Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Բոլթոնի այցի օրակարգում Ղարաբաղյան հակամարտությունը երկրորդական նշանակություն ուներ. Արմեն Վարդանյան

analitik.am

Օրերս ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանեց Հայաստան: Բոլթոնը հանդիպումներից մեկում նշել էր, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Նրա կարծիքով, Թուրքիայի հետ սահմանը ևս կբացվի և Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները:

Analitik.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց  քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, ով  ասաց, որ որ ԱՄՆ-ը երկար տարիներ մեծ ջանքեր է գործադրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հակամարտությունների լուծման համար. «Ակնհայտ է, որ եթե լուծվեն այդ հակամարտությունները Հայաստանը և Ադրբեջանը դուրս կգան Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Ռուսաստանն, օգտագործելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը, կողմերին պահում է կախվածության մեջ, հետևաբար Ջոն Բոլթոնի հայտարարությունը պետք է դիտարկել այդ համատեքստում»։

Հարցին՝ կա՞ արդյոք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն, քաղաքագետը ասաց, որ կա, բայց դրա համար մեծ ջանքեր պետք է գործադրի մեր դիվանագիտությունը և նաև պետք է փորձել գտնել ընդհանուր օրակարգ։ Ինչ վերաբերում է Բոլթոնի այն հայտարարությանը, որ հայ-ամերիկյան հարաբերությունները հանդիսանում են ԱՄՆ-ի համար առաջնահերթ կարևորության խնդիր և դրանք իրենց համար ռազմավարական նշանակություն ունեն, ուստի պատրաստ  են իրենց աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Վարդանյանն ասաց, որ ԱՄՆ-ն միշտ էլ փորձել է օգնել հակամարտող կողմերին՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում. «Դա արվել է  ինչպես երկու երկրների առաջնորդներին բանակցությունների սեղան բերելով, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսություն ծավալելով։ Բայց ԱՄՆ-ը շատ լավ է հասկանում, որ հակամարտությունը կկարգավորվի, եթե 2 երկրների իշխանությունները դրսևորեն քաղաքական կամք։ Այդ դեպքում Վաշինգտոնը կօգնի հակամարտող կողմերին լուծելու այդ խնդիրը»։

Վարդանյանն անդրադարձավ նաև Բոլթոնի և վարչապետ Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկված երկու երկրների միջև տնտեսական ոլորտում աշխուժությանը և ԱՄՆ-ի ներդրումների ավելացմանը ՀՀ-ում , ասելով, որ հայ-ամերիկյան հարաբերությունների և ամերիկյան ներդրումների ներգրավման համար  իսկական փորձաքար կհանդիսանա Ամուլսարի խնդիրը. « Այդ մասին Հայաստանում մի քանի անգամ բացահայտորեն հայտարարել է ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսը։ Ամերիկա-անգլիական կապիտալով Լիդիան Արմենիա ընկերությունը Հայաստանի համար ահռելի մեծ գումարներ է ներդրել Ամուլսարում, և եթե այդ հանքավայրը չշահագործվի, Միացյալ նահանգներից դժվար կլինի ներդրումներ ակնկալելը»։

Մեր մյուս հարցին` կարելի՞ է  ասել, որ ԱՄՆ-ն  Արցախի հարցում չունի հստակ  մոտեցում, որը Բոլթոնը բերում է տարածաշրջան, այլապես նա չէր խոսի հարցին ծանոթանալու մասին, Վարդանյանն ասաց, որ որևէ նոր նախագիծ Ջոն Բոլթոնը չէր բերել կողմերին. «Ընդհանրապես, իմ կարծիքով, Բոլթոնի այցի օրակարգում Ղարաբաղյան հակամարտությունը երկրորդական նշանակություն ուներ։ Առաջնայինը Իրանն էր և Սիրիան»։

Ուշագրավ էր նաև  ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցից առաջ Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որ Ջոն Բոլթոնի այցը կլինի հայ-ամերիկյան փոխհարաբերությունները  փոխադարձ վստահության աննախադեպ մակարդակի բարձրացնելու քայլը: Վարչապետի հայտարարության վերաբերյալ հարցին՝ կարելի՞ է արդյոք Բոլթոնի այցը Հայաստան՝ առանց գործնական ծրագրերի առկայության, համարել հայ-ամերիկյան հարաբերություններում բարելավում, քաղաքագետն ասաց, որ ակնհայտ է, որ վերջին ժամանակներում  ԱՄՆ-ի կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրվածություն կա. «Բոլթոնի այցից առաջ էլ Երևանում էին ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին, բայց քանի դեռ գործնական ծրագրեր չկան, չի կարելի հայտարարել, որ Հայաստան-ԱՄն հարաբերություններում լուրջ տեղաշարժեր կան»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից