Գլխավոր Իրավական Հասարակություն 

Համաներման մասին նախագիծն ընդունվեց

analitik.am

ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ hոկտեմբերի 31-ին գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ԱԺ որոշմամբ օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ առաջարկվող համաներումը բացառապես մարդասիրական քայլ է և քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման նպատակ չի հետապնդում:

Այս համատեքստում նա նշել է, որ այժմ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է կալանավորված և դատապարտված 2888 անձ, իսկ մահճակալների թիվն այդ հիմնարկներում 5346 է: Մասնավորապես, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում առկա է 780 տեղ, պահվում է 644 կալանավոր և դատապարտյալ: Վարդաշենի ՔԿՀ-ում պահվում է 155 կալանավոր, մահճակալների թիվը 339 է:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարն իրազեկել է, որ սա ամենաշատ շահառու ընդգրկող համաներման նախագիծն է Հայաստանի պատմության մեջ, քանի որ փաթեթի ընդունման արդյունքում համաներումից կօգտվի շուրջ 6500 մարդ:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ համաներումից չեն օգտվի ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարած, ցմահ ազատազրկման դատապարտված, ապօրինի հարստացած, ահաբեկչության, ավազակության, պետական դավաճանության, մարդու թրաֆիքինգի և շահագործման, սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ ուղղված հանցագործությունների, դիվերսիայի, ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդվածներով դատապարտված անձինք:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Գևորգ Կոստանյանը նշել է, որ մարդասիրական այս քայլի արդյունքում կալանքից անմիջապես կազատվի 270 անձ: Ազատվողների թիվն այնուհետև կմեծանա՝ պայմանավորված կալանավորներին տրված պատժաչափերի կրճատմամբ:

Հանձնաժողովի նախագահն առանձնապես կարևորել է հանցագործությունների հետևանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանության հարցը, խոսել տուժողների կրած նյութական վնասների փոխհատուցման անհրաժեշտության մասին:

Գևորգ Կոստանյանը կառավարությանն առաջարկել է ձեռնարկել միջոցառումներ՝ կանխարգելելու համաներման արդյունքում հանցագործությունների հնարավոր աճը:

Տեսակետներն են հայտնել պատգամավորները:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարևորել է մարդասիրական նպատակ ունեցող փաթեթի ընդունումը, անդրադարձել հանցագործությունների հետևանքով տուժողների կրած նյութական վնասի փոխհատուցման հարցին՝ տեղեկացնելով, որ մեխանիզմները դեռևս քննարկման փուլում են: Այս առնչությամբ արվել են մի շարք առաջարկներ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու փաթեթին:

Սերգեյ Բագրատյանը տեղեկացրել է, որ օրերս ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն այցելել են Արմավիրի և Նուբարաշենի ՔԿՀ-ներ: Պատգամավորն ընթերցել է կալանավորների բաց նամակը, որով նրանք խնդրել են վերանայել համաներման նախագիծը և դրանում չընդգրկված որոշ հոդվածներով դատապարտված անձանց ևս համաներումից օգտվելու հնարավորություն տալ:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում «Ծառուկյան» խմբակցությունը կներկայացնի որոշակի հոդվածներ համաներման ակտում ներառելու առաջարկներ, քանի որ, ըստ նրա, մարդասիրությունը չպետք է լինի ընտրովի: Նա կարծիք է հայտնել, որ ցմահ ազատազրկվածների հարցում պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի:

Լենա Նազարյանի գնահատմամբ՝ պետք է համաներումը տարածվի ոչ միայն երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող դատապարտյալների, այլ նաև մեկ և ավելի անչափահաս երեխա ունեցողների վրա: Պատգամավորի գնահատմամբ՝ գոնե միայնակ մայրերի դեպքում կարելի է դիտարկել նրանց պատժից ազատելու հանգամանքը:

Շաքե Իսայանի գնահատմամբ՝ համաներման ակտը պետք է տարածվեր նաև ցմահ դատապարտվածների որոշակի խմբի վրա: Այս համատեքստում նա ներկայացրել է վիճակագրական տվյալներ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի խոսքով՝ համաներումը չպետք է դիտարկել միայն իրավական համատեքստում, այն ունի նաև սոցիալական հնչեղություն: ԱԺ փոխնախագահին հետաքրքրել է նախորդ համաներումների արդյունքներն ու վիճակագրական տվյալները: Նա խոսել է նաև հարկային համաներման անհրաժեշտության մասին:

Լուիզա Սարգսյանը խնդրին անդրադարձել է բարոյական հարթությունում, խոսել քրեակատարողական հիմնարկների խնդիրների մասին:

Տիգրան Ուրիխանյանի գնահատմամբ՝ արդարացի չեն գործել այն հանձնաժողովները, որոնք պարբերաբար վերանայել են վաղաժամկետ ազատման հանգամանքները: Կոչ անելով գործընկերներին ընդունել նախաձեռնությունը՝ պատգամավորն առաջարկել է համաներման շրջանակն ընդայնել, վերանայել բացառություններ նախատեսող հոդվածները:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ համաներման արդյունքում ազատ կարձակվեն առնվազն 342 անձ: Անդրադառնալով 2009, 2011, 2013 և 2018 թթ. համաներման ակտերին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ 2018 թ. համաներումն ամենաընդգրկունն է ու ամենածավալունը. ավելի քան 6500 շահառու է ընդգրկված:

Քվեարկության արդյունքում 72 կողմ ձայներով օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հարցը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին:

 

Նույն շարքից