Ինչպես գիտենք այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրն է, և պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում կան մոտ 3500 հիվանդներ՝ թիվն իհարկե կարող է ավելանալ, եթե հետազոտվողների թիվն էլ ավելանա: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետազոտությունների համաձյան Հայաստանում վարակի հիմնական տարածողներ են հանդիսանում արտագնա աշխատանքի մեկնած և Հայաստան վերադարձած անձիք: Ինչքան էլ ցանկանանք քողարկել այն փաստը, որ Հայաստանի հասարակության գիտակցական աստիճանն անգամ Եվրամիությանը ձգտելու դեպքում չի բարձրանում, չենք կարող: Կարելի է ավելի ռոմանտիկ գտնվել և գիտակցության ցածր աստիճան ունենալու համար մեղադրել հենց հասարակության անդամներին, բայց ո՞վ պետք է ձգտի բարձրացնել այն, եթե ոչ պետությունը՝ իշխանության անմիջական մասկանցությամբ: Ցանկության դեպքում կարելի է շատ կարճ ժամանակահատվածում զարգացնել կամ էլ դեգրադացնել հասարակությանը՝ առավել ևս, երբ կան համապատասխան ռեսուրսներ: Այստեղ առաջանում է հաջորդ հարցը՝ ի՞նչն է պատճառը, որ համապատասխան մարմիններն ավելի շատ ձգտում են հասարակության դեգրադացմանը, քան հակառակը: Այս հարցի պատասխանը կարելի է անզեն աչքով տեսնել ընտրական ժամանակահատվածում: Գիտակցության բարձր աստիճան ունեցող, կայացած և ամուր ձևավորված անհատին շատ ավելի դժվար է կաշառել, այն էլ 5000 դրամով, քան սերիալների հերոսներով ապրող, բացառապես օրվա հացի մասին մտածող և անգամ սեփական առողջության վիճակի մասին գաղափար չունեցող անձին: Նման իրավիճակում շատ ավելի արագ և հեշտությամբ կարելի է ձայներ հավաքել, քան եթե հասարակության մեծամասնությունը կոնկրետ պահանջներ ներկայացներ և հետևեր այդ պահանջների իրագործմանը:
Կարելի է իհարկե բազմաթիվ միջացառումներ անցկացնել, իրազեկել քաղաքացիներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վտանգավոր հետևանքների և այլնի մասին, բայց վարակակիրների թիվը միևնույն է կսկսի աճել այնքան ժամանակ, քանի դեռ չի իրագործվում համընդհանուր հասարակության գիտակցության բարձրացման քաղաքակություն, քանի դեռ ՀՀ քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում իր հայրենիքում, չի վստահում այն պետության բժշկին, ով պետք է իրեն բուժի, չի հավատում ախտորոշման արդյունքերին, քանզի բժշկի աշխատավարձն այնքան ծիծաղելի գումար է կազմում, որ շատ դեպքերում անգամ ամենաբարեխիղճ բժիշկը ստիպված է լինում որոշակի մախինացիաների դիմել՝ գոնե իր կրթության վրա ծախսած գումարը ետ բերելու համար, դեռ չենք խոսում օգուտ ստանալու մասին: Նման պայմաններում ի՞նչ օգուտ կարող են տալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման դեմ արվող միջոցառումները Հայաստանում, քանի դեռ չի իրագործվում բազմագործոն ազգանպաստ և հասարականպաստ քաղաքականություն: Սա չի նշանակում, որ միջոցառումներ չպետք է արվեն, հակառակը պետք է միշտ արվեն և ավելանա դրանց քանակը, բայց դրա հետ միասին պետք է իշխանությունն էլ զբաղվի մեր հայրենիքի իմունիտետի բարձրացմամբ, քանզի Հայաստանին այսօր կարելի է դասել ՄԻԱՎ վարակակիրների շարքին՝ քայքայված տնտեսություն, աղքատություն, աշխատատեղերի բացակայում, մոտ 300 000 ծայրահեղ աղքատ երեխաներ և այսպես շարունակ: Ուստի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա կապակցությամբ, ես կոչ եմ անում իմ հայրենակիցներին միասնաբար բուժել մեր հայրենիքը՝ չթողնելով որ ՄԻԱՎ-ն էլ ավելի խորանա և ոչնչացնի մեր փոքր, բայց անփոխարինելի հայրենիքը:
«Քաղաքական սերնդափոխություն» շարժման ղեկավար Անի Հովհաննիսյան