Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Ու՞մ հմուտ ջանքերով ՀՀ-ին նման լուրջ վնաս հասցվեց. Խաչատուրովին առաջադրված մեղադրանքի հետքերով

analitik.am

Այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ շարունակվում է քննարկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցը:

Մինչ ԱԳՆ-ն քննարկում է Խաչատուրովին փոխարինելու հարցը ՌԴ-ն մի շարք ձևերով փորձում է մեսիջներ հասցնել հայկական կողմին: Օգոստոսի 12-ին EADaily պարբերականում հրապարակված հոդվածում հերթական անգամ ուղիղ տեքստով ասվում է այն մասին, որ ՌԴ իշխանությունները դժգոհ են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործից և դա համարում են մարտահրավեր ՌԴ-ին: Ավելին՝ նշվում է, որ ՀՀ իշխանությունները լսում են ամերիկյան տարբեր կառույցների և ազդեցությունների տակ գտնվող մարդկանց: 

Պարբերականը նշում է, որ Յուրի Խաչատուրովին անհապաղ կալանավորելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի՝  ամերիկյան ազդեցության տակ գտնվող  խորհրդականի հորդորով։  Ըստ տեղեկության, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը պնդել է, որ պետք է Խաչատուրովին անհապաղ կալանավորել՝ նախքան պաշտոնապես հետ կանչելը:  

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրին,  անդրադառնում է նաև այն հարցին, որ բոլորն իմացել են, թե ինչ հետևանքներ կունենա Խաչատուրովի դեպքում շտապողականություն ցուցաբերելը . «Բոլորս էլ գիտեինք, որ Խաչատուրովը որևէ տեղ չի փախչելու։ Ուշ, թե շուտ նա ստիպված էր լինելու պատասխանել քննության հարցերին։ Պարզ էր նաև, որ նրա ցուցադրական կալանավորումը կարող է Ռուսաստանի կողմից ընկալվել որպես դեմարշ մեր կողմից, մինչդեռ Հայաստանի նոր կառավարության խնդիրն, ընդհակառակը, Մոսկվայի հետ հարաբերությունների մթնոլորտի բարելավումն էր» ։ 

Այս հատվածում ռուսական կողմն ուղարկում է հաջորդ մեսիջը, որ իրենք հասկանում են, որ Խաչատուրովին կալանավորելու որոշման հետևանքների մասին ՀՀ իշխանությունները նախապես իմացել են  բայց, այդուհանդերձ արել են այդ քայլը: 

Ռուսական ԶԼՄ-ն մանրամասն ներկայացրել է, թե ինչ կապեր ունի Արսեն Խառատյանն ամերիկյան հիմնադրամների և պետական կառույցների հետ՝ Ջորջ Մեյսոնի համալսարանի շրջանավարտ է և ժամանակին եղել է «Ամերիկայի ձայնի» թղթակիցը։ Մինչև վերջերս էլ հանդիսանում էր Թբիլիսիում գործող Aliq Media լրատվական կայքի գլխավոր խմբագիրը, որը հիմնադրել էր Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի՝ NED-ի և Ջորջ Սորոսին պատկանող «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի վրացական բաժանմունքի ֆինանսական աջակցությամբ։ 

Այնուհետև ռուսական ԶԼՄ-ն հերթական անգամ  հիշեցնում է այն մասին,  որ Մոսկվայում խոսում են  ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում  Հայաստանի առաջարկած հաջորդ թեկնածուին քվեարկության ժամանակ մերժվելու մասին, քանի որ Երևանում շարունակվում է տուրբուլենտային ներքաղաքական պրոցեսները և չի բացառվում, որ նոր թեկնածուն էլ ապագայում կարող է լինել մեղադրանքների թիրախ։ 

Այսօր էլ ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը  հարցազրույց  տվեց «Առաջին լրատվական»-ին, որտեղ հաստատեց այս բոլոր կետերը՝ նշելով, որ Հայաստանը շատ անլուրջ է վերաբերվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին: Ըստ Եվսեևի, Հայաստանում կարծրացած է այն տեսակետը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդամենը հարսանիքի թամադա է, երբ ուզեն, կփոխեն՝ հիշեցնելով, որ դա այդպես չէ և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հսկայական պարտավորություններ ունի հետխորհրդային տարածքում անվտանգության ապահովման հարցում:

Փորձագետը նաև խոսեց  այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը ռոտացիայով է տեղի ունենում, բայց բացի ռոտացիայից՝ անհրաժեշտ է նաև կազմակերպության մյուս անդամների համաձայնությունը. «Հայաստանում չգիտես ինչու մտածում էին, որ բավական է առաջարկել մեկ այլ մարդու, և նա ավտոմատ կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, բայց այդ մոտեցումը ծայրաստիճան սխալ է։ Սխալ է, որովհետև ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի և Հայաստանի հետ կապված բոլոր խնդիրների մասով տարբեր տեսակետ ունեն՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում։

Այդ պատճառով՝ ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման, այնպես էլ փոփոխության ժամանակ այդ հանգամանքները պետք է հաշվի առնվեն»։ Եվսեևը հերթական անգամ հայկական կողմին հիշեցրեց, որ Հայաստանն իրավունք ունի հետ կանչել իր ներկայացուցչին, բայց չափազանց դժվար կլինի անդամ բոլոր պետություններին համոզել, որ նրան փոխարինեն մեկ այլ ներկայացուցչով: Ստացվում է, որ Յուրի Խաչատուրովին հետկանչելու արդյունքում, Հայաստանն, ամենայն հավանականությամբ, կորցնելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը. «Երբ նշանակում էին այժմյան գլխավոր քարտուղարին, Ռուսաստանը մեծ ջանքեր էր գործադրում, որ հենց Հայաստանի ներկայացուցիչը լինի, բայց առնվազն Ղազախստանն այդ որոշման հետ կապված առարկություն ուներ։ Դուք գիտեք, որ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Ղազախստանը պաշտպանում է ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին։ Ուստի ոչ մի վստահություն չկա, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի ներկայացուցիչը։ Հայաստանում, ցավոք սրտի, այդպիսի ընկալում չեղավ»,- նշել է փորձագետը։

Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու պահից  ռուսական կողմը տարբեր մակարդակներով ՀՀ-ին ասում էր այս պարզ ճշմարտությունը, սակայն անհասկանալի պատճառներով Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց առաջ որևէ մեկը չի մտածել այս ամենի, ինչպես նաև  ՀՀ-ՌԴ, ՀՀ-ՀԱՊԿ հավանական կոնֆլիկների և դիվանագիտական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին: Փորձագետը նաև նշում է, որ, ամենայն հավանականությամբ, երբ հետ կանչվի այժյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նրան կփոխարինի Բելառուսի ներկայացուցիչը: Փաստացի, ստացվում է, որ Հայաստանի համար այս ամբողջ պատմության նպատակը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնե՞լն էր: 

ՀՀ իշխանությունը  Յուրի Խաչատուրովին մեղադրանք  առաջադրեց, որի հիմքերի մասին պարզաբանում չտրվեց  անգամ Խաչատուրովի փաստաբաններին, դատարանն էլ հաստատեց, որ Խաչատուրովն առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, ՀԱՊԿ-ին նախապես չտեղեկացրեցին, որ քրեական վարույթ է սկսվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ, այնուհետև թույլ տրվեցին մի շարք կոպիտ սխալներ հայկական կողմից, ռուսական կողմը տարբեր եղանակներով մեսիջներ  ուղարկեց, ուղիղ տեքստով հայտարարություններ արեց  և այս ամբողջ անհասկանալի դիվանագիտական լարվածությունը հանգեցրեց  նրան, որ Հայաստանը կարող է կորցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչը հաստատում է նաև Եվսեևը:

Նա իր հարցազրույցը եզրափակում է այն մտքով, որ Հայաստանի հարցով ՀԱՊԿ-ի ներսում կոնսենսուս չկա և նման գործողություններով Հայաստանն իրեն պարզապես զրկեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի դերում ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից՝ վերջում նշելով, որ  իրավիճակը փրկել հնարավոր չէ, ու, ամենայն հավանականությամբ, նոյեմբերին Բելառուսի ներկայացուցիչը կստանձնի այդ պաշտոնը։ Դա պետք է ուղղակի որպես փաստ ընդունել:

Եզրափակելով՝ նշենք, որ այս ամենի արդյունքում արձանագրվեց  մի փաստ, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու միակ նպատակը  ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկվելն էր, իսկ թե ում հմուտ ջանքերով է Հայաստանին նման լուրջ վնաս հասցվում, կարծում ենք, հենց իշխանությունը պետք է պարզի ու պատասխանատվության ենթարկի: Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովին առաջադրած մեղադրանքին, արդեն այսօր պարզ է, որ այն երկար կյանք չի ունենա, քանի որ ոչ հիմքերն են պարզ, ոչ էլ առնչությունը, ինչը հիմնավորվել է նաև դատարանում:

Նույն շարքից