Գլխավոր Իրավական Հարցազրույց 

Ուզում են վենդետտաների միջոցո՞վ հարցերը լուծվեն, այս ի՞նչ պետություն է, որ մարդասպանին ներում է. Իոսիֆ Աղաջանովի հարազատների արձագանքը

analitik.am

Հաշվի առնելով այն, որ համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պատրաստվում են ներում շնորհել, Analitik.am-ը զրուցեց  սպանված Իոսիֆ Աղաջանովի հայր՝ Միխաիլ Աղաջանովի և քույր Ելենա Աղաջանովայի հետ:

Միխաիլ Աղաջանովն ասաց, որ խիստ բացասական է վերաբերվում Մհեր Ենոքյանին ներում շնորհելուն. «Ես հատուկ ներկայացնելու համար իմ կարծիքը բացել եմ ՖԲ էջ,որտեղ մանրամասն գրել եմ, թե ինչու չի կարելի Մհեր Ենոքյանի նման մարդուն ներել: Այդ մարդը մինչև հիմա ներողություն չի խնդրել, նա չի ընդունում, որ ինքն ինչ-որ մեղք է գործել:23 տարիների ընթացքում նա մի անգամ չի մեղանչել, չի ասել, որ ես մեղավոր եմ, ինչ-որ բան եմ արել, ուղղակի այդ սև PR-ն իրեն դարձրեց ազգի փրկիչ: Ես ուղղակի զայրանում եմ այդ ամենից: Ինքն օգտագործեց իր բանտարկությունը: Մի ամբողջ խումբ է աշխատում, որ նրան դարձնեն ազգի հերոս: Լրագրողների մի խումբ է աշխատում: Նրանք ամեն կերպ ուզում են, որ Մհերը դուրս գա: Երկու անգամ նա փախուստի է դիմել, նրան բռնել են, տարել են հետ են նստացրել, բայց, միևնույն է, ասում են՝ մեկ է, նա շատ լավ մարդ է, նա մտավորական է, նա գրքեր է գրում, նա չգիտեմ ինչ է անում:

Սա ուղղակի խայտառակություն է մեր ազգի համար, որ մենք նման մարդուն կարող ենք մեծարել և նրա հետ ինչ-որ հույսեր կապել, հատկապես այս նոր կարգերից բոլորս մեծ հույսեր ունեինք, որ ամեն ինչ կլավանա, բայց ես, որ տեսնում եմ, թե ինչպիսի մարդկանց մոտ են այդ նոր կարգերը հույսեր առաջացրել, ես սկսում եմ կասկածել, որ կհասնենք մեր պետությունը լավացնելու մեր նպատակներին, որ մեր առջև դրել ենք»:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ արդարադատության նախարարությունն է ներման ներկայացրել և հանձնաժողովի անդամներն էլ դրական եզրակացություն են տվել, Աղաջանովն ասաց. «Մենք ձայն չէինք հանում, նրանք միակողմանի նյութեր էին պատրաստում և միակողմանի կարծիք են ստեղծել: Էլի նույն լրագրողներն են, նույն մարդիկ են, որ կարծիք են ստեղծում: Այդ PR-ը, որ ստեղծում են այդ անձի շուրջ, լրիվ կեղծ տվյալների վրա հիմնված մի բան է, նրանք դատավարությունն են կասկածի տակ դնում, նրանք ամեն ինչ կասկածի տակ են դնում, մնում է այն փաստը, որ տեղի է ունեցել, նույնպես կասկածի տակ դնեն: Միակողմանի մոտեցումը մարդիկ կան, որ լսում են, և մարդիկ կան, որ հույսեր են կապում,թե այդ մարդը, որ դուրս գա, արդեն ուղղված կլինի: Նա երբեք ուղղված չի լինի, որովհետև նա այդպիսի բնավորություն ունի, նա չի կարող ուղղվել: Նա ո՞նց կարող է իրեն կարգին պահել, եթե երկու անգամ փախուստի է դիմել, նրան փողոցից են բռնել՝ մի անգամ Ամիրյան փողոցից, մի անգամ էլ եսիմ ում տանից: Ուզում են արդարացնեն, ուզում են ցույց տան, որ իբր նա ուղղվել է, նա հասարակությանը պիտանի մարդ է, սակայն նա հասարակության համար վտանգավոր մարդ է»:

Այն հարցին, թե ի՞նչ շահագրգռվածություն ունեն Աղաջանովի կողմից նշված լրագրողների խումբը, որը փորձում է արդարացնել Մհեր Ենոքյանի կողմից կատարված արարքը, Աղաջանովը պատասխանեց. «Անձնական շահագրգռվածություն կա, այնտեղ իր կինն է, բանտում գտնվելու ժամանակ Մհերն ամուսնացել է ինչ-որ թղթակցի հետ, ուղղակի իր անձնական հարցերն է լուծում՝ ուզում է իր ամուսնուն արադարցնի և ազատի, դա իր հիմնական շահն է: Բոլոր այդ լրատվամիջոցների հետ նա ծանոթ է, մտերիմ է, իրեն ճանաչում են, հավատում են, ինքն այնտեղ իր կարծիքը տարածում է: Մենք բոլորովին այլ ոլորտի մարդիկ ենք, վերջերս էլ սկսեցին մեր մասին ինչ ասես գրել, որ իբրև մենք գումարով ենք ուզում ինչ-որ կարծիք ստեղծել: Ուրեմն մենք տուժված կողմ, ի՞նչ, պետք է գումարով ինչ-որ կարծիք ստեղծե՞նք: Վերջերս արդեն սկսեցին մեզ անդրադառնալ, քանի որ մենք սկսեցինք մեր կարծիքը հայտնել, որ մենք համաձայն չենք  այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է, սկսեցին գրել, թե իբր մենք ուզում ենք ինչ-որ գումարներով հարցեր լուծել: Դա ի՞նչ խոսակցություն է»:

Սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրն էլ՝ Ելենա Աղաջանովան Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը խիստ բացասական է վերաբերում Մհեր Ենոքյանին ներում շնորհելուն, քանի որ վստահ է, որ Մհերն անմեղ չէ, ինչպես փորձում են ներկայացնել. «Ինքն, իհարկե, և կազմակերպիչն է եղել և սպանողը, միգուցե մանրամասները հետո ավելի կասեմ, ամեն դեպքում պետք է իմանալ այդ երեխային, ում սպանել է՝ սպորտսմեն, շատ ուժեղ տղա… Եթե լիներ կռիվ, ինչպես ինքը ներկայացնում է, չէին կարող իմ եղբորս անգամ երկու հոգով հաղթել, ինքը շատ պարապած տղա էր: Մենք գտնում ենք, որ այդ կատարվածի ամբողջ նկարագիրը, որը տրվել է դատաքննության ժամանակ Արամ Հարությունյանի կողմից , համապատասխանում է իրականությանը, որ սկզբից «ռազվադնոյ կլյուչով» խփել են…

Ո՞նց կարող էր պարապած, սպորտսմեն տղան ինքն ամբողջությամբ լինի կտրտված, իսկ այդ երկուսի վրա ընդհանրապես ոչ մի բան չլինի, եթե դա լինի կռիվ, ինչպես ինքն ասում է: Կազմակերպիչը միանշանակ ինքն էր, քանի որ այն մյուս տղային եղբայրս երբեք չէր էլ տեսել: Սա համոզել է, հրավիրել է իր ընկերոջ տուն: Իմ եղբայրը բնավորությամբ շատ հանգիստ, դաստիարակված տղա էր, այնպես չէր կարող լինել, որ ինքը գնար ուրիշի տուն և ինչ-որ պատճառով կռիվ սկսեր 15 րոպեի ընթացքում: Մհերը շատ է համոզել, որ քննությունից հետո հյուր տանի, այն ժամանակ բջջային հեռախոսներ չկային, որովհետև եթե դա լիներ, միգուցե չգնար, որովհետև մամաս իրեն սպասում էր, պետք է գնային, ճիշտն ասած, ես պետք է ամուսնանայի, որոշակի իրեր պետք է վերցնեին մամայիս հետ… Ինչ-որ մի ձև համոզել է, որ եղբայրս գնացել է, որովհետև գիտեր, որ մամաս իրեն տանը սպասում է»:

Ելենա Աղաջանովան նաև խոսեց այն մասին, որ Մհերի շուրջ փորձում են մտավորականի կերպար ստեղծել. «Ինչքան ուզում է կրթվի, գիրք գրի, դա իր իրավունքն է, բայց դա չի նշանակում, որ ինքն անմեղ է, և դա չի նշանակում, որ մենք կարծում ենք, թե մյուսը՝ Արամ Հարությունյանը, նա է անմեղ: Նա էլ անմեղ չի, ինքն ուղղակի իրեն հասանելիք 15 տարին   նստել է, մենք ի՞նչ կարող ենք անել, իր դատավճռով սահմանված ժամկետը նստել, դուրս է եկել, իսկ Մհերը ցմահ դատապարտյալ է, թող կրի իր պատիժը»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու էին Իոսիֆ Աղաջանովի հարազատներն այսքան ժամանակ լռում, Ելենան պատասխանեց, որ իրենք իմաստ չեն տեսել խոսելու, քանի որ Մհեր Ենոքյանին արդեն իսկ ցմահ ազատազրկել էին, ամեն ինչ իրավական ճանապարհով գնում էր. «Իրավական գործընթացը գնում է նորմալ, իրենք մեզ մեղադրում են, որ մենք ծանոթությունների միջոցով իրեն 22 տարի պահում ենք բանտում, չի եղել նմանատիպ բան, մենք ոչ մի գործընթացին ընդհանրապես չենք խառնվել, և մենք միշտ պոստֆակտում ենք տեղեկացել, որ ինքը դիմել է վճռաբեկ դատարան, կամ դիմել է, որ վերանայվի գործը: Մենք  տեղեկանում էին կամ նրանից, որ այդ թղթերը գալիս էին պապայիս կամ էլ թերթերից, մենք ոչ մի բան չենք արել, քանի որ նորմալ ընթանում էր ըստ օրենքի ամեն ինչը:Շատ ցավալի է այդ ամբողջ գովքը, բայց ի՞նչ անենք: Երբ Արամը դուրս եկավ բանտից, Մհերը սկսեց խոսել, թե իբր երկուսը կռվում էին, ինքն էլ  վախեցած կանգնած էր կողքը, այս կերպ փորձում է ամեն ինչ բարդել Արամի վրա, քանի որ նա արդեն ազատության մեջ է, երկրորդ անգամ էլ նույն արարքի համար հո չե՞ն դատապարտելու: Հիմա սկսել է ասել, որ ես կողքը կանգնած էի, այնքան վախեցած էի, որ չէի կարողանում օգնություն կանչել»:

