Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ստորագրել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին:
Analitik.am-ն այս մասին զրուցեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ:
-Պարոն Սարգսյան, այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրեց Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծը: Փաստացի բոլոր երկրները, բացի Հայաստանից, ստորագրել են այդ որոշման նախագիծը: Հնարավո՞ր է արդյոք առանց Հայաստանի համաձայնության նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
-Բնականաբար, դա հնարավոր չէ, այստեղ խոսքը գնում է նախագծի մասին, իսկ ցանկացած անդամ պետություն կարող է նախագիծ ներկայացնել ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների ընդհանուր հանդիպման ժամանակ, և սա այդ նախաձեռնություններից մեկն է: Բելառուսի նախագահն իր անվտանգության խորհրդի քարտուղարին առաջադրել է այդ պաշտոնում և կոնսենսուսի սկզբունքով պետք է կատարվի ընտրություն: Հայաստանը միակ պետությունն է, որի ղեկավարները դեռևս չեն հանդիպել Բելառուսի թեկնածուի հետ և, կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ խնդիրն այն լարվածությունն է, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ծագել է ՀՀ-ի և Բելառուսի միջև:
- ՀԱՊԿ կանոնադրությամբ ի՞նչ է լինում, եթե անդամներից մեկը չի համաձայնում ՀԱՊԿ որոշման հետ: Այդ դեպքում հնարավո՞ր է ՀԱՊԿ-ից տվյալ երկրին հեռացնելու հարց քննարկվի:
-ՀԱՊԿ բոլոր որոշումներն ընդունվում են բացառապես կոնսենսուսով, իսկ դա նշանակում է, որ բոլոր անդամ պետությունները պետք է կողմ քվեարկեն համապատասխան նախագծին և միայն դրանից հետո այդ նախագիծը՝ որպես իրավական ակտ, կարող է իրավաբանակն ուժ ստանալ և մտնել ուժի մեջ: Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ այս աշխատանքը երկկողմ դաշտում է, և հայ-բելառուսական ակտիվ քննարկումներ պետք է գնան, որպեսզի այս հարցը լուծվի: Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից տվյալ երկրին հանելու հարցի քննարկմանը, ասեմ, որ կանոնադրությամբ նման բան նախատեսված չէ, հանելու վերաբերյալ նման խնդիր չի կարող լինել: Այստեղ Հայաստանը պետք է կարողանա ինչ-որ լուծումներ գտնել և կարծում եմ, որ այդ լուծումներից մեկը կարող է լինել այն, որ Հայաստանն, այդուհանդերձ, ստորագրի ՀԱՊԿ-ի որոշման նախագիծը, բայց այն ուժի մեջ մտնի միայն այն ժամանակ, երբ ավարտվի Հայաստանի ՀԱՊԿ-ում նախագահության ժամանակաշրջանը: Սա նույնպես մի մոտեցում է, որը կարող է ձեռնտու և նաև ընդունելի լինել Հայաստանի համար: Կամ պետք է որևէ ստորագրում չլինի և ժամկետը հետաձգի մինչև հաջորդ ժամկետի սկիզբը:
-Մոտ օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկօրյա այցով մեկնելու է Մոսկվա, ըստ Ձեզ՝ դա կապ ունի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով Հայաստանի դիրքորոշման հետ:
-Ոչ, այցի հիմնական նպատակը ՀԱՊԿ-ի հետ կապված չէ: Կարծում եմ՝ այստեղ խնդիրները երկկողմ օրակարգում են լինելու և քննարկվելու են երկկողմ հարցեր՝ այդ թվում, գազի սակագինը:
-Փաստացի Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար և ի՞նչ էր տալիս մեզ այդ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնի դիրքը:
-Ամենակարևորն այն է, որ մի կազմակերպությունում ունենում ես ոչ միայն ներկայացուցիչ, այլ նաև նախագահում ես այդ կառույցում: Եթե դա կարևոր չլիներ մեր երկրի համար, Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ չէին պայքարի այդ հաստիքը պահելու համար, և եթե նման պայքար է գնում, նշանակում է, որ այդ հաստիքը Հայաստանի համար պահելը և՛ սկզբունքային, և՛ կարևոր նշանակություն ունի: Դա է պատճառը, որ մեր իշխանություններն այդ ուղղությամբ երկար աշխատել են:
Օֆելի Իսրայելյան