Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Հայաստանը կարող է ահաբեկիչների համար թիրախ դառնալ. Աղասի Ենոքյանը՝ ՀՀ դրոշի ներքո Սիրիա ուղարկված օգնության մասին

analitik.am

ՀՀ դրոշի ներքո Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու վտանգների մասին Analitik.am-ը զրուցեց քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:

Պարոն Ենոքյան, վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն մարդասիրական օգնություն է ուղարկելու Սիրիա՝ Հայաստանի դրոշի ներքո։ Ի՞նչ վտանգներ կարող է պարունակել այդ որոշումը։

Որոշման վտանգները բազմաթիվ են՝ սկսած հայ համայնքի անվտանգության հարցերից մինչև ՀՀ միջազգային մեկուսացման խորացումը և քաղաքացիների անվտանգությունը։ Ամենամեծ խնդիրն այն է, որ այս որոշման դրական հետևանքները չեն երևում, անգամ ամենամեծ ցանկության դեպքում Նոր Հայաստանի իշխանությունները չեն ասում, թե ինչու էր անհրաժեշտ Սիրիա հայկական զորք ուղարկելը։

Սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ-ն մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա, հետևաբար ինչու՞ առաջ անհանգստանալու առիթ չկար, իսկ հիմա կա։

Բայց նախկինում Հայաստանը ռուսական ինքնաթիռներով ընդամենը ինչ-որ մթերքներ ու դեղորայք էր ուղարկում, իսկ հիմա զինվորներ են մեկնում Սիրիա։ Կարծում եմ՝ տարբերությունն էական է և անհամադրելի։

Հայաստանի կողմից սակրավորներ, բժիշկներ և ինժեներներ են ուղարկվում միայն, մի՞թե սա կարող է միջազգային հանրության կողմից այլ կերպ դիտվել և քաղաքական ենթատեքստ ստանալ, եթե այո, ապա ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ առաջին հերթին Սիրիայի հայերի և երկրորդ՝ հենց ՀՀ-ի համար։

Հայսատանից ուղարկվում է հայկական զորք, որոնք Սիրիայում կանգնելու են հայկական դրոշի տակ, և ուրեմն ենթադրվում է, որ պետք է լուծեն Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրները Սիրիայում։ Այսինքն՝ այս դեպքում ինչպե՞ս կարող է խնդրին քաղաքական ենթատեքստ չտալ, ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ։ Կարծում եմ՝ պետք է հասկանալ, որ գերտերությունների համապատասխան գերատեսչություններում նստած են լուրջ մարդիկ, չի կարելի ենթադրել, որ այնտեղ Հանրապետության Հրապարակի մեսմերիզացված զանգվածն է, ով կհավատա ցանկացած հայտարարության։

Ընդհանրապես ասած, մեր իշխանությանն առանձնապես չպետք է հետաքրքրի, թե ինչ կկատարվի Սիրիայի հայության հետ, քանի որ դրանք իրենց հարկատուները չեն, սակայն հընթացս նկատենք, որ մեր զորքերի շնորհիվ նրանք անիմաստաբար դառնալու են ոչ այնքան հակամարտության կողմ, որքան հակամարտության զոհ։ Միամտություն կլինի կարծել, թե 100 հայ բժիշկն ու ինժեները կարող են նրանց համար անվտանգության երաշխիք ստեղծել, սակայն Սիրիայի հողում տնկված հայկական դրոշը կարող է լուրջ թշնամություն ֆոկուսացնել հայկական համայնքի վրա։

Այս քայլով Հայաստանն էապես սահմանափակում է իր քաղաքական ազատությունը, հայտնվում միջազգային մեկուսացման վտանգի տակ, ըստ էության, ահաբեկիչներին «հրավիրում» Հայաստան, ինչ-որ անհասկանալի ու մեր անվտանգության հետ կապ չունեցող նպատակների համար։

Այսինքն՝ այս որոշումը կարո՞ղ է Սիրիայում ապրող հայերին և Հայաստանն ահաբեկիչների համար թիրախ դարձնել։

Իհարկե։ Սիրիայի հայությունը դեռևս ինչ-որ չափով պաշտպանվում է Սիրիայի պետության կամ այնտեղ գտնվող տարբեր միջազգային ուժերի կողմից։ Ինչ վերաբերում է հայաստանցիներին, ապա մենք բացարձակ անպաշտպան ու խոցելի ենք։ Ընդամենը ամիսներ են անցել Երևանի վրա «Սասնա Ծռեր» տեռորիստական կազմակերպության հարձակումից հետո, և մենք որևէ կազմակերպական կամ քաղաքական հետևություն չենք արել։ Ինչպես ցույց տվեց ԱԱԾ ղեկավարի հեռախոսի գաղտնալսումը, մենք չափազանց խոցելի ենք արտաքին միջամտությունների նկատմամբ։ Անվտանգության կազմակերպման այս մակարդակում ահաբեկչական կազմակերպություններով լեցուն Սիրիայում գործողություն սկսելը նմանվում է արկածախնդրության։

ՀՀ ԱԳ նախարարը նշել էր, որ գոյություն ունեցող ճգնաժամն ազդում է նաև ՀՀ արտաքին քաղաքականության վրա և այդ որոշումը կայացնելիս հաշվի են առնվել բոլոր գործընթացները, ըստ Ձեզ, սա ի վերջո Հայաստանի ինքնուրույն քայլն է, թե՞ պարտադրված որոշում։ Կա՞ վտանգ, որ ինչ-որ ուժեր կամ պետություններ կարող են այս կերպ Հայաստանին ներքաշել գեոքաղաքական գործընթացների մեջ։ Ներքաշվելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են լինել։

Գովելի կլիներ, եթե ԱԳ նախարարը նշեր որևէ դրական գործընթաց, որ ազդում է արտաքին քաղաքականության վրա և շատ թեթև SWOT անալիզ աներ։ Այդ դեպքում նա կխուսափեր Սերգեյ Լավրովի կողմից կպցրած ոչ պրոֆեսիոնալի պիտակից։ Վերջին ընթացքում ՀՀ ԱԳՆ հայտարությունները գնալով դառնում են ավելի ու ավելի խճճված և բյուրոկրատերենից հայերեն ոչ մի թարգմանիչ չի կարողանում ներկայացնել, թե ինչ է ասում մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Պատկերացրեք՝ 100 հայ զինվորական է հայտնվում օտար երկնքի տակ, առանց որևէ ենթակառուցվածքային, քաղաքական ու դիվանագիտական օժանդակության։ Նրանք որևէ խնդիր չեն կարողանալու լուծել Հայաստանի համար, բացի բոլոր հակամարտողների ուշադրությունը մեր վրա հրավիրելուց։ Պատահական չէ, որ անգամ նախորդ կոռումպացված ռեժիմն էր կոշտ հակազդել Պուտինի այս հարկադրանքին, մինչդեռ Նոր Հայաստանի ղեկավարությունն անում է այն հաճույքով և դրանով հպարտանում հրապարակի ժողովրդի առաջ:

 

Նույն շարքից