Քաղաքական Վերլուծական 

Ինչ հարց է լուծելու Հայաստանն այսօր Աստանայում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովին: Այդ վեհաժողովից առաջ հանրության հետաքրքրության կենտրոնում է հայտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, հատկապես Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո: Մամուլում եղել են հրապարակումներ, որ Հայաստանը Խաչատուրովի փոխարեն առաջադրում է Վաղարշակ Հարությունյանին՝ պաշտպանության նախկին նախարարին: Սակայն այդ տեղեկության պաշտոնական հաստատում չկա, և միաժամանակ ընդհանրապես չկա որոշակիություն այն հարցում, թե արդյոք Խաչատուրովի շուրջ հայտնի պատմություններից ու զարգացումներից հետո Հայաստանը պահպանելու է, կամ ՀԱՊԿ անդամները համաձայնելու են Հայաստանի համար ԳՔ քվոտան պահպանելուն:

Բանն այն է, որ այդ առումով կան իրարամերժ արտահոսքեր, որոնք չեն հաստատվում, սակայն միարժեք չեն էլ հերքվում: Պարզ չէ նաև, թե հարցն այսօր կայանալիք վեհաժողովին հատկապես ինչ դիրքով և բովանդակությամբ է դրվելու՝ քննարկվելու է Հայաստանի նոր թեկնածուի՞, թե՞ ընդհանրապես Հայաստանի քվոտայի հարց: Սակայն այս ամենով հանդերձ, ՀԱՊԿ պարագայում հայաստանյան հասարակական-քաղաքական միջավայրում, թերևս, ձևավորման կարիք ունի առավել ռազմավարական պահանջարկ և օրակարգ, իսկ քարտուղարության քվոտայի հարցը լոկ այդ համատեքստում: Իսկ առանցքային օրակարգի խնդիրը վերաբերում է ՀԱՊԿ ռազմա-քաղաքական նշանակությանը, բնույթին, բովանդակությանը և կոչմանն ընդհանրապես: Այդ կառույցը կա՞, մասնավորապես Հայաստանի համար՝ որպես ռազմա-քաղաքական բլոկ, թե՞ դա միայն թուղթ է, որն իրականում Հայաստանին ավելի խոցելի և հիմար վիճակի մեջ է դնում իր դատարկ գոյությամբ:

Այն, որ այս խնդիրը կա և այն էլ լրջորեն, ակնառու էր դեռևս Սերժ Սարգսյանի այն բաց դժգոհություններից, որ հնչեցրել է ՀԱՊԿ վեհաժողովներում: Սակայն մյուս կողմից դրանք դառնում էին Հայաստանի անզորության վկայություններ:

Հայաստանում իշխանափոխությունից հետո, անշուշտ, փոխվել է նաև Հայաստանի իշխանության քաղաքական կարողությունների բազան և այս առումով, Հայաստանից իհարկե ակնկալվում են ոչ այնքան հուսահատ դեմարշներ, այլ շատ առարկայական քաղաքական հարցադրումներ: Այլ խնդիր է, որ որևէ դեմարշ կարող է հաջորդել այդ հարցադրումների հանդեպ անտարբեր կամ արհամարհական վերաբերմունքին, եթե այդպիսին լինի ՀԱՊԿ անդամների վերաբերմունքը:

Այս տեսանկյունից, իհարկե, Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրից պահանջվում է ուշադրության այդպիսի թիրախավորում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրի հանդեպ «մարզական հետաքրքրասիրության» փոխարեն: Դրական է այն, որ Հայաստանի նոր իշխանությունը մի քանի անգամ թե՛ վարչապետի, թե՛ արտգործնախարարի մակարդակով հայտարարել է, որ ՀԱՊԿ խնդիրը դիտարկում է հենց այդ լայն՝ կազմակերպության բնույթի կոնտեքստում: Սա, իհարկե, մեկ վեհաժողովի, անգամ մեկ տարվա լուծելիք խնդիր չէ, սակայն շատ կարևոր է գործընթացի մեկնարկը և ռազմավարական տեսլականը, որով կուղեկցվի այն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից