Հասարակություն Հարցազրույց 

Իրատեսական են արդյոք մետրոյի կայարան բացելու մասին Երևանի ընտրություններին մասնակցող ուժերի խոստումները

analitik.am

Սեպտեմբերի 23-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները: Թերևս կարևորագույն երկու հարցերը, որոնց մասին այսօր խոսում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, դա աղբահանությունն է և տրանսպորտը: Մասնավորապես տրանսպորտի մասով բոլորը խոստանում են մետրոյի գոնե մեկ կայարան բացել իրենց կառավարման տարիներին: Իսկ որքանով է դա իրատեսական, ինչ ծախսերի մասին է խոսքը և խոսել են արդյո՞ք քաղաքական ուժերը թեմայի մասին Մետրոպոլիտենի ղեկավարության հետ:

Այս հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն՝ Փայլակ Յայլոյանի հետ։

-Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը խոսում են մետրոյի կայարան բացելու մասին։ Մետրոպոլիտենի ղեկավարության հետ ինչ-որ մեկը հանդիպե՞լ է, թեկուզ խորհրդակցության համար, խոսե՞լ են Ձեզ հետ այդ մասին։

-Շատերը կարող են խոստանալ և նույնիսկ շատ ցանկանալ, որպեսզի Երևանում բացվի մետրոյի նոր կայարան, սակայն իրագործելն այդ խոստումները թե՛ ժամանակատար են և թե՛ ծախսատար։

Նոր կայարանի կառուցման վերաբերյալ խորհրդատվության կարգով քննարկում եղել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ։ Թույլ տվեք նշեմ նաև, որ հարցը բազմաթիվ անգամներ բարձրացվել և քննարկվել է և՛ Երևանի քաղաքապետարանում և՛ Քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչության  աշխատակիցների հետ։

-Ըստ Ձեզ պարոն Յայլոյան, իրատեսական են արդյո՞ք խոստումները։ Դատելով այսօր տիրող իրավիճակից՝ քանի՞ տարվա ընթացքոմ կարող ենք գոնե մեկ կայարան բացել։

-Խոստումներն իրատեսական են միայն ֆինանսավորման դեպքում։ Երևանի մետրոպոլիտենը սկսել է շահագործվել 1981 թվականից։ Այն ժամանակ մետրոպոլիտենն ուներ ընդամենը հինգ կայարան։ Ամեն երկու տարին մեկ շահագործման էր հանձնվում ևս մեկ նոր կայարան։ Վերջին կայարանը, որը շահագործման է հանձնվել 1996 թվականին դա Չարբախի կայարանն էր։ Ստացվում է այնպես, որ 15 տարվա ընթացքում մենք ունեցել ենք միայն ու միայն տասը կայարան։ Աշխարհի ոչ մի երկրի մետրոպոլիտենում նման պրակտիկա չկա, որ 1996 թվականից մինչ այսօր շահագործման հանձնված ոչ մի նոր կայարան չլինի։ Մետրոպոլիտեն ունենալը երկրի համար թանկ հաճույք է, քանի որ դինամիկ զարգացող ճյուղերից է ՝ սկսած նորագույն սարգավորումներից մինչև վճարման ժամանակակից համակարգեր։

Ցանկանում եմ ընդգծել, որ մենք ունենք հաշվարկների փաթեթ, որն իրենից ներկայացնում է, թե մեկ կայարան կառուցելու համար որքա՞ն գումար, ռեսուրս և ժամանակ է անհրաժեշտ և եթե լինի անհրաժեշտ ֆինանսավորում ապա կայարանը շահագործման կհանձնվի առնվազն երկու տարի հետո։

-Վերջին 5-10 տարում քայլեր արվե՞լ են մետրոյի ցանցն ընդլայնելու համար։

-Քայլեր միշտ արվել են, պարզապես անհրաժեշտ են լուրջ ֆինանասական միջոցներ։ Որպեսզի ընդհանուր պատկերացում կազմեք, թե ինչ թվերի մասին է խոսքը գնում ներկայացնեմ Ձեզ դրանք․

Եվրոպական խոշոր կառույցների առաջարկություններով և մեր աշխատակիցների ուսումնասիրություններով, որոնք հաշվի են առել միջազգային փորձն ու ստանդարտները, յուրաքանչյուր կայարան իր ենթակառուցվածքներով կառուցելու համար մոտ 150 մլն եվրո գումար է անհրաժեշտ։

- Ի վերջո ու՞մ պարտավորությունն է մետրոյի ցանցի ընդլայնումը, ումի՞ց պետք է բխի նախաձեռնությունը։

-Մետրոյի ցանցի ընդլայնումը պետք է լինի ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, քանի որ, մետրոպոլիտեն կառուցելու հարցով, զբաղվում են միայն ու միայն տվյալ երկրի առաջին դեմքերը։

- Ի՞նչ խնդիրներ ունի այսօր մետրոն, որոնք պետք է օր առաջ լուծել։

-Մետրոպոլիտենի խնդիրները բազմազան են ու բազմաբնույթ։ Ինպես արդեն նշեցի այն շահագործման է հանձնվել 1981 թվականին և մինչ այսօր մենք օգտագործում ենք ԽՍՀՄ արտադրության սարգավորումները, որոնք նույնիսկ արտադրությունից դուրս են եկել։

Ուստի ֆինանսական աջակցության դեպքում պետք է բարելավեն մետրոպոլիտենի պայմանները՝ սկսած շարժակազմից մինչև ավտոմատ հսկիչ կետեր։

Հընթացս Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ հարևանության ներդրումային գործիքի  աջակցությամբ տարվել և տարվում են վերանորոգման տարբեր աշխատանքներ, որոնք կիսով չափ են լուծում տալիս առկա խնդիրներին։

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից