Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Ինչու Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց հաղթել Կապանում. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ հոկտեմբերի 21–ին, Հայաստանի մի շարք համայնքներում, մասնավորապես Արմավիրում, Էջմիածնում, Հրազդանում և Կապանում ՏԻՄ ընտրություններ էին: Արմավիրում և Էջմիածնում հաղթել են ՔՊ–ի թեկնածուները, Հրազդանում հաղթել է Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, իսկ Կապանում ՔՊ թեկնածուն պարտվել է անկուսակցական թեկնածուին: Մեծ հաշվով, եթե վերանանք Հրազդանում Սևակ Միքայելյանի առաջադրման հետ կապված ՔՊ–ի ներսում առկա տարաձայնություններից, ապա չորս խոշոր քաղաքներից երեքում իշխանությունը հաղթել է, մեկում՝ պարտվել:

Կապանում արձանագրված պարտությունը շատերի համար դարձել է մի կողմից հուսահատության և հեղափոխության հանդեպ կասկածամտության դրսևորման, մյուս կողմից՝ իշխանության հասցեին տեղեկատվական արշավ սկսելու առիթ, առ այն, որ հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանն ամենազոր չեն, ավելին՝ արդեն իսկ սկսում են պարտվել:

Սակայն, եթե վերացարկվենք տեղի ունեցածի մանիպուլյատիվ գնահատականներից, ապա իրավիճակն, ըստ էության, օրինաչափ է: Նախ, ՔՊ-ն պարտվել է միայն մի քաղաքում, մյուս երեքում հաղթել է: Հասկանալի է, իհարկե, որ թե՛ Արմավիրում, թե՛ Էջմիածնում և թե՛ Կապանում ՔՊ-ական թեկնածուներին ընտրել են ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի և հեղափոխության հռչակած նպատակների: Այս փաստը միանգամայն բացառում է այն կազմակերպված թերահավատության գեներացումը, որով զբաղված են իշխանության մրցակիցները: Սա, իհարկե, ունի իր բացասական կողմը ևս՝ նշված համայնքներից որևէ մեկում նախկինում ՔՊ-ն չի ունեցել կարևոր դերակատարություն, ասենք, մարզային ազդեցիկ շտաբի տեսքով, և գրանցված արդյունքները բացառապես հեղափոխության իներցիայի հետևանքն են:

Սա խնդիր է, որի վրա իշխանությունները պետք է աշխատեն, որպեսզի ապագայում խուսափեն բացառապես Փաշինյանի վարկանիշի շնորհիվ հաղթելու տեխնոլոգիայից: Մյուս կողմից, հենց այս նույն սկզբունքն է, որ բացատրում է տրամաբանորեն հակառակ արդյունքը Կապանում: Կապանում ևս, ինչպես Հրազդանում կամ Էջմիածնում, նախքան հեղափոխությունը ՔՊ-ն չի ունեցել էական դերակատարում, այնպիսի դերակատարում, որ կարողանա փոխել ընտրությունների ընթացքը կամ ձևավորել իշխանություն: Պարզապես, եթե Էջմիածնում կամ Արմավիրում Փաշինյանի վարկանիշը բավարար է եղել բեկում մտցնելու համար, Կապանում այդ վարկանիշը կամ բավարար չի եղել, կամ եղել են այլ գործոններ, որոնք ավելի վճռորոշ են գտնվել:

Հենց այդ գործոնների առկայությամբ էլ, ըստ էության, բացատրվում է Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելը: Այդ նշանակման պաշտոնական հիմնավորումը թմրանյութի տարանցիկ ուղիների դեմ Պողոսյանի պայքարելու առանձնահատկությունն է: Բայց իրական պատճառն այլ է ու հենց այդ պատճառն է դերակատարում ունեցել Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտության գործում:

Սյունիքն, իսկապես, բավականին առանձնահատուկ մարզ է, և այդ առանձնահատկությունը կայանում է ոչ թե արժեքային-մշակութային շերտում, այլ տնտեսական: Ի տարբերություն այլ մարզերի, Սյունիքն ունի որոշակի ֆինանսական ինքնաբավություն, տնտեսական որոշակի ինքնուրույնություն և կախված չէ բացառապես Երևանից: Օրինակ, Սյունիքում վարչական լծակներով հնարավոր չէ հասնել նույնքան ազդեցության ընտրությունների ժամանակ, որքան այլ մարզերում, քանի որ վարչական լծակն աշխատում է այն տեղերում, որտեղ կա ֆինանսական կախվածություն պետական ապարատից, աշխատանք կորցնելու վտանգ: Սյունիքում այդ վտանգն առնվազն ավելի քիչ է, քան այլ տեղերում:

Բնականաբար, Սյունիքում առկա այդ տնտեսական ինքնաբավության հետևում կան կանգնած կոնկրետ մարդիկ ու խմբեր, ովքեր տեղում տիրապետելով հսկայական ֆինանսական ռեսուրսների, միաժամանակ անմասն չեն ու նախկինում էլ անմասն չեն եղել տեղում իշխանության ձևավորման գործընթացներից: Ժամանակին այդ ազդեցությանը հակակշռվում էր Սուրիկ Խաչատրյանի օդիոզ, օլիգարխիկ և հակասական գործոնը, որն անմիջականորեն հովանավորվում էր Երևանից՝ նախագահական նստավայրից: Սակայն Խաչատրյանի ազդեցության աստիճանական անկումից հետո, Սյունիքում, ըստ էության, տնտեսական վերնախավը դարձել էր քաղաքական կուրս թելադրող հիմնական սուբյեկտը:

Ըստ մամուլում տարածվող լուրերի, Կապանում հաղթած թեկնածու, անկուսակցական Գևորգ Փարսյանը ներկայացնում էր հենց այդ տնտեսական վերնախավը: Մեծ հաշվով, Կապանում ՔՊ-ի պարտության և Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակման պատճառը նույնն է՝ Սյունիքում մարզային ու երևանյան իշխանության ազդեցությունը թույլ է տեղի տնտեսական վերնախավի ազդեցությունից: Այս փաստը պետք է ընդունել ի գիտություն, առանց դրանից նեղանալու կամ հիասթափվելու: Քաղաքականությունն, ի վերջո, ուժերի և ռեսուրսների պայքար է: Ավելին՝ հեղափոխության ու իշխանության շահերից է բխում պարտվել սովորելը՝ նախկինների նման անվերապահ հաղթանակի տարերքին չտրվելու և անէության թմբիրում չհայտնվելու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից