Քաղաքական Հարցազրույց գլխավոր 

Ամենամեծ վտանգն այն է, որ Հայաստանը հիմա չունի զարգացման ծրագիր. Արմեն Բադալյան

Analitik.am-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ։

Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը:

Հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը գնահատում եմ անհասկանալի, որովհետև անհասկանալի է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, այլ նաև ընդհանրապես Հայաստանի իշխանությունների կողմից վարող արտաքին քաղաքականությունը, որը բացատրվում է մեկ պատճառով՝ ՀՀ իշխանությունը չունի արտաքին քաղաքականության հայեցակարգ, և այդ հայեցակարգի բացակայությունը հանգեցնում է տհաճ երևույթների տարբեր ուղղություններում, լինի հայ-ռուսական հարաբերություն, լինի Հայաստան-Եվրամիություն հարաբերություն, լինի Հայաստան- Միացյալ Նահանգներ հարաբերություն: Այդ հայեցակարգի բացակայությունն է, որ հանգեցնում է տհաճ երևույթնների: Սա ճգնաժամ չէ, սա ուղղակի անհասկանալի պահ է, որը հետագայում կարող է արագանալ, եթե այդ հայեցակարգը չլինի:

Լավրովը հայտարարեց, որ վերջին շրջանում ՀՀ իշխանությունների կողմից արված  ձերբակալությունները և մեղադրանքները սկսել են անլուրջ թվալ: Հնարավո՞ր է, որ ՀՀ վարկանիշը միջազգային հարթակներում տուժի նման գործելաոճի արդյունքում:

ՀՀ-ի վարկանիշը կտուժի ոչ թե ձերբակալություններով կամ կոռուպցիայի դեմ պայքարով, այլ եթե արտաքին քաղաքական հայեցակարգ չլինի և ՀՀ-ի հարաբերությունները դաշնակից երկրների հետ հասկանալի չլինեն դաշնակից երկրներին: Մասնավորապես՝ ի՞նչ է ուզում Հայաստանը Եվրամիությունից, ի՞նչ է ուզում Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից, ՆԱՏՕ-ից, Չինաստանից, Իրանից, այսինքն, անհասկանալի է ՀՀ-ի արտաքին քաղաքականությունն այդ երկրներում, որովհետև ՀՀ արտաքին քաղաքականությունն ինչպես արդեն երևում է, մասնավորապես, կայանում է սրանում.ՀՀ-ի իշխանությունները ցանկանում են վաճառել մայիսի 9-ին տեղի ունեցած հեղափոխությունն այդ երկրներին՝ մասնավորապես Եվրամիությանը, նշելով, որ մեր մոտ տեղի է ունեցել ժողովրդավարական հեղափոխություն, ուրեմն մեզ փողով օգնեք: Սա լուրջ չէ և սա բնականաբար չի գնվի Եվրամիության կողմից և նման անհասկանալիությունը հետագայում կարող է իրոք ազդել ՀՀ  իշխանությունների վարկանիշի վրա և նրանց ուղղակի լուրջ չընդունեն:

Ի՞նչ ազդեցություններ կունենան այս զարգացումները ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ վարկանիշի վրա, կարո՞ղ է արդյոք գալ մի օր, երբ ՌԴ-ն ՀՀ-ին սպառազինություն վաճառելու հետ կապված ոչ մեզ ձեռնտու որոշումներ կայացնի՝ հաշվի առնելով ՌԴ-ից եկող բավականին կոշտ մեսիջները և հայտարարությունները:

Քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է, ոչինչ չեմ կարող բացառել և դա կախված է նրանից, թե ՀՀ իշխանություններն ինչ են ուզում ՌԴ-ից, որովհետև տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ-ի իշխանությունները հնարավոր բոլոր վայրերում, բոլոր լրատվամիջոցներում, բոլոր ժամանակ միայն մեկ նախադասություն են ասում. «Մեր արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխվում »: ՀՀ իշխանություններին թվում է, որ այդ նախադասությունը կամ այդ միտքը կհայտնեն, ՌԴ իշխանություններն էլ կասեն՝ հա, դե որ ոչ մի բան չի փոխվում, ուրեմն շատ լավ է, եկեք բարեկամ երկրներ դառնանք: Այդպես չի լինում, կա ռեալ պոլիտիկ և դա հենց այն է, որ պետք է հասկանանք, թե դու ինչ ես ուզում: Իրենք տեսնում են, որ մեծ ոգևորություն կա Եվրամիության իշխանությունների կողմից, որոնք որոշակի խանդով են վերաբերվում և դա կարող է իրոք ազդել Հայաստան- ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ  ապագա գործունեության վրա և այդ էր պատճառը, որ ՀՀ վարչապետը Եվրամիությանն ասեց՝ ձեր ոգևորությունն իջեցրեք, որովհետև մենք ՌԴ-ի հավատարիմ դաշնակիցներն ենք: ՀՀ իշխանություններն այս պահի դրությամբ մենակ դա են առաջ քաշում, իսկ դրանով ոչ մեկին չես կարող խաբել, որովհետև 10 անգամ դա ասեցին, բայց մեկ է Լավրովն իր միջամտական բնույթ կրող հայտարարությունն իրականացրեց, ինչը նշանակում է, որ ՀՀ իշխանությունները պետք է դրանից դաս քաղեն և մշակեն արտաքին քաղաքականության հայեցակարգը, բայց ոչ միայն չի մշակում այդ հայեցակարգը, այլ նաև այդ հայեցակարգի քննարկման վերաբերյալ ոչ մի գործողություն չի ձեռնարկվում։ Սա է ամենամեծ խնդիրը՝ արտաքին քաղաքական հայեցակարգի բացակայությունը, որը փոխարինվում է փիառով, որովհետև ՀՀ վարչապետը մի քանի անգամ հայտարարություն է արել, որ մենք պետք է բարձրացնենք ՀԱՊԿ-ի արդյունավետությունը և այստեղ հարց է առաջանում՝ դու ո՞նց ես բարձրացնում ՀԱՊԿ-ի արդյունավետությունը, ի՞նչ քայլեր են իրականացվելու, եթե այդ քայլերի մասին որևէ խոսք չկա, ընդամենը նշվում է, որ հեղափոխություն է տեղի ունեցել և հեղափոխական ճանապարհով պետք է ՀԱՊԿ-ի արդյունավետությունը բարձրացնենք: Նույնն էլ վերաբերում է ԵԱՏՄ-ին, մենք պետք է բարձրացնենք ԵԱՏՄ-ի արդյունավետությունը, բայց ի՞նչ քայլերով, իրար հետևից ի՞նչ քայլ պիտի անես, ի՞նչ գործընթացով, ոչ մի բան դրա մասին չի խոսվում: Այսինքն՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը միգուցե փոխվում է փիառով, բայց փիառը չի ընկալվում ոչ մի երկրի կողմից, իսկ դա կարող է հետագայում լուրջ պրոբլեմների բերել:

Ներքաղաքական զարգացումներով պայմանավորված ինչ-որ վտանգներ տեսնո՞ւմ եք ՀՀ անվտանգության համար, եթե այո, ապա կոնկրետ ի՞նչ վտանգների մասին է խոսքը:

Ամենամեծ վտանգը, որը տեսնում եմ, այն է, որ այս պահի դրությամբ Հայաստանը չունի զարգացման ծրագիր և չգիտենք Հայոց պետությունը ինչպես է զարգանալու, ընդհանրապես, որ ուղղությամբ է զարգանալու: Սահմանադրությունը փոփոխվելու է, թե չի փոփոխվելու, օրենսդրությունը մնալու է, թե փոփոխվելու է, տնտեսությունն ինչ շուկայում է զարգանալու, հարկային փոփոխություններ լինելու են, թե չեն լինելու, մաքսային փոփոխություններ տեղի են ունենալու, թե ոչ, այսինքն երկրի զարգացման ծրագիր գոյություն չունի և դա ամենամեծ վտանգն է, որովհետև եթե երկիրը զարգացման ծրագիր չունի, բնականաբար, այդ երկրում սկսում է անորոշություն, ներդրումներ չեն լինում, արտագաղթը շարունակվում է, այ սա է ամենամեծ պրոբլեմը, Հայաստանը չունի զարգացման ծրագիր և դրա շուրջ քննարկումներ էլ անգամ չկան:

ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրում ՀՀ պաշտապնության քաղաքականության մասում նշված էր, որ ՀՀ-ն որդեգրել է ճկուն պաշտպանության քաղաքականություն, ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ վտանգներ է պարունակում:

Դա ընդամենը բառախաղ էր, ուրիշ ոչինչ, ընդամենը գեղեցիկ բառեր են, որոնք ծրագրի մեջ գրել են՝ ՀՀ գյուղում գյուղատնտեսությունը զարգացնենք հեղափոխական ճանապարհով, պաշտպանությունը դարձնենք ավելի ճկուն՝ այսինքն, սրանք զուտ բառախաղեր են, որոնց տակ միտք, որպես այդիսին չկա: Չկա միտք, չկան քայլեր, չկա հստակ գործողություն, ընդամենը գեղեցիկ բառեր, ոչ ավել:

Ինչպե՞ս եք գնահատում այն, որ  հաճախ սոցիալական ցանցերի տիրույթում հարձակումներ են լինում այս կամ այն անձի վրա: Ի՞նչ կասեք այս մասով, որքանո՞վ է սա օրինաչափ և ընդունելի:

Դա հասկանալի է, հետհեղափոխական սինդրոմ է, երբ որ հեղափոխության ճանապարհով իշխանության եկած ուժի կողմնակիցները ցանկացած այլընտրանք համարում են հեղափոխություն և թշնամաբար են վերաբերվում այդ մտքին: Դրա դեմ մենք արդեն ունենք մեր պաշտպանության ձևը։ Ընդհանրապես չպետք է հաշվի առնել սոցիալական ցանցերում նման մտքերը:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից