Բարի օր Գիտություն Հասարակություն Հարցազրույց 

Ի՞նչ է նշանակում հայի գեն, արդյոք պետք է հպարտանանք մեր գեներով, թե՝ ոչ. Պարզաբանում է մասնագետ Լևոն Եպիսկոպոսյանը

analitik.am

Շատ է խոսվում հայի գենի մասին, հասարակության մոտ էլ կան տարբեր պատկերացումներ, թե ինչ ասել է հայի գեն: Այս հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանի հետ.

«Հայի գեն հասկացողությունը ոչ գիտական է, որովհետև գոյություն չունի գենետիկական ժառանգական առանձնահատուկ մի հատկանիշ, որը բնորոշ է միայն հայերին: Երկրի բնակչությունը, որը մոտավորապես հասել է 7 միլիարդի, 99.9 տոկոսի մակարդակով ունեն նույն կառուցվածքը: Մեր բազմազանությունն ամբողջ երկրագնդի վրա ընդամենը 0.1 տոկոսի սահմանում է, և մենք շատ մոտ ենք մեկս մյուսին: Մեր տարբերությունն ընդամենը 2-3 միլիոն նուկլեոտիտների շրջանակներում է, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր տեսակի պատմությունն ընդամենը 200-300 հազար տարվա է: Դա շատ կարճ ժամանակահատված է, որպեսզի մենք ժողովրդների միջև ձեռք բերեինք շատ մեծ թվով խորը տարբերություններ: Երբ խոսում ենք ժողովուրդների մասին, խոսում ենք նաև մոտակա պատմության մասին, այլ ոչ թե 50-60 հազար տարվա: Ամենահին ժողովուրդների ծագումը վերագրում ենք, մոտավորապես, 4-5 հազար տարվա վաղեմության և ոչ ավելի խորը: Հայու, ֆրանսիական կամ ադրբեջանական գեն հասկացողություն գոյություն չունի, կա ուղղակի բաղադրիչների մի համադրություն, մուտացիաների մի բաղադրություն, որը տարբերվում է, օրինակ, հայերի մոտ մուգ աչքի գույնն ավելի տարածված է, քան կապույտը, իսկ եթե վերցնենք դանիացիներին կամ հոլանդացիներին, նրանց մոտ 90 տոկոսն ունի կապույտ գույնի աչքեր:

Բոլորի մոտ աչքի գույնը սահմանում է նույն գենը, բայց դա ունի ուրիշ մուտացիա, և գենի այդ տարբերակը նրանց մոտ ուրիշ է: Հայերի մոտ, երբ խոսում ենք գենետիկական հատկությունների մասին, կամ ինչ-որ երկրում հայն աչքի է ընկնում, դա ավելի շատ կապված է մեր մշակութային առանձնահատկությունների հետ: Մենք պատկանում ենք հին ժողովուրդների խմբին, մեր տարածաշրջանում ընդամենը 2-3 ժողովուրդ կարող է պարծենալ նրանով, որ իրենք բավականին հին են և ունեն պետականություն՝ մենք ենք, Իրանը և հրեանեը: Բայց, եթե ավելի խորանանք և տեսնենք, թե երբ է ծագել ու ձևավորվել հրեաների, Իրանի պետականությունը, ինչպես նաև հիմնվենք ոչ թե պատմական տվյալների, այլ նաև գենետիկականի վրա, որը թույլ է տալիս պեղել և վերականգնել ավելի խորը պատմություն ու ակունքներ, այդ դեպքում կարող եմ առանց սխալվելու և կասկածանքի ասել, որ այս տարածաշրջանում մենք ենք ամենահինը, եղել են հներ, բայց նրանք արդեն վերացել են այն իմաստով, որ այսօր չունեն պետականություն: Ժողովուրդը, որը կարողացել է պահպանել պետականությունը, պահպանել իր գենոֆոնդը բավականին երկար ժամանակաշրջանում՝ հայերն են:

Դա ապացուցել ենք ոչ թե մենք, որ չմտածեն  պատվիրված և շինծու տեղեկություն է, այլ իմ գործընկերները, ովքեր օգտագործել են նաև մեր տվյալները»:

Եպիոսկոպոսյանը նշեց, որ  այդ հոդվածը լույս է տեսել 2006 թվականին և բավականին լայն շրջանակներում քննարկվել է, ապացուցվել է մի փաստ, որ հայերի գենոֆոնդը առանձնացել է, մոտավորապես, 4-4.5 հազար տարի առաջ և առանձնացման ընթացքին նպաստել են տարբեր գործոններ. «Կարող ենք նաև ենթադրել, որ ունեցել ենք առանձին լեզու և հստակ կայուն տարածք, որը կապված պետք է լիներ պետականության հետ: Թող այդ ուղղութամբ պատմաբաններն ու հնաբաններն աշխատեն, քանի որ իրենց ցույց են տվել, թե ինչ խորությամբ պետք է պեղել, որպեսզի գտնեն այդ առանձնացման ակունքները: Երբեմն պատահում է, որ գենետիկայի միջոցով կարողանում ենք հուշել լեզվաբաններին, պատմաբաններին և հնագետներին, թե ինչ ուղղությամբ աշխատել, քանի որ գենետիկայի միջոցներով այդ փաստը հայտնաբերվել ու ամրագրվել է: Մեզ համար ամենակարևորն այն է, որ ծագելով, մոտավորապես, 4.5-5 տարի առաջ, գրեթե անփոփոխ ենք մնացել, իսկ ինչու՞ ենք մնացել անփոփոխ, քանի որ եղել են գործոններ, որոնց շնորհիվ առաջացել են խոչընդոտներ, որոնք խանգարել են օտարածին ազդեցության ներգրավմանը: Մենք ապրել ենք Պարսկաստանի տիրապետման  տակ, բայց արդեն ունեցել ենք քրիստոնեություն, որն էլ մեզ առանձնացրել է զավթիչներից: Քրիստոնեությունն է եղել այն պատնեշը, որը խոչընդոտել է նրանց գենետիկական ազդեցությանը, եթե նույնիսկ մեզ մոտ եղել է խաչասերում, դա տեղի է ունեցել հայկական գենոֆոնդից դուրս: Ժամանակին մեզ մոտ եկել են մոնղոլներ, թուրքեր և էլի շատերը, բա ու՞ր է նրանց ազդեցությունը, մենք համարյա չունենք նրանց ազդեցության որևէ հետք, և դրանց բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ունեցել ենք տարբեր խոըչնդոտներ և ֆիլտրներ և դրանցից մի մասը եղել է հոգևոր՝ մեր կրոնը, մեր լեզուն և պատմամշակութային ժառանգությունը, որը թույլ չի տվել հայերին ամուսնանալ օտարերկրացիների հետ:

Այս ամենի մասին շատ լավ գրված է մեր պատմիչների մոտ՝ Կիրակոս Գանձակեցին գրում էր, որ երբ զավթիչները մտնում էին հայերի մոտ, կանայք գերադասում էին իրենց նետեին անդունդը, քան պղծված լինեին նրանց կողմից: Ազգագետների կողմից կա վավերագրած փաստ, մոտավորապես 100 տարի առաջ, երբ տեղի ունեցավ ադրբեջանահայկական բախումները, եղել են դեպքեր, երբ հայ կանայք ադրբեջանցիների կողմից բռնաբարվել են և որպես արդյունք նրանք հղիացել են: Այդ հիշատակությունների հիման վրա կարող եմ ասել, որ հայ համայնքը երբեք չի հանդուրժել, չի համակերպվել այն փաստի հետ, որ պետք է ծնվի երեխա, ով ադրբեջանցունն է ու պետք է մեծանա հայ համայնքում: Հետևաբար, նման դեպքերում հայ կանայք կամ ազատվել են երեխայից կամ էլ հայ համայնքից դուրս ապրել: Մենք փաստագրել ենք այն, որ մեր գենոֆոնդում համարյա չկան թուրքական գենետիկական հետքեր: Բացատրությունն այն է, որ օտարածին ազդեցությունը չի կարողացել հետք թողել այն դեպքում, երբ արդեն ձևավորված ժողովուրդ է եղել և ունեցել է արտահայտված ինքնություն»:

Եպիսկոպոսյանը նաև ընդգծեց, որ հայերի առանձնահատկությունը ոչ թե գենն է, այլ պատմությունը  և դա է, որ բացատրում է մեր կայունությունը, որը եզակի է մեր տարածաշրջանում և ընդհանրապես երկրագրնդի վրա. «Դա պետք է ուսումնասիրվի ոչ միայն գենետիկայի, այլ նաև մշակութային, փիլիսոփայական, պատմական և հարակից բոլոր մասնագետների տեսանկյունից, որը, կարծում եմ՝ դեռ Հայաստանում արված չէ: Հայի գեն ասվածը սխալմունք է և պետք է զերծ մնալ դրանից, դա իրականում գենոֆոնդի կառուցվածքն է: Մենք ունենք մի առանձնահատկություն, որը բնութագրում է հայ գենեֆոնդը՝ մեր գենետիկական հիշողությունը: Մեր մտածողությունն ավելի մոտ է գիտական փաստերին, քան առանձին մարդկանց երևակայական ձգտումները, որ մենք ամենահինն ենք կամ  հայկական տառերն ունեն ոչ թե 1600 տարվա պատմություն, այլ 10 հազար տարվա պատմություն:

Անհիմն փաստեր տարածելով՝ վնասում ենք պատմագիտությանը, հայագիտությանը, ծագումնաբանությանը: Վերջերս համացանցում Զորաց քարերի մասին նյութեր տարածվեց, որն ինձ համար շատ ցավալի էր: Այնտեղ շատ հմուտ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքներ էր կատարվում, ում պետք է հավատանք և վստահենք, իսկ երբ մարտնչող դիլետանտները մոտենում ու ասում են, որ չպետք է այդտեղ պեղումներ իրականացնել, դա ցավալի է:

Մենք պետք է ուսումնասիրենք, պետք է համոզվենք, պետք է լուրջ մասնագետների ու փորձագետների կողից գանք լուրջ համոզման, նոր տարածենք, որ դա եղել է աստղադիտարան: Մենք չունենք այնպիսի պատմություն, որը ծաղկացնելու կամ հարստացնելու կարիք ունի, որովհետև այն արդեն  եզակի և բազմազան է, ուստի հայտնաբերելով ինչ-որ մի բան, որը չի համապատասխանում մեր սպասելիքներին, պետք է չմտածենք այդ մասին, ոչինչ: Եթե 99 տոկոսը դրական է, ոչինչ, թող այդ 1 տոկոսն էլ բացասական կամ չեզոք լինի՝ ոմանց տեսակետից:

Պատմության մեջ բացասական բան չկա, ցանկացած երևույթ ու տարր մեր պատմությունն է և գուցե այդ բացասական կողմի չլինելու պարագայում  այսպիսի հին ու կայուն ժողովուրդ չլինեինք: Երբեք չպետք է համարել, որ մեր բացասական կողմերը շտկման ենթակա են, ո՛չ, մեր բացասական և դրական կողմերը միասին ձևավորում են այն ինքնությունը, որն ունենք հիմա: Պուշկինի կինը եղել է շիլ, բայց եղել է շատ գեղեցիկ և գուցե դա է գեղեցկացրել նրան, և հենց դա է եղել այդ հմայիչ տարրը: Մենք ադրբեջանցի չենք, որ ձգտենք մեր պատմությունը կառուցել հարակից ժողովուրդների պատմությունը կեղծելով, իսկ մենք այսօր այդպիսի խնդիր ունենք, որովհետև մեր տարածքային պատմության մեծ մասը թողել ենք այնտեղ և այն ուսումնասիրելու հնարավուրություն չունենք: Ունենք հայեր, որոնց նախնիները ծագել են այնտեղ և հիմա այդ գենետիկական ինֆորմացիան նրանց մեջ է»:

 Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից