Հայաստանի Հանրապետությունում առկա է քաղաքական ճգնաժամ, որն ունակ է վերածվելու սահմանադրական ճգնաժամի՝ դրանից բխող բոլոր ծանր և անդառնալի հետևանքներով:
Ճգնաժամի հանգուցալուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են՝ ՀՀ Սահմանադրության և օրենդրության շրջանակներում, ինչպես տեղի ունեցավ մայիսի 8-ին ՀՀ Վարչապետի ընտրության ժամանակ: Սակայն արտահերթ ընտրությունները չպետք է լինեն ինքնանպատակ և պետք է իրականում լուծեն առկա ճգնաժամը՝ չխորացնելով այն և լրացուցիչ վտանգներ չառաչացնելով ՀՀ ազգային անվտանգության համար:
Անձնապես լինելով շահագրգռված այս ճգնաժամի շուտափույտ հանգուցալուծման և հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու մեջ, այնուամենայնիվ ինձ մոտ առաջացել են մի քանի հարցեր, որոնց պատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի հասկանալ ՀՀ նորագույն պատմության մեջ կարևորագույն ընտրությունների անցկացման ժամկետները, ձևը և ընթացակարգը:
1. Կարող է արդյո՞ք ընտրությունների արդյունքներով շահագրգռված քաղաքական ուժը, ներկա իրողությունների պայմաններում, կազմակերպել և անցկացնել իրականում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ:
2. Պատրաստ են արդյո՞ք ՀՀ պետական ինստիտուտները, հասարակությունը, քաղաքական ուժերն արտահերթ ընտրական գործընթացների:
3. Ո՞ր ընտրական օրենսդրությամբ պետք է անցկացվեն արտահերթ ընտրությունները, պահպանվելու է արդյոք ռեյտինգային՝ մեծամասնական ընտրակարգը:
4. Հնարավոր է արդյո՞ք ներկայիս իրողությունների պայմաններում ունենալ քաղաքական ընտրություն՝ ձեռբազատված զգացմունքային գերակշռող մթնոլորտից:
5. Պետք է արդյո՞ք հավասար ստարտային պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար՝ ընտրությունների արդարությունը, ազատությունը, թափանցիկությունն ու մրցակցայինությունը երաշխավորելու, ինչպես նաև դրա արդյունքները համընդհանուր ընդունելի դարձնելու համար:
6. Ձևավորված է արդյո՞ք վստահություն միջ-կուսակցական, միջ-անձնային և միջ-խմբային հարաբերություններում:
7. Հնարավոր է արդյո՞ք երաշխավորել վարչական ռեսուրսի օգտագործման բացառումը համապետական ընտրություններում:
Հ.Գ. Որպես ելակետային պետք է ֆիքսել մեկ բան. ներկայիս իրավիճակի համար ամբողջական և մասնակի պատասխանատվություն են կրում մինչ այժմ իշխանության եղած կամ իշխանական կոալիցիայի մեջ մտնող բոլոր քաղաքական ուժերը, և այդ ուժերը պետք է պատրաստ լինեն առերեսվել պետության և ժողովրդի առջև գործած իրենց մեղքերին և ենթարկվեն քաղաքական պատասխանատվության:
Քաղաքական պատասխանատվության ծավալն ու խորությունը պետք է որոշի ՀՀ քաղաքացին`ընտրությունների ընթացքում իր կողմից ընտրության արդյունքներով:
Հ.Գ.2 Երևանի ավագանու ընտրությունները, որքան էլ որ անցան առավելագույն բարձր մակարդակով և չվիճարկվեցին ոչ մեկի կողմից, իմ խորին համոզմամբ ունեին լոկալ բնույթ և չեն կարող նույնացվել համապետական ընտրությունների հետ՝ իրենց քաղաքականացվածության, կարևորության և կենսական նշանակության առումով:
Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյան