Զարմանալի է, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք՝ բառիս բուն իմաստով, որոշում է, որ կարող է երկիր ղեկավարել, հեղափոխություն, իշխանափոխություն անել և առհասարակ նման մարդկանց թվում է, թե կարող են երկար ժամանակով թաքցնել իրենց «վճարովի հիմունքներով» ակտիվությունը: Բնական է այն, երբ որևէ գործընթացներում ներգրավված անձիք, ովքեր կանգնած են եղել Հայաստան պետության ձևավորման ակունքներում, նորից հայտ են ներկայացնում քաղաքական ոլորտում իրենց տեղը գրավելու համար, ինչքան էլ, որ նրանք «խաղից դուրս» վիճակում հայտնված լինեն: Սակայն անտրամաբանական է, երբ նման հայտ է ներկայացնում ոմն մեկը, ով ոչ համապատասխան կրթություն է ստացել, ոչ էլ գոնե անցած ճանապարհ ունի, միակ ձեռբերումը վերջինիս անհեթեթ հայտարարությունն է, որը ոչ մի պարագայում չի կարող ընկալվել որպես քաղաքական կատեգորիա: Այս ամենով հանդերձ նման անձանց առավելապես այսպես ասած իշխանական հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները դրսևորվելու անսահմանափակ հնարավորություն են տալիս՝ իրենց խամաճիկների համար ռեյտինգ ապահովելու նպատակով: Նորմալ է, որ պետք է ներկայիս իշխանությունը հասարակությանը հրամցնի բացառապես խամաճիկների՝ բացառելով մրցակցային որևէ հնարավորություն: Քաղաքական սերնդափոխության մասին խոսելիս էլ միանգամից մատնացույց են արվում այդ խեղկատակները՝ փորձելով ապացուցել, որ հայ երիտասարդներն անորակ են, ինչի մասին էլ վկայում են այս ծիծաղելի քաղաքականության մեջ առաջ գնալ ձգտող հերոսիկները: Խնդիրն այնքան արմատական է, որ նորմալ, առողջ բանականություն ունեցող և համապատասխան պատրաստվածություն, գիտելիք, հմտություն ունեցող երիտասարդի մեկնարկային պամաններն անգամ համեմատել չի կարելի այդ հերոսիկների մեկնարկային պայմանների հետ, քանզի նրանց արդեն ի սկզբանե տրվում են բոլոր անհրաժեշտ ռեսուրսները: Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ իբր թե ունենք անորակ երիտասարդություն, չունենք այլընտրանք, ուստիև ավելի լավ է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Ավելի լավ է մինչև խոր ծերություն տեսնենք Գալուստ Սահակյանին, քան օրինակ Փեփռուշին կամ Չիպոլինոյին: Այս ամենի արդյունքում էլ առողջ բանականություն ունեցող երիտասարդը, ով առաջին քայլերն է ուզում անել քաղաքական ոլորտում և չունի որոշակի փորձառնություն, փորձում է հասկանալ «խաղի կանոնները», և հայտնաբերում է, որ Հայաստանում փաստացի չի խրախուսվում առողջ գաղափարը, նոր մոտեցումը, սեփական ես-ն ունենալը և առավել ևս հաստատուն կամքն ու վճռականությունը՝ փոխարենը առատորեն քարոզվում, ցուցադրվում և առաջ են մղվում հիվանդ, փտած, բացարձակ կառավարելի, անողնաշար և լպրծուն խամաճիկները: Այսքանից հետո մի հարց իշխանությանը՝ ինչքա՞ն է տևելու այս վիճակը, դեռ ինչքա՞ն փորձեր են արվելու հայ առողջ բանականությամբ երիտասարդներին ստորացնելու համար՝ քաղաքական հարթություն բերելով և ֆինանսավորելով բացարձակ տգետ, ազգը խայտառակող և ծիծաղելի կերպարների, ովքեր շատ դեպքերում իրենք էլ չեն գիտակցում, որ օգտագործվում են...
«Քաղաքական սերնդափոխություն» շարժման ղեկավար Անի Հովհաննիսյան