Գլխավոր Հասարակություն Վերլուծական 

Հայաստանում քարոզվում է խաղաղություն այն դեպքում, երբ Ադրբեջանում քարոզում են հայատյացություն. Թեմայի հետքերով

analitik.am

Կարող է՞ արդյոք ավելի լավ բան լինել, քան խաղաղությունը՝ իհարկե ոչ։

Սակայն, լինում են դեպքեր, երբ խաղաղության ձգտելը կարող է ավելի վնասակար լինել պետության համար։ Արցախի դժվարին ազատագրումից և բնաջնջման վտանգից խուսափելուց հետո մենք պետք է էլ ավելի ձգտեինք անվտանգության համակարգն ուժեղացնել և զինվել ոչ միայն համբերությամբ, այլ նաև զինամթերքով, քանի որ մեր վտանգավոր շրջապատը ոչ միայն չի փոխվում, այլ ավելի է ռադիկալացվում իր հայատյացության և վրեժխնդիր լինելու մեջ։ Թե Ադրբեջանից և թե Թուրքիայից պարբերաբար հնչող սպառնալիքները պետք է  անհանգստացնեն հայ հասարակությանը՝ մոբիլիզացնելով  բանակի և պետական անվտանգության ինստիտուտների շուրջ։ Սակայն, Հայաստանում և Արցախում որոշ մարդիկ իրենց վրա վերցնում են խաղաղության աղավնու դերը և ֆինանսավորվելով տարբեր հիմնադրամներից փորձում են զարգացնել  «խաղաղություն ամեն գնով» գիծը։

Նրանք ցույց են տալիս տնտեսական ապագա հնարավոր շահեր՝ համարելով Սումգայիթյան և Բաքվի ջարդերը տեսած և Ցեղասպանության միջով անցած հայ հասարակության կարծիքը հարևանների մասին կարծրատիպային:

Գաղտնիք չէ, որ հայկական պետությունների անվտանգության միակ երաշխավորը մեր զինված ուժերն են, սակայն այդ մարդիկ բանակի հզորացումը համարում են խաղաղության հաստատման «տապալում», մոռանալով հիշատակել ներկա Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների ռազմատենչությունը և հայատյաց հայտարարությունները։ Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչու են հենց Հայաստանում և Արցախում ֆինանսավորում խաղաղության քարոզն այն դեպքում, երբ մենք չենք ատելություն սերմանում:

Մի հետաքրքիր փաստ էլ՝ խաղաղաշինությամբ զբաղվող համարյա բոլոր կազմակերպությունները ներգրավված են հակաբանակային քարոզչության մեջ, ակտիվ դեմ էին ազգ-բանակ կոնցեպտին և ռազմահայրենասիրական դաստիարակությունը  համարում էին  միլիտարիզացիայի և ռադիկալիզացման նշան։

 

Այդ հիմնադրամները գործունեություն են ծավալում նաև Արցախում՝ ֆինանսավորելով  The European Partnership for the Peaceful Settlement of the Conflict over Nagorno-Karabakh-ին (EPNK), «Արցախի եվրոպական շարժում»-ին, որը 2014 թ-ին  Արցախի որոշ շրջաններում Դիանա Մովսիսյանի գլխավորությամբ իրականացրեց  «Խաղաղության հեքիաթներ» ծրագիրը։

Նույն այդ շարժումը տեղական մակարդակում համագործակցում է «Ստեփանակերտի մամուլի ակումբի հետ», որը ներգրավված է եղել եվրոպական կազմակերպությունների կողմից նախաձեռնած արցախա-ադրբեջանական ՀԿ-ների և լրատվամիջոցների միջև հարաբերությունների և կապերի ամրապնդման գործընթացում:

Նա նաև մասնակցել է տարբեր կոնֆերանսներին և քննարկումներին, Արցախի կողմից ադրբեջանցիների հետ համատեղ ակտիվ մասնակցություն է ունեցել տարբեր զեկույցներ և հետազոտություններ կազմելու և ներկայացնելու  գործընթացում։

«Ստեփանակերտի մամուլի ակումբի» ղեկավար  Գեղամ Բաղդասարյանն էլ ֆինանսավորվել է Բաց Հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կողմից և որպես «Հանրային օրակարգ» ՀԿ-ի ղեկավար ստացել է 20000 ԱՄՆ դոլար՝  հանրության մեջ ազգ-բանակ կոնցեպտի վերաբերյալ այլընտրանքային վերաբերմունք գեներացնելու համար։

 

 

Փաստենք, որ ինքնին խաղաղության ձգտումը ողջունելի է, սակայն մտահոգիչն այն է, որ խաղաղության քարոզով զբաղված կազմակերպություններն ակտիվ քննադատում և քարկոծում են բանակի ղեկավարությանը, գեներալներին,  ազգային, ռազմահայրենասիրական ցանկացած ծրագիր փորձում են վարկաբեկել և չեզոքացնել: Եվ դա այն պարագայում, երբ մեր թշնամի երկրների բանակները շարունակում են զինվել, հայատյացության մակարդակն էլ մնում է նույն աստիճանին: Դա մենք տեսանք նաև 2016 թվականի ապրիլին, երբ ամենադաժան կերպով սպանվեցին անմեղ քաղաքացիներ։ Այս պայմաններում շատ կարևոր է հասկանալ, թե ինչու են տարբեր հիմնադրամներ ֆինանսավորում նախագծեր, որոնց նպատակը  ՀՀ բանակի թուլացումն ու հասարակության շրջանում մարտունակության անկումն է: Այս մասին ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ:

Արմինե Սահակյան

Նույն շարքից