Ներկայիս ԱԺ-ն ձևավորվել է պատգամավորներից, որոնք ոչ միայն հասարակությանն են քիչ հայտնի, այլ նույնիսկ իրենց խմբակցության ներսում միմյանց ոչ բոլորն են ճանաչում: Խոսքը մասնավորապես վերաբերում է Իմ Քայլը դաշինքի պատգամավորներին, որոնք էլ հենց ներկայացնում են իշխանությանը, որն էլ իր հերթին պատասխանատվություն կրողն է ՀՀ-ում :
Առհասարակ խորհրդարանական համակարգ ունեցող պետություններում կարևորագույն հարցերը լուծվում են հենց խորհրդարանում, սակայն ներկայումս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ այդ կարևոր հարցերը լուծելու, քննելու և որոշումներ են կալացնելու պատգամավորներ, որոնք ոչ միայն փորձ, այլ նաև ճանաչում չունեն: Իմ Քայլը դաշինքի քիչ թե շատ հայտնի դեմքերը, որոնք էլ ռեյտինգային ընտրակարգով հավաքել էին հիմնական ձայները՝ մի կողմ դնելով ժողովրդի կողմից իրենց վստահված մանդատը, գնում են աշխատելու կառավարության կազմում: Փաստացի ԱԺ-ում մնում են մի քանի քիչ, թե շատ հայտնի հեղափոխականներ՝ Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան, Սասուն Միքայելյան, դերասանից պատգամավոր դարձած համատեղության կարգով նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աներոջ որդի Հրաչյա Հակոբյան և Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյան: Հենց այս քիչ թե շատ հայտնի ու անհայտ մարդիկ են լինելու ԱԺ-ում կառավարության գործողությունների վերահսկողները: Փորձենք հասկանալ, թե այս պայմաններում գործելու ինչ տարբերակներ ունի ՀՀ նորընտիր ԱԺ-ն.
Վատագույն տարբերակում կառավարությունից կգա համապատասխան ցուցում՝ այս կամ այն օրենքի քվեարկության մասով, որի մասին կտեղեկացվի ՀՀ ԱԺ նախագահությունը, որոնք էլ իրենց հերթին տեղյակ կպահեն իրենց խմբակցության անդամներին, որոնք էլ կքվեարկեն այնպես, ինչպես ասվել է իրենց: Կոպիտ ասած, կունենանք կոճակ սեղմող պատգամավորներով լցված ԱԺ:
Լավագույն դեպքում էլ նոր իշխանությունը կորոշի փոխել նախկինների գործելաոճը և թույլ կտա պատգամավորներին ազատ կամք դրսևորել՝ այս կամ այս օրինագծի հետ կապված արտահայտել սեփական դիրքորոշումը: Սակայն, այս դեպքում էլ արդյունքն այն կլինի, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի շնորհիվ ԱԺ-ում հայտնված պատգամավորները կսկսեն սեփական անձի կարևորությունը գիտակցել և արտահայտել իրենց փայլուն մտքերը:
Խնդիրն այն է, որ Իմ Քայլը դաշինքի 88 պատգամավորների ճնշող մեծամասնությունը նախքան իր կարծիքն արտահայտելը պետք է ներկայացնի իրեն: Այդ պատգամավորների մեջ կան մարդիկ, որոնք խմբակցության հետ որևէ կապ չունեն, ոմանք նույնիսկ չգիտեն էլ, թե ինչի համար են հայտնվել ԱԺ-ում: Այս պայմաններում խմբակցության ներսում կամաց-կամաց կսկսվեն ձևավորվել խմբավորումներ, որոնցից ամեն մեկը կունենա իր սեփական նպատակը:
Սկզբնական շրջանում հնարավոր է, որ այդ խմբավորումները փորձեն մտածել երկրի շահի մասին, սակայն վերջնական ձևավորումից հետո դրանք կսկսեն հենց իրենց կուսակցության ներսում պայքարել միմյանց դեմ: Արդեն առաջնային կդառնա խմբավորման շահերի սպասարկումը: Այս պայքարի արդյունքում կառաջանան թույլ և ուժեղ խմբավորումներ: Ավելի պարզ ասած, ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժի մեջ կձևավորվի մի թև, որը կպայքարի ոչ թե ՀՀ շահի համար, այլ զուտ այն բանի համար, որպեսզի լինի իշխանության մեջ իշխանությունը՝ այսինքն հավասարների մեջ առավել հավասարը :
Այս միջկուսակցական խմորումների պայքարի մեջ կներքաշվեն նաև արտախորհրդանական որոշ ուժեր։ Արդեն այս փուլում Նիկոլ Փաշինյանը խնդիր կունենա իր վերահսկողության տակ պահել այդ խմբավորումների անդամներին: Լավատեսորեն հարցին մոտենալու դեպքում, կարող ենք համարել, որ նրա մոտ կստացվի կարգի հրավիրել իր շնորհիվ պատգամավոր դարձածներից շատերին: Սա կնշանակի, որ Փաշինյանը պետք է կոշտ քայլերի դիմի և ԱԺ նախագիծ ուղարկելուց առաջ պետք է արդեն կառավարությունում որոշված լինի, թե ինչպես պետք է այն քվեարկվի ԱԺ-ում:
Արդյունքում մենք նորից կունենանք առաջին, վատագույն տարբերակով աշխատող ԱԺ՝ այսինքն փաստացի կունենանք մի վիճակ, երբ թավշյա հեղափոխության արդյունքում ԱԺ-ում նորից ոչ թե պատգամավորներ են, այլ կոճակ սեղմողներ, ուղղակի հիմա նույն մեթոդով, բայց այլ անձեր են սեղմելու այդ կոճակները:
Արսեն Ժամկոչյան