումների մասին է խոսել մի ընկերության հետ, ով բաժնետեր է մի կազմակերպությունում , որը մոտ 400 միլիոն դոլարի չափով ներդրում է արել Հայաստանում, սակայն ՀՀ կառավարությունը չի կարողանում երաշխավորել այդ ներդրումները: Խոսքը վերաբերում է «Ամբեր Կապիտալ ներդրումային կառավարում» ընկերությանը, որն Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան» ընկերության բաժնետեր է: Ստացվում է իրավիճակ, երբ ՀՀ առաջին փոխավարչապետը ներդրումներ ներգրավվելու հույսով զրուցում է մի մարդու հետ, ում  ընկերությունն արդեն իսկ կատարել է խոշորագույն ներդրում Հայաստանում, սակայն կանգնել է փաստի առջև և գուցե որոշ ժամանակ անց դիմի միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ Հայաստանի:

Բավականին տարօրինակ է անգամ երազել, որ «Ամբեր Կապիտալ ներդրումային կառավարում» ընկերությունը կարող է գեթ մեկ դոլար այսուհետ ներդնել ՀՀ-ում, եթե «Լիդիան» ընկերության շուրջ ստեղծված անօրինական իրավիճակը ՀՀ կառավարությունն ունակ չլինի կարգավորել, քանի որ դա կնշանակի, որ որևէ ներդրում ՀՀ-ում չի կարող ապահովագրված լինել նույնիսկ այն դեպքում, երբ կառավարությունն է երաշխավորում դրանք, իսկ «Լիդիան» ընկերության դեպքում հենց այդպես է:

Գուցե Արարատ Միրզոյանը հույս ունի, որ  «Ամբեր Կապիտալ ներդրումային կառավարում»  ընկերության հայազգի համահիմնադիր Ժոզեֆ Ուղուլրյանը՝ հայրենասիրական մղումներից ելնելով, կհամոզի միջազգային բորսայի անդամ «Լիդիան» կազմակերպության բազմաթիվ խոշորագույն բաժնետեր միջազգային կազմակերպություններին՝ այդ թվում իր իսկ «Ամբեր Կապիտալ ներդրումային կառավարում» ընկերությանը, որ ՀՀ-ն, այդուհանդերձ, ապահով և գրավիչ երկիր է ներդրումների համար:  Չնայած ՀՀ կառավարությունը  չի կարողանում երկրի խոշորագույն ներդրումային ծրագրի գործունեությունն ապահովել, բայց, միևնույն է, ՀՀ-ն ներդրումային առումով  գրավիչ երկիր է: Անահսկանալի է, իհարկե, թե ինչու պետք է դա այդպես լինի, ինչևէ,  սա վկայում է Միրզոյանի կամ անփորձության, կամ էլ բիզնես ոլորտից բացարձակ անտեղյակ լինելու մասին:

Եզրափակելով Արարատ Միրզոյանի հաշվետվության վերաբերյալ մեր դիտարկումները՝ ընդամենը փաստենք, որ ներդրում ներգրավելու և գրավիչ երկիր դառնալու համար առաջին հերթին պետք է գրավիչ օրինակ ունենալ, որը կներկայացվի միջազգային շուկաներում, ունենալ կազմակերպություններ, որոնք դրական արձագանքներ կտան ՀՀ-ի մասին, ապահովել արդեն իսկ արված ներդրումների անխափան աշխատանքը և այսպես շարունակ, այլ ոչ թե Հռոմում թեյի կամ սուրճի բաժակի շուրջ մի քանի րոպեանոց դիվանագիտական ժպիտով զրույցից ոգևորված հաշվետվություն, ավելի շուտ «շարադրություն»,  ներկայացնել՝ առանց հաշվի նստելու իրականության և փոփոխված իրողությունների հետ:

Նույն շարքից