Վերջերս ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ-ի և Իրանի հարաբերությունների մասին հայտարարություն է արել՝ ասելով, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն Իրանի մասով այն է, որ Իրանը ներգրավված է աշխարհում ահաբեկչության տարածմանն աջակցելու գործընթացում՝ նշելով, որ ԱՄՆ-ն կուզենար, որ ՀՀ-ն նույնպես ստանձներ պատասխանատվություն նման դեպքերում և քննադատեր միջազգային հանրության ընդունված վարքագծի խախտման դեպքերն առանձին պետությունների կողմից:
Analitik.am-ն ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարության մասին զրուցեց իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ:
-Ինչպե՞ս կանդրադառնա ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարությունները հայ-իրանական հարաբերությունների վրա: Միլսը նշել էր, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն այն է, որ Իրանը ներգրավված է աշխարհում ահաբեկչության տարածմանն աջակցելու գործընթացում, կամ այն, որ հայ գործարարները պետք է խորհրդատվություն ստանան ԱՄՆ դեսպանատնից նախքան իրանական ընկերությունների հետ համագործակցելը:
-Ինձ թվում է, որ Հայաստանի և ցանկացած այլ երկրի հարաբերությունները չպետք է ազդեն կամ զարգանան ինչ-որ մի երկրի դեսպանի հայտարարություններից, եթե նույնիսկ դա Միացյալ Նահանգների դեսպանն է։ Ընդհանրապես, եկեք մի բան հստակ արձանագրենք՝ Հայաստանն անկախ, սուվերեն երկիր է և ցանկացած երկրի հետ հարաբերությունները պետք է զարգացնենք՝ հաշվի առնելով բացառապես մեր ազգային շահերը։ Իհարկե, գտնվելով այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է, հարևան լինելով Մերձավոր Արևելքին, չենք կարող հաշվի չնստել տարածաշրջանային տերությունների, գերտերությունների շահերի հետ, բայց այդ շահերի հետ հաշվի նստելն էլ կրկին պետք է լինի այնպես, որ դրանք ծառայեն հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի։ Ըստ իս, ցանկացած գործողություն, ցանկացած իրավիճակ, ցանկացած հարաբերություն քննարկելու, զարգացնելու համար որպես ելակետ պետք է սա լինի, քանի որ, ինչպես ասվում է հայտնի բանաստեղծության մեջ, «ճշմարտություն չկա ուրիշ»։
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ հատվածին, ապա ԱՄՆ կառավարության դիքորոշումը չափազանց սուբյեկտիվ է և հիմնականում միտված է Իրանի դիվականացմանը։ Կարծում եմ՝ Միացյալ Նահանգներում էլ են տեսնում ահաբեկչության դեմ պայքարի գործում Իրանի կատարած հսկայածավալ գործունեությունը։ Իրանն ինքն է տուժել տարբեր ահաբեկչական խմբերի գործողություններից և այն համարում է իր ազգային անվտանգութանը սպառնացող վտանգ և պարզապես չի կարող խթանել ահաբեկչության տարածումը։
Կարծում եմ, որ հայ գործարարները պետք է խորհրդատվություն ստանան բացառապես Հայաստանի համապատասխան մարմիններից, սա այնքան պարզ է, որ նույնիսկ այս հարցի շուրջ ինչ-որ քննարկում ծավալելն է աբսուրդի ժանրից։
-Ի՞նչ արձագանք կարող ենք սպասել Իրանի իշխանություններից, եթե հայտարարությունները ՀՀ-ի կողմից մնան անպատասխան:
-Նախ, հենց վարչապետի կողմից պատասխան հնչեց, հետո, նորից պետք է կրկնվեմ, սա Հայաստանի խնդիրն է։ Դա պետք է լավ գիտակցեն բոլորը՝ սկսած դեսպանից, վերջացրած մնացած շահագրգիռ կողմերով:
-Այս ժամանակաշրջանում ինչպիսի՞ վտանգներ կան Իրանի և ՀՀ-ի հարաբերությունների համար:
-Հայ-իրանական հարաբերությունները մի տարվա, տասը տարվա, նույնիսկ 100 տարվա պատմություն չէ, որ ունեն, դրանք հազարամյակների պատմություն ունեն, անցել են պատմության թոհ ու բոհերի միջով, իրենց վրա զգացել են պատմական ամենատարբեր ժամանակաշրջանների կնիքը, թրծվել, հասունացել են պատմության ամենակնճռոտ խնդիրները հարթելու ճանապարհին։ Ունեցել ենք պատերազմներ, տեսել ենք 70-ամյա երկաթյա վարագույր և, ի վերջո, այդ հարաբերությունները հասցրել ենք մեր օրերը, որպես ամենաօրինակելի, բարեկամական և, ինչու ոչ, նաև ռազմավարական հարաբերությունների հիանալի օրինակ։ Ընդհանրապես, Հայաստանը և Իրանը միմյանց համար չափազանց կարևոր երկրներ են, և խաթարել այդ հարաբերությունները, չափազանց բարդ է։
Ուստի, կարծում եմ՝ երկու երկրների հարաբերությունների համար ներկա ժամանակաշրջանին հատուկ խնդիրները ոչինչ են, այն կարևորության և ընդհանուր շահերի ու գոյություն ունեցող փոխադարձ վստահության մթնոլորոտի համատեքստում, որոնք կան Հայաստանի և Իրանի միջև։
Օֆելի Իսրայելյան