Հասարակություն Բարի օր 

Հայկ Մարությանի բյուջեն. սին խոստումների պերճանքն ու իրականության թշվառությունը

Այլ հարց է, թե ինչպիսի՞ն կլինի այդ իրադարձությունների և դրա արդյունքում ստեղծված իրավիճակի գնահատականը որոշ ժամանակ հետո։ Թեև, հանուն արդարության, պետք է արձանագրենք, որ արդեն իսկ նկատելի են, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» արդյունքում ստեղծված համատարած էյֆորիայի նահանջի և հանրության սթափվելու միտումները։

Այսօր արդեն համեմատաբար լսելի է այն քչերի խոսքը, որոնց հաջողվեց ի սկզբանե զգոն մնալ, չտրվել համատարած էյֆորիային և սթափ գնահատել ու վերլուծել ստեղծված իրավիճակը՝ հնարավոր բոլոր հետագա հետևանքներով։ Եվ, որ ոչ պակաս կարևոր է, անհրաժեշտ այդ խոսքն այսօր հետզհետե ընկալելի ու սպասված է դառնում շռայլ խոստումներով փաթեթավորված պատրանքներից  թշվառ իրականություն վերադարձողների համար։ Այս ամենում, անշուշտ, իրենց անուրանալի ավանդն ունեն նաև թավշյա «հերոսները», որոնց կատարած և կատարվող շատ քայլեր ուղղակի 180 աստիճանով տարբերվում են այն վեհ գաղափարներից, որոնք սկզբում հրամցվում էին հասարակությանը։

Դրանց ապացույցներն ամենուր են ու ամեն քայլափոխի․ ձախողված արտաքին և ներքին քաղաքականություն, ներդրումների բացակայություն, համատարած թանկացումներ, տնտեսության անկում, զանգով արդարադատություն, ատելության քարոզ, քաղաքական վրեժխնդրություն, վհուկների որս, սևի և սպիտակի բաժանում, ազգային արժեքների նսեմացում, չհիմնավորված գոռոզամտություն… Եվ էլի բազում բացասական ու անընդունելի երևույթներ, որոնց դեմ պայքարելու և դրանք մեկընդմիշտ արմատախիլ անելու շռայլ խոստումները հենց ա՛յդ «հերոսներն» էին տվել հանրությանը։

Սրան գումարած՝ նաև այն անհիմն ու որևէ կերպ չարդարացված ծախսերը, որ կատարվում են այսօրվա «թավշյա հերոսների» կողմից՝ սեփական վոյաժների ու տարատեսակ քմահաճույքների բավարարման նպատակով։ Եվ, որ ցինիզմի գագաթնակետն է, այդ ամենը  հիմնավորում են՝ որպես հանրության կողմից իրենց տրված անվերապահ լիազորություն և, որ դա հենց հանրությա՛ն ցանկությունն է։ Ու բնավ չզարմանաք, եթե մի օր էլ լսեք, որ այդ անիմաստ մսխումներն արդեն լիարժեք հպարտ ու երջանիկ դարձած հայաստանցիների ամենամեծ երազանքն էր, որն իրենք ամենայն պատասխանատվությամբ իրականացնում են՝ անսահման սիրելով բոլորին։ Ի դեպ, այդ ուղղությամբ առաջին քայլն արդեն արվել է․

Երևանի կոնաձև նոր տոնածառը, որը երևանցի հարկատուների գրպանին արժեցավ 71,5 մլն դրամ կամ մոտ 150 հազար դոլար, հենց այդպես էլ ներկայացվեց՝ հանրության ցանկություն և երկար տարիների երազանք։ Իմիջիայլոց, վերը նշված գումարը միայն կոնաձև այդ տոնածառի արժեքն է, մինչդեռ դրա Հայաստան տեղափոխման, ընդ որում, ինքնաթիռով, մաքսազերծման և ավելի քան երկու շաբաթ, երեք վերամբարձ կռունկների ներգրավմամբ, այն տեղադրելու և զարդարելու ծախսերը Երևանի քաղաքապետարանն այդպես էլ չի ներկայացնում։ Դժվար է ասել, թե ինչո՞ւ չի ներկայացնում, բայց ամենատարրական հաշվապահական գիտելիք ունեցող մարդու համար պարզից էլ պարզ է, որ այդ ամենի համար ծախսված կլինի ևս մոտ 25 մլն դրամ, կամ մոտ 50 հազար դոլար։ Այսպիսով, հանրության այդքան երազած տոնածառը, ըստ էության, երևանցի հարկատուների գրպանին արժեցել է շուրջ 95 մլն դրամ կամ մոտ 200 հազար դոլար։

Ի դեպ, քաղաքապետ Հայկ Մարությանի ջերմեռանդ երկրպագուները, որպես այս ծախսի արդարացում, աջ ու ձախ նշում են, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը յուրաքանչյուր տարի շուրջ 25 մլն դրամ էր հատկացնում տոնածառի զարդարման համար, ինչը, ըստ նրանց, գումարի մսխում էր։ Այն, որ նախորդ տարիներին այդքան գումար է նախատեսվել դրա համար, անշուշտ, ճիշտ է, բայց այստեղ կա մի ԲԱՅՑ․ Երևանի նախորդ տարիների բյուջեներով այդ 25 մլն դրամը տրամադրվում էր Երևանի գլխավոր տոնածառի և 12 վարչական շրջանների տոնածառերի տեղադրման, զարդարման, ապա՝ դրանք ապամոնտաժելու համար։ Իմիջիայլոց, քաղաքապետարանի նախկին աշխատակիցները նաև փաստում են, որ այդ աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվում էր բաց մրցույթ, որում ամենացածր գինն առաջարկողն էր հաղթում և իրականացնում այդ աշխատանքները։

Նկատենք, որ նոր տոնածառի ձեռքբերման համար մրցույթ չի՛ հայտարարվել, և հայտնի չէ, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել այն կազմակերպությունը, որն իրականացրել է գնումն ու տեղափոխումը, և արդյո՞ք ավելի էժան գին առաջարկող չէր լինի, եթե գնման մրցույթ հայտարարվեր։ Եվս մեկ հարց էլ կա, որը, վստահ ենք, կհետաքրքրի շատերին․ այս տարի Երևանի 12 վարչական շրջաններում տոնածառեր տեղադրվո՞ւմ են, թե՞ միայն այս տոնածառով են հիանալու երևանցիները։ Եվ եթե, այնուամենայնիվ, տեղադրվում են, ապա դրանց տեղադրման, զարդարման, ապա նաև ապամոնտաժման ծախսերը որքա՞ն են կազմում։ Մի հարց էլ, հաջորդող տարիներին այս նույն տոնածառի համար և, եթե մնացած 12 վարչական շրջաններում էլ են տեղադրելու, զարդարելու, այնուհետ՝ նաև ապամոնտաժելու տոնածառները, որքա՞ն գումար են նախատեսելու…

Ինչևէ, եթե մի պահ պատկերացնենք, որ այս նույն գնումը՝ նույն եղանակով ու նույն արժեքով, անգամ սրա կես արժեքով, կատարած լիներ Տարոն Մարգարյանը, այսօրվա քաղաքապետով հիացողները նրան միանշանակ կգամեին անարգանքի սյունին։ Էլ չենք խոսում բյուջետային այն որոշ ծախսերի մասին, որոնք նախատեսվել են Երևանի ներկայիս քաղաքապետի կողմից՝ 2019 թվականի համար։ Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցությունն արդեն բարձրաձայնել է իր մտահոգությունների մասին։ Փորձենք անցնել բյուջեի որոշ կետերով ու հասկանալ, թե ինչո՞ւմն է բանը։

Եվ այսպես․ Երևանի 2019 թվականի բյուջեով նախատեսվել է ավելի քան 1 մլրդ 991 մլն 438 հազար դրամ (շուրջ 4 մլն 102 հազար դոլար) տրամադրել պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով։ Նկատենք, որ Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ նախորդ ավագանու կողմից հաստատված 2018 թվականի բյուջեում այդ նույն նպատակով նախատեսել էր շուրջ 758 մլն 538 հազար դրամ (մոտ 1 մլն 562 հազար դոլար)։ Այսինքն, 2019-ի համար Հայկ Մարությանի ղեկավարած քաղաքային իշխանության կողմից նախատեսվել է 1 մլրդ 232 մլն 900 հազար դրամով (շուրջ 2 մլն 539 հազար 500 դոլար) ավելի գումար։

Կամ, Հայկ Մարությանի գլխավորած քաղաքային իշխանությունների կողմից գործուղումների և շրջագայությունների ծախսերում, արտասահմանյան գործուղումների գծով, 2019 թվականին նախատեսվել է հատկացնել 112 մլն 750 հազար դրամ (մոտ 232 հազար 500 դոլար)։ Մինչդեռ 2018 թվականին Տարոն Մարգարյանի ղեկավարած քաղաքային իշծանությունների կողմից այդ նպատակով հատկացված է եղել 62 մլն 750 հազար դրամ (մոտ 129 հազար 500 դոլար), այսինքն՝ 50 մլն դրամով (մոտ 103 հազար դոլար) քիչ, քան 2019 թվականի համար։

Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների նպատակով էլ 2019 թվականին նախատեսվել է հատկացնել 169 մլն 172 հազար դրամ (մոտ 349 հազար դոլար), և դա՝ այն դեպքում, որ այդ նույն նպատակով 2018 թվականին հատկացված է եղել 9 մլն 262 հազար դրամ (մոտ 19 հազար դոլար)՝ տարբերությունը կազմում է 159 մլն 910 հազար դրամ (մոտ 330 հազար դոլար)։ 2018-ի համեմատ, 2019թ․ բյուջեի ծախսային այս մասով նախատեսված միջոցների ակնհայտ տարբերությունը, թերևս, պայմանավորված է մասնագիտական աղքատիկ կարողություններով սեփական կադրային այն բանկի առկայությամբ, որի վրա ստիպված է հենվել քաղաքային գործող իշխանությունն ու, հարկատուների հաշվին, փորձելու է քիչ թե շատ մասնագիտական կրթություն ապահովել այդ կադրերի համար։

168.am

Նույն շարքից