«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Համբարձումյանը, որը 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում այս կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև ցանկություն է հայտնել մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին, սակայն տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանը նրան փոխանցել է, որ կուսակցությունը նպատակահարմար չի գտնում նրա մասնակցությունը։
«Մինչ այս պատասխանը, ես ենթադրում էի, որ կարող է ցուցակում չհայտնվեմ, այս պատասխանն ինձ համար անակնկալ չէր։ Սպասում էի նույնիսկ, թե ինչ պատճառաբանությամբ պիտի մերժեն, կամ վերջինիս բացակայությամբ: Այս ամենին ես պատրաստ էի։ Գիտեք, ընդհանրապես, այն մարդը, որը զբաղվում է կուսակցական գործունեությամբ պիտի իր կուսակից ընկերների հետ պատասխանի պարզ հարցի, արդյո՞ք կուսակցական գործունեությամբ զբաղվողն իրավունք ունի զբաղվելու նաև քաղաքական գործունեությամբ, թե՞ կուսակցական գործունեությունը պետք է սահմանափակվի առավոտից երեկո լիդերների խոսքը կրկնելով: Եթե անկեղծորեն տալիս ենք այս հարցի պատասխանը, ապա ամեն ինչ ավելի պարզ ու հստակ է դառնում:
Գոնե ինձ համար կուսակցական գործունեությունն ու հրապարակային, քաղաքական գործունեությունը մշտապես եղել են հոմանիշ հասկացողություններ: Բացի դրանից, ես կարծել եմ, որ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձը պետք է մշտապես կապի մեջ լինի քաղաքացիների հետ: Սա քաղաքական գործունեության անքակտելի մասն է ու օգտվելով առիթից՝ ուզում եմ տեղեկացնել քաղաքացիներին, որ, այո՛, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում ես չեմ լինի: Պատճառաբանությունն ինչքան էլ սպասված էր՝ նպատակահարմարության բացակայություն, այնքան էլ տարօրինակ: Այնուամենայնիվ կարծում եմ, որ ավելի անկեղծ կլիներ հստակ պատճառներ նշել: Իրական պատճառներ տեսնո՞ւմ են, ռեպուտացիոն ռիսկեր, որ ներգրավված եմ եղել տարբեր սկանդալների, կոռուպցիոն դրսևորումների մեջ կամ կա աշխատանքային անվստահության խնդիր..սրա մասին պետք է պարզ ասեն: Մի խնդիր, այնուամենայնիվ, ես տեսնում եմ ՝ այն է աշխատանքային անվստահությունը․ դժվար թե իրենք վստահ լինեն, որ միշտ սեղմելու եմ այն գույնի կոճակը, որ իրենք են ցանկանում»:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ իր ինքնառաջադրումն ինքնանպատակ չէր, այլ մեծ թվով մարդկանց ցանկությամբ էր պայմանավորված։
«Լավ իմանալով, թե ինչի կարող է հանգեցնել իմ ինքնառաջադրումը, լավ իմանալով, թե իրենք ինչ կարող են ինձ պատասխանել, այնուամենայնիվ, կարծել եմ, որ սիրո ու հանդուրժողականության ֆոնին իշխանության եկած մարդիկ իրենց լոզունգներին հավատարիմ կլինեն»։
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում