Հայաստան Քաղաքականություն 

Ընդդիմությունը ցույց է անում, իշխանությունն էլ ՝ ծափահարում

analitik.am

Պուտինի այցի վերաբերյալ գրեթե բոլորն արդեն հասցրեցին կարծիք արտահայտել: Մի կողմը քննադատեց, մյուս կողմն էլ ուղղակի սկսեց ձեռբերումները և գրանցած հաջողությունները թվարկել: Հետաքրքիրն այն է, որ լռեցին կամ էլ ոչ շատ բարձր խոսեցին արևմտամետները: Պայքարի ընտրված ձևն ուղղակի անհեթեթություն էր, քանզի դա ևս մեկ անգամ ապացուցեց, որ Պուտինը Հայաստանի համար, այո, բացարձակ արժեք է: Ի՞նչ է նշանակում ցույց անել օտար  երկրի նախագահի այցի դեմ, այսինքն ըստ տրամաբանության՝ Հայաստանը, որ ՀԱՊԿ անդամ է, որ Ռուսաստանում ունի մոտ 2.5մլն., իսկ Պուտինի խոսքերով էլ 3 մլն. հայ, որոնց ուղարկած գումարներով էլ հենց ապրում են շատ ընտանիքներ, պետք է չհյուրընկալել Ռուսաստանի նախագահին: Դեռ չեմ խոսում Հայաստանում բազմաթիվ ռազմավարական նշանակության օբյեկտների Ռուսաստանի կողմից տիրապետման և մնացյալի մասին, ինչի պատճառով էլ մենք արդեն իսկ մեզ և Ռուսաստանին բավականին հաստ պարաններով կապել ենք միմյանց հետ: Արևմտամետների այսօրինակ պայքարը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում ոչ քաղաքական ուժերը, ոչ էլ գործիչները դեռևս պատրաստ չեն ադեկվատ վարքագիծ դրսևորելուն, պատրաստ չեն գրագետ քաղաքականություն վարելուն: Քաղաքականության մեջ առավել քան այլ ոլորտներում պետք է կարողանալ կանխատեսել և պլանավորել հետագա քայլերը՝ կանխատեսելով նաև դրանց հնարավոր հետևանքները և ոչ լավ արդյունքի դեպքում էլ հաղթահարման ճանապարհները: Գուցե արևմտամետները կանխատեսել էին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների այսպիսի զարգացումները, բայց պայքարի մեթոդներն այսպես ասած ուղղակի մանկապարտեզային հարթության մեջ էին: Ինչու՞ ոչ մեկի մտքով չանցավ լուրջ վերլուծություն անել և ներկայացնել ուսումնասիրություն, որտեղ պարզ կերևար Հայաստանի թե տնտեսական, թե քաղաքական, թե մշակութային, թե հասարակական օգուտներն ու վնասները ՄՄ-ին միանալու և ԵՄ ասոցացման համաձայնագիրը կնքելու դեպքում: Մեր ընդդիմությունը, եթե կարելի է ընդդիմություն համարել դասական իմաստով,   «ցույցասեր»  է, իսկ իշխանությանն էլ դուր է գալիս «հանդիսատեսի» կարգավիճակը: Խնդիրն այստեղ ամենևին այն չէ, որ Հայաստանը պետք է ստորագրեր ԵՄ ասոցացման համաձայնագիրը, այլ ոչ թե ՄՄ գնար, ամենևին, ուղղակի ոչ մեկը Հայաստանի քաղաքական ուժերից հիմնավորված և փաստացի կարծիք չասաց, իսկ ՀՀԿ-ական կառավարությունն էր մինչև վերջին վարկյանը դեռ չէր հասկանում ՄՄ-ն ենք մտնում, թե համաձայնագիր ենք ստորագրում: Այս տարիների ընթացքում ամբողջ կառավարությունը ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն էր պատրաստվում, բայց ընդամենը մեկ րոպեյում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ:  

Այս ամենում ոչ Պուտինն է մեղավոր, ոչ էլ ԵՄ երկրները, այլ մենք, քանզի քաղաքական գիծը մշակելուց  հետո են միայն հաշվի առնվում այսպես ասած ֆորս մաժորային իրավիճակները: Ի դեպ, հարգելի ընդդիմություն, չե՞ք կարծում, որ անկախ այս հարցից, առհասարակ շատ ավելի ընկալված և ընդունված կլինեք, եթե «բեմահարթակներից» տեղափոխվեք գործողությունների դաշտ: Ինչ վերաբերում  է իշխանությանը, ապա այն կարծես թե համակերպված լինի այն փաստի հետ, որ բոլորն իրենից պետք է զզվեն, քննադատեն, վերջում էլ արտագաղթեն, ցավալի է...  

 Անի Հովհաննիսյան

Նույն շարքից