Ինչ վերաբերում է այն վտանգներին, որոնք կարող են լինել Մհեր Ենոքյանի ազատության մեջ հայտնվելու դեպքում, Ելենան ասաց, որ իր PR-ի հաշվին ինքը կդառնա աստղ. «Իրեն հիմա կհրավիրեն ամեն տեղ, ինքն ամեն տեղ կխոսի, և դա սխալ ուղղությամբ կտանի ընդհանրապես հասարակությանը՝ մասնավորապես երիտասարդներին, որովհետև երիտասարդները հրապուրվում են բանտային ռոմանտիկայով, չգիտեմ, ինչով են հրապուրվում: Շատ մարդասպաններ կան խելոք աչքերով, կրթված, պատմությունն ինչքան գիտի նմաններին, մարդիկ  խաբնվում են այդ սերիական մարդասպաններին: Նրանք հիմնականում շատ լավ տեսք ունեն, կարողանում են իրենց ներկայացնել: Սխալ կլինի նրան ազատության մեջ թողնելը, քանի որ ստացվում է, որ պետությունը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիներին, այդ ի՞նչ պետություն մենք ունենք, որ պետությունը կարող է թույլ տալ և ներել մարդասպանին: Ի՞նչ են ուզում, որ մեզ մոտ էլ վենդետտաներ լինի՞: Եթե իրանց ասածով մենք փող դնեինք, ընկնեինք իր հետևից, միգուցե մենք ուրիշ ձևով  հարցը լուծելու վրա ծախսեինք մեր այդ փողերը, բայց մենք ուզեցել ենք, որ ամեն ինչ  լինի օրենքով»:

Նշենք, որ ավելի վաղ Միխաիլ Աղաջանովը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին՝ եղելության մասին մասնավորապես նշելով հետևյալը.

«Իսկ եղելությունն այսպիսինն է. 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Մհեր Ենոքյանը հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի որդուս` Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը մեզ հայտնելու համար 20.000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, նրան տարել է Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ նենգաբար` թիկունքից, բացովի բանալիով /разводной ключ/ բազմաթիվ հարվածներ է հասցրել որդուս գլխին, որից հետո նաև դանակով կրծքավանդակի աջ շրջանին, աջ աչքի ենթակողային շրջանին, կրծքավանդակի աջ կեսի ենթաերակային շրջանին: Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է որդուս ոտքերը, իսկ երբ վերջինս ուշաթափ ընկել է, Մհեր Ենոքյանի պահանջով նա դանակով կտրել է որդուս պարանոցը (շնչափողը, կերակրափողը, գանգուղեղը սնուցող մայր զարկերակային անոթը և այդտեղ տեղակայված նյարդերը):

Ստացված վնասվածքներից որդիս մահացել է, որից հետո հրեշ Մհեր Ենոքյանն ու Արամ Հարությունյանը դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրին կառուցված բետոնապատ հենապատի հետևի մասում և ծածկել քարերով: Այս ամենը հիմնավորվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով և փաստվել, որ հրեշավոր հանցանքը կատարվել է շահադիտական նպատակներով ու առանձին դաժանությամբ: Մեր ընտանիքն ու հարազատները 1996 թվականից մինչ օրս մեծ ողբերգություն ենք ապրում՝ կորցրել ենք մեր 19-ամյա որդուն և անգամ ժամանակն ի զորու չեղավ փոքր ինչ մեղմել մեր ցավն ու կսկիծը: Ավելի ճիշտ կլինի փաստել, որ ոչ թե կորցրել ենք մեր որդուն, այլ նրան մեզնից խլել է ոճրագործ Թալեաթ Մհեր Ենոքյանը»։

Նույն շարքից