Քաղաքական 

Շանտաժի ու սպառնալիքի արդարացումը

Շանտաժն ու սպառնալիքը այն դառը իրականությունն են, ինչի հետևանքով կասեցվեց Հայաստանի և Ուկրաինայի, իսկ գուցե նաև կասեցվի Մոլդովայի ու Վրաստանի եվրաասոցացման գործընթացը: Պարզ չէ, Մոլդովան ու Վրաստանն առայժմ հայտնում են իրենց հաստատակամության մասին, գուցե դեռևս, որովհետև մենք ունենք Հայաստանի և Ուկրաինայի օրինակը: Միևնույն ժամանակ, շանտաժն ու սպառնալիքը դարձել են իշխանությունների արդարացումը Եվրոպայի և սեփական հասարակության առաջ:

Լիտվայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը Լիտվայի նախագահի հետ զրույցում խոսելով իր երկրի որոշման մասին, ասել է, որ դա տրվել է Ռուսաստանի շանտաժների ու սպառնալիքների ներքո: Եվ այստեղ, իհարկե, ճշմարտության հսկայական հատիկ կա, ինչպես որ կա Հայաստանի պարագայում: Սակայն, այս ամենով հանդերձ, շանտաժին ու սպառնալիքին հղումները առաջ են բերում նաև մի շատ էական ու կարևոր խնդիր: Եթե նույնիսկ խոսքը վերաբերում է ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգության հետ կապված հարցերին, այդ թվում` ղարաբաղյան խնդրին:

Ի վերջո, ինչ է շանտաժն ու սպառնալիքը, եթե ոչ գործիք, որը բանեցվում է ինչ-որ հարց լուծելու համար: Որևէ գործիք կամ աշխատում է, կամ չի աշխատում: Եվ այստեղ խնդիրը գործիքի ճիշտ ընտրության հարցն է: Եթե Ռուսաստանի սպառնալիքն ու շանտաժն աշխատում են, ապա դա նշանակում է, որ ընտրվել է ճիշտ գործիք, որն աշխատել է: Իսկ ինչո՞ւ է աշխատել: Ահա այստեղ է հարցերի հարցը, որին պետք է նայել՝ Ռուսաստանի մեթոդներն ու գործողությունները, մոտիվներն ու մոտեցումները արդարացիորեն և միանգամայն հիմնավոր ու անհրաժեշտ կերպով քննադատելուց և դատապարտելուց բացի:

Ինչո՞ւ են աշխատում շանտաժն ու սպառնալիքը: Որովհետև այն իշխանությունը, որի հանդեպ դա աշխատում է, ինքն է իր երկրի ներսում իր սեփական ժողովրդի, հասարակության հետ տարիներ շարունակ հարաբերվել շանտաժի ու սպառնալիքի լեզվով: Այդ իշխանության լեզուն արտաքին ոլորտում միշտ էլ կարճ է լինում: Թե' Ուկրաինայի, թե' Հայաստանի իշխանությունը չեն վարել այնպիսի քաղաքականություն, որը կամրացներ իրենց դիրքերը ռուսական շանտաժի ու սպառնալիքի դեմ, չեն ապահովել այնպիսի տնտեսական և հասարակական-քաղաքական միջավայր, որը թույլ կտար թե իրենց, թե պետությանը լինել ավելի դիմադրունակ: Ուկրաինացիները թող իրենց հաշիվները պարզեն այդ իմաստով իրենց իշխանության հետ, իսկ մեր խնդիրը Հայաստանի իշխանությունն է:

Բնական է, որ այդ համակարգի շանտաժին ու սպառնալիքներին դիմադրելու ռեսուրս և ուժ Հայաստանի իշխանությունը չէր ունենալու: Որովհետև ռեսուրս ունենալու համար պետք է նաև նպատակներ ունենալ, ունենալ լուսավոր նպատակներ` կապված հասարակական և պետական զարգացման, բարգավաճման հետ, պետք է այդ նպատակների սանդղակում անձնական նպատակները լինեն ամենաստորին մասում, իսկ առաջին տեղում լինեն ընդհանուրի բարեկեցությանը, անվտանգությանն ու արժանապատվությանը վերաբերող նպատակները: Սակայն այս սանդղակը ներկայումս գլխիվայր շրջված է, և պարզ է, որ ենթակա է շանտաժի ու սպառնալիքի:

Այլ հարց կլիներ, եթե լիներ դիմադրունակությունն ապահովելու ակտիվ ջանք, եթե փորձ արվեր իրապես փոխել Հայաստանում առկա համակարգը, իրապես ապահովել ազատությունների և իրավահավասարության մթնոլորտ, եթե հասարակությունը տեսներ այս ուղղությամբ իրական գործնական քայլեր, ապա նույնիսկ նվազագույն արդյունքի իսկ բացակայության դեպքում էլ կլիներ իշխանության ամուր թիկունք, ինչը անհնար կդարձներ ռուսական շանտաժն ու սպառնալիքները: Սակայն, կոնկրետ գործի փոխարեն, եղել են միայն խոսքեր, իսկ հասարակությունը ոչ միայն չի հավատա, այլ իրավունք չունի հավատալու խոսքերին, ով էլ որ դրանք ասի:

Հասարակությունը անկախությունից ի վեր միայն խոսքեր է, որ լսում է առաջընթացի ու զարգացման մասին, սակայն ինստիտուցիոնալ առումով դեգրադացիայի փուլում է 1995 թվականից սկսած՝ երբ դեռևս չձևավորված կազմաքանդվեց կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ ընտրության ինստիտուտը, ինչի հետևանքն էլ եղավ քաղաքական համակարգի կազմաքանդումը: Դրանից հետո տարեցտարի, ընտրությունից ընտրություն, մինչև 2013 թվական սիստեմատիկաբար հասցվում էին հարվածները այս ինստիտուտների փլատակներին: Հետևաբար` որևէ մեկի խոսքին հավատալը արդեն միամտություն չէ, այլ հանցավոր միամտություն: Պետք է հավատալ միմիայն գործին ու միանալ այդ գործին հավատով: Արդեն միայն այդ դեպքում Հայաստանը դուրս կգա շանտաժի ու սպառնալիքի ցանցից:


Սկզբնաղբյուրը` www.1in.am

Նույն շարքից