Ժողովրդավարություն` ժողովրդի մեծամասնության իշխանություն։
ՀՀ-ն որպես նպատակ ընտրել է ժողովրդավարության կայացումը, սակայն այդ նպատակին հասնելու համար մենք գործում ենք տարօրինակ մեթոդներով և, կախված երևույթներից, ցուցաբերում ժողովրդավարության հետ որևէ կերպ կապ չունեցող վերաբերմունք։ Որոշ հարցերում մեծամասնության կարծիքը կարևոր գործոն է հանդիսանում, որոշում կայացնող, հպարտ և արժանապատիվ, իսկ որոշ ընտրված հարցերում խավարամիտ հանրություն, որին դեռ պետք է «դաստիարակել»։
Ասվածի օրինակ կարելի է բերել «թավշյա հեղափոխությունը», որը համարվում է ժողովրդավարության վառ ապացույց, քանի որ այն մեծամասնության ցանկությամբ է իրականություն դարձել։
Սակայն, որոշ հարցերում այդ մեծամասնության կարծիքը ոչ միայն չի հարգվում, այլ նաև հայտարարվում է կարծրատիպ և արտասահմանյան «զարգացած և ժողովրդավար» երկրները ջանք և ահռելի մեծ գումարներ են ներդնում հայերիս «կրթելու» համար:
Խոսքը հիմնականում վերաբերում է «ԼԳԲՏ քարոզչությանը» և «Խաղաղասիրություն դեպի թշնամիները» հայեցակարգերի իրագործմանը ՀՀ տարածքում: Այս երկու ծրագրերն իրականացվում են այն պարագայում, երբ երկու թեմայի վերաբերյալ էլ ժողավրդի 90% -ից ավելին ունի հստակ բացասական վերաբերմունք։ Սա բազմիցս ապացուցվել է նույն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հարցումների արդյունքում։ Pew Research Center ամերիկյան անկախ կազմակերպության կողմից իրականացված հարցումները ցույց են տվել, որ հայերի 98% դեմ է ԼԳԲՏ քարոզչությանը և այդ երևույթի քարոզը նորմալ չի համարում։
Մի՞ թե դա չպետք է լիներ ազդակ թե նախկին, թե ներկա կառավարությունների համար, քանի որ իրենց միակ առաքելությունը քաղաքացիների կամքը իրագործելն է, հետևաբար ավանդական հայկական ընտանիքն ու արժեհամակարգը պաշտպանելը:
Սակայն, վերջին զարգացումները նոյեմբերին կայանալիք «ԼԳԲՏ քրիստոնեական խմբերի ֆորումի» շուրջ ցույց են տալիս, որ ժողովուրդն արդեն պատրաստվում է դուրս գալ փողոց (սոց․ ցանցերում բազմաթիվ են հավաք- երթերի մասին իրազեկումները), իսկ կառավարության կողմից որևէ արձագանք չկա։
Իլգա-Եվրոպա, Նիդերլանդների թագավորություն, USAID, Բաց հասարակություն հիմնադրամ (Սորոսի հիմնադրամ), ԵՄ, Մեծ Բրիտանիա և այլ երկրներ և կազմեկերպություններ ոչ միայն չեն հարգում ՀՀ քաղաքացիների մեծամասնության դիրքորոշումը ԼԳԲՏ քարոզչության վերաբերյալ, այլ նաև ակտիվ գործունեություն են ծավալել մեր ժողովրդավարությունը խաթարելու ուղղությամբ։ Եթե մենք ենք տերը մեր երկրի, ապա մենք պետք է որոշում կայացնենք թե ինչն ընդունել, իսկ ինչը՝ ոչ։
Իսկ եթե մենք չենք, մեր կարծիքը հաշվի չեն առնում և ամեն կերպ փորձում են փոխել՝ ներազդելով մեր երիտասարդ սերնդի վրա, անցկացնելով տարբեր քարոզչական միջոցառումներ և դասընթացներ, փորձելով անգամ տեղավորել այդ քարոզչությունը դպրոցական ծրագրերում, ապա ո՞վ է տերը մեր երկրի։