Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Միայն մարդու իրավունքների մասին է խոսվում, և ոչ պարտականությունների. Կարինե Հակոբյանը՝ եվրոպական արժեքների մասին

analitik.am

Աշխարհում շատ պետություններ ձգտում են դեպի եվրոպական արժեքներ, արևմտյան մշակույթ, բայց արդյոք խորապես հասկանալի է, թե ինչ է իրենից ներկայացնում արևմտյան մշակույթը: Այս թեմայի շուրջ Analitik.am-ը զրուցեց  հասարակագետ-մշակութաբան Կարինե Հակոբյանի հետ:

Նա նշեց, որ արևմտյան մշակույթի հիմքում հունահռոմեական մշակույթն է, սակայն հիմա, երբ Հայաստանում, մանավանդ քաղաքական խոսակցություններում նշում են եվրոպական արժեքներ, նկատի ունեն ժողովրդավարություն, ազատականություն, մարդու իրավունքներ. «Այդ արտաքին շերտը գալիս է 18-րդ դարից, լուսավորչականից, ֆրանսիական հեղափոխությունից, երբ ձևավորվեցին ժամանակակից ազգային պետությունները: Բայց դա շատ հակասական ու խաբուսիկ է այն առումով, որ վտանգավոր սահմանագծի է հասնում՝ ազատության ընկալումը, ազատականությունը, երբ կան իրավունքներ, բայց չկան պարտականություններ»:

Տիկին Հակոբյանը նշեց, որ արևմտյան արժեքների հիման վրա ստեղծված սահմանադրություններն այդ ամենի վրա է ձևավորվել. «Այդ ամենը միակողմանի է այն առումով, որ միայն մարդու իրավունքների մասին է խոսվում, և ոչ պարտականությունների, իսկ իրավունքներն ու պարտականություններն իրարից զատելով խախտվում են ներդաշնակությունը և դրա հետևանքով էլ տեղի են ունենում շատ վտանգավոր ու արատավոր երևույթներ, որի դրսևորումները նաև տեսնում ենք քաղաքական և տնտեսական կյանքում, որովհետև մեր ղեկավարներն ունեն իրավունքներ, բայց չունեն պարտականություններ։

Եվրոպական արժեքների մասին խոսել, որպես կատարյալ համակարգի՝ ճիշտ չէ, որովհետև շատ խոցելի տեղեր կան: Արևմտյան և եվրոպական մշակույթի զարգացման, և այն բարձրակետի, որին հասել է երաժշտության և ճարտարապետության մեջ, շատ մեծ նշանակություն է ունեցել հայկական մշակույթը: Դա ոչ թե հայ, այլ հենց եվրոպացի մասնագետների կարծիքն է, օրինակ, ավստրիացի գիտնական, ճարտարապետագետ Ստրժիգովսկի մեծ աշխատություն ունի այն մասին, թե ինչ ահռելի ազդեցություն է ունեցել հայ միջնադարյան ճարտարապետությունը եվրոպական, մասնավորապես, գոթական ճարտարապետության վրա: Ընդհանրապես, հայկական ճարտարապետությունն ազդեցություն ունի ոչ միայն եվրոպական, այլ նաև համաշխարհային ճարտարապետության վրա, և նույնն էլ երաժշտությունը: Մենք պետք է վերադառնանք, ուսումնասիրենք և զարգանանք մեր արժեքները, հենվենք դրանց վրա,  որ իսկապես մեծ արդյունքի հասնենք,որովհետև շատ բարոյական ու առողջ են մեր արժեքները»։

Տիկին Հակոբյանը նաև խոսեց այն մասին, թե ինչ պետք է հասկանալ եվրոպական արժեքներ ասելով. «Երբ նշում են եվրոպական արժեքներ, նկատի ունեն այն արժեքները, որոնք 18-րդ դարից եկան և ստեղծեցին ժամանակակից ազգային պետություներ՝ ժողովրդավարության և ազատակամության սկզբունքներով, բայց դրանք տարբեր բաներ են և չի կարելի դա միավորել: Ազգայնականությունն ու նացիոլանիզմը զատելը դարձյալ սխալ է, որովհետև ազգայնականությունը շատ մոտ է ժողովրդավարությանը՝ մանավանդ միատարր ազգությամբ պետություններում, ինչպես ՀՀ-ն է:

Մեր անկախության ձեռք բերման հիմնական նպատակը, մեր մշակույթի պահպանությունն ու զարգացումն էր: Մենք ուզում էինք հայ մնալ, իսկ դա նշանակում է պահպանել մեր առանձնահատկությունը և դա պետք է գիտակցենք, որովհետև մեր պետական քաղաքական ծրագրերում  դրա պակասը կա: Մշակույթի նախարարության հիմնական ֆունկցիան պետք է լինի մեր մշակույթի ինքնության պահպանումը, վերարտադրումն ու զարգացումը, դրա համար նա պետք է լինի առանցքային կարևոր նախարարություն, որն այդ հիմնական միսիան պետք է կատարի իր ծրագրերով»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից