Առողջապահություն Հասարակություն Մամուլի ակումբ 

«Աուտիզմ. Հաղթահարում» ՀԿ. հաջողություններ ու նոր նախագծեր

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում կայացավ «Աուտիզմ. Հաղթահարում» ՀԿ-ի տարեկան եզրափակիչ ժողովը, որի ընթացքում ներկայացվեց ՀԿ-ի տարեկան հաշվետվությունը: «Աուտիզմ. Հաղթահարում» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Մարգարյանը  ներկաներին ներկայացրեց   ՀԿ-ի կատարած ծավալուն աշխատանքն ու գործունեությունը: «Մենք համագործակցում ենք «Աուտիզմ Եվրոպայի» հետ, որի մեջ ընդգրկված են ավելի քան ութսուն կազմակերպություններ, և այն կարողանում է լուրջ ազդեցություն ունենալ քաղաքական ուժերի կայացրած որոշումների վրա: Կազմակերպությունը համագործակցում է  բոլոր տեսակի հաշմանդամների խնդիրներով զբաղվող տարբեր հայտնի կազմակերպությունների հետ: Այն ակտիվ համագործակցում է  նաև ՄԱԿ-ի հետ, և հենց «Աուտիզմ Եվրոպա»-յի ջանքերի շնորհիվ է, որ ապրիլի 2-ն ընդունվեց որպես աուտիզմի միջազգային օր: «Աուտիզմ Եվրոպայի» աջակցությամբ իրականացվում են աուտիզմի վերաբերյալ տարբեր միջոցառումներ, տպագրվում է նաև «LINK»  ամսագիրը»: Հասմիկ Մարգարյանը  նաև նշեց, որ «Աուտիզմ. Հաղթահարում» ՀԿ-ն անդամակցում է  և  «FULL MEMBER» է: «Ի՞նչ է մեզ տալիս այդ անդամակցությունը, ասեմ, որ շատ մեծ հաջողությունների ենք հասել այս կազմակերպության հետ համագործակցելով, և արդյունքը դուք նույնպես տեսնում եք: Մեր գործունեությունը սկսել ենք դպրոցի հինգ երեխաների հետ, սակայն այժմ մենք բավականին շատ ենք: 2008 թ.-ից սկսել ենք մեր  ինքնուրույն  աշխատանքը, փորձում էինք աճել, զարգանալ: Այնուհետև սկսեցինք համագործակցել բարեգործական կազմակերպությունների հետ և կարողացանք տեղափոխվել նոր շենք, համագորածակցեցինք և կրճատեցինք երեխաների ծախսերը:  2009 թ. ՄԱԿ-ի շենքում կազմակերպեցինք մեծ սեմինար, երեխաների աշխատանքների ցուցահանդես, 2012 թ. կազմակերպեցիք մի քանի ակցիաներ, երթ, որի ընթացքում մենք անցանք քաղաքի կենտրոնական փողոեցներվ, գնացինք ԿԳՆ և  այնտեղ տեղի ունեցավ  միջոցառում: 

Մեր ձեռք բերած մեծ հաջողությունն այն է, որ պետությունը սերտ համագործակցում է մեզ հետ, մեր հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդում կան ներկայացուցիչներ ԿԳՆ-ից , Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Առողջապահության նախարարությունից ու  քաղաքապետարանից: Մեր Հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն  է  Ռիտա Սարգսյանը, ում օգնության շնորհիվ է, որ մենք կարողանում ենք բազմաթիվ կարևորագույն հարցեր լուծել»:

 

Հասմիկ Մարգարյանը ընդգծեց նաև, որը իրենց հետ համագործակցում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, որը խոստացել է  օգնել և մշակել մի ռազմավարություն, որը կընդունվի և կկիրառվի: Նա խոսեց նաև  այն ծնողների մասին, որոնց  երեխաները  աուտիզմով  են տառապում, սակայն ծնողները չեն ցանկանում հավատալ դրան և երեխային անուշադրության են մատնում, այդ պատճառով էլ հաճախ երեխաների մոտ սկսում է բարդանալ հիվանդությունը: Նա հորդորեց ծնողներին ավելի ուշադիր լինել և ամեն ինչ անել իրենց երեխայի իրավունքները պաշտպանելու համար: «Ես ունեմ շատ լավ լուր, հունիսի մեկից կգործի մեր նոր դպրոցը, որն ունենալու է բոլոր հարմարություններն աուտիզմով տառապող երեխաների համար: Նախատեսում ենք նաև երկրորդ մասնաշենքի վերանորոգում, որը  արհեստներ սովորելու համար է նախատեսված: Նշեմ նաև՝ մեր հաջողությունները սերտ կապված են առաջին տիկնոջ հովանավորչության հետ»:

 «Աուտիզմ. Հաղթահարում» ՀԿ-ի անդամ Լիլիթ Գաբրիելյանն ասաց. «Մեր երեխաների իրավունքները պաշտպանելու համար արել ենք ամեն ինչ, մեր բոլորի համար շատ կարևոր հարցեր ենք լուծել: Մենք պետք է մտածենք, որ մեր երեխաները մեծանալու են և, լինելով հասարակության լիարժեք անդամ, պետք է ունենան աշխատանք: Այսօր մեր մեծագույն խնդիրն է լուծում տալ  այս հարցին: 

Շատ ուրախ եմ, որ մեր տարածքը կընդլայնվի և մենք կկարողանանք լիարժեք աշխատել»: 

Նարինե Վարդանյանը նշեց, որ դպրոցներում աուտիզմով տառապող երեխաների հետ պետք է աշխատեն մասնագետները. «Շատ ծնողներ տեղյակ են, որ մենք հինգ տարի շարունակ աշխատում ենք դպրոցում և, քանի որ չափազանց քիչ են մասնագետները, շատ խնդիրներ դեռ չեն լուծվում: 

Մենք հիմա համագործակցում ենք մի դպրոցի հետ, և մեծ առաջընթաց ունենք: Մեզ տարբեր դպրոցներից են զանգահարում ու խնդրում վերապատրաստել մասնագետների: Համախմբված աշխատանքի արդյունք է, որ մենք այսքան մեծ հաջողության ենք հասել, մեր համախմբվածությունը շատ արդյունքներ տվեց: Մենք ունենք աուտիզմով տառապող երեխաներ, որոնք տիրապետում են   լավ գիտելիքների և կարողություններ ունեն որևէ ասպարեզում, սակայն ոչ մի զբաղմունք չունեն: Մեր խնդիրն  է  երեխաների համար ունենալ  զբաղվածության կենտրոն, որպեսզի ավելի ուշ նրանք կարողանան ինտեգրվել հասրարակությանը»:

 Աուտիզմը զարգացման ընթացքի բարդ խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում և համարվում է նյարդաբանական խանգարում, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը։ 

Աուտիզմով տառապող թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ-խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու և խաղալու ունակությունների մեջ։ Այնուամենայնիվ պետք է հիշել, որ աուտիզմը մեծ շառավիղ ունեցող խանգարում է և տարբեր մարդկանց վրա ազդում է յուրովի։ Այդ պատճառով հիվանդության վաղ ախտորոշումը շատ կարևոր է։

Նույն շարքից