Գլխավոր Իրավական Հարցազրույց 

Հնարավոր է՝ կոռուպցիոն հանցագործությունները քննող առանձին մարմին ստեղծվի. Սուրեն Քրմոյանը՝ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի մասին

analitik.am

Օրեր առաջ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ներկայացվեց ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Analitik.am-ն այս թեմայով  զրուցեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:

Պարոն Քրմոյան, որո՞նք են ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական առաջնահերթությունները: Հակակոռուպցիոն ռազմավարության հրապարակումից հետո հնչեցին քննադատություններ առ այն, որ այն չի տարբերվում նախկին իշխանությունների օրոք որդեգրած գործելաոճից, ի՞նչ կասեք այս մասով:

Նախ, հարկ եմ համարում ընդգծել, որ Ռազմավարության Նախագծով որդեգրվել է կոռուպցիայի դեմ պայքարի դասական մոտեցում, այսինքն, հստակ նախանշվել է, թե որոնք են համարվելու ռազմավարության հիմնական ուղղություններ և Նախագծով սահմանված ժամանակաշրջանում, այն է՝ 2019-2022 թվականները, որոնք են լինելու Կառավարության հակակոռուպցիոն գործունեության ուղենիշային հիմքերը: Ըստ այդմ, Նախագծով ելակետային ռազմավարական ուղղություններ են սահմանվել ներքոնշյալները՝

կոռուպցիայի կանխարգելում,

կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում. քրեական հետապնդման մարմինների գործունեության բարելավում,

հակակոռուպցիոն իրազեկում և հակակոռուպցիոն կրթություն:

Անդրադառնալով Ձեր հարցի 2-րդ մասին՝ նշեմ, որ որդեգրած գործելաոճի մասին խոսելիս անհրաժեշտ է այն դիտարկել թե՛ ռազմավարության բովանդակությանը, և թե՛ մշակման գործընթացին առնչվող հարցերի տեսանկյուններից:

Նախ նշեմ, որ նախագծի բովանդակային մասը կազմվել էր հիմնականում հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմավարությունը մասնագիտական փաստաթուղթ է, և դրանում վերլուծվում են նախկին ռազմավարությամբ արձանագրած արդյունքները, այդ թվում՝ ռազմավարության կատարողականի թերացումները:  Ընդ որում, հակակոռուպցիոն փաստաթղթերի մշակման հարցում Հայաստանը կաշկանդված է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից հաստատված ռազմավարությունների մշակման օրինակելի կանոններով:

Ինչ վերաբերում է մշակման գործընթացին, նշեմ, որ  հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաց և մասնակցային գործընթաց  ապահովելու  մղումով ՀՀ արդարադատության նախարարությունը բազմիցս դիմել է հասարակական կազմակերպություններին՝ համագործակցելու առաջարկությամբ (1. Ռազմավարության տեսլականը նախանշելու նպատակով հակակոռուպցիոն միջոցառումների և ուղղությունների տեսքով առաջարկությունները ներկայացնել նախարարություն, 2. Հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող քայլերի, այդ թվում՝ նաև գործող ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի  վերաբերյալ իրականացված հետազոտությունների, հարցումների արդյունքները , առկայության դեպքում նաև գործող ռազմավարության կատարողականի վերաբերյալ վերլուծությունները ներկայացնել նախարարություն, 3. աջակցել Ռազմավարության նախագծի շուրջ հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման գործընթացներին),  ավելին, e-draft.am-ում հրապարակել է նախագծի դեռևս նախնական աշխատանքային տարբերակը՝ համապատասխան բովանդակային առաջարկներ ստանալու և իրապես կոնսեսուսային ռազմավարություն ունենալու նպատակով:

Միևնույն ժամանակ, ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ նախագիծը դեռևս աշխատանքային փուլում է, և բավարար ու ներառական քննարկումների արդյունքում լրամշակվելու ու կատարելագործվելու է:

Կոռուպցայի դեմ պայքարում Դուք ինչպե՞ս եք գնահատում նախկին իշխանությունների գործելաոճը, ի՞նչ ձեռքբերումներ են եղել այս ոլորտում և որո՞նք են նախկին իշխանությունների կողմից թույլ տրված բացթողումներն այս մասով:

Նախ նշեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումներն առավելապես վերաբերում էին օրենսդրական կարգավորումներին: Այսպես, նախկինում մշակվել և ընդունվել էին բազմաթիվ օրենսդրական ակտեր, օրենսդրական դաշտը համապատասխանեցվել էր միջազգային չափանիշներին, բավականին կարևոր քայլեր էին իրականացվել ինստիտուցիոնալ համակարգի զարգացման ուղղությամբ (այդ թվում՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» օրենքների ընդունում, ապօրինի հարստացման քրեականացում, հայտարարագրման համակարգի շարունակական կատարելագործում), այդուհանդերձ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանը հիմնականում քննադատվում էր այն պատճառով, որ հակակոռուպցիոն ոլորտում իրականացված քայլերը գործնականում ոչ  միշտ էին կիրարկվում: Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշից բխում է, որ Հայաստանում կոռուպցիան կրում էր համակարգային բնույթ: Ավելին, միջազգային ոլորտային կազմակերպությունները բազմիցս նշում էին, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը չի գրանցում շոշափելի և տեսանելի հաջողություն քաղաքական կամքի բացակայության պատճառով:

Միաժամանակ, լուրջ բացթողում էր նաև իրականացված  բարեփոխումների  վերաբերյալ իրազեկվածության պակասը: Վերջինս, կարծում եմ, հիմնավորվում էր նրանով, որ պետական մարմինների կողմից պատշաճ կարգով հանրային իրազեկման ծրագրեր չէին իրականացվում:

Առհասարակ իրավական ոլորտն իրավական պետություններում միշտ ջանք է գործադրում քաղաքականությունից անկախ մնալու և բացառապես օրենքներով առաջնորդվելու համար, ինչպե՞ս եք գնահատում այս առումով ՀՀ-ում վիճակը: Այս համատեքստում հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման համար ի՞նչ ազդեցություններ կարող են ունենալ քաղաքական ուժերը՝ մասնավորապես իշխանական կուսակցությունը:

Շատ կարևոր հարց է բարձրացված: Նախ նշեմ, որ հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականությունը մշակվում և իրականացվում է ՀՀ կառավարության կողմից: Միաժամանակ, ռազմավարական փաստաթղթերը մշակվում են ելնելով կառավարության ծրագրից և դրանով որդեգրած մոտեցումներից: Վերոգրյալի համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն է ստանձնում իր կողմից վարած քաղաքականության համար՝  կարծում եմ, լիովին տրամաբանական է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը մշակվում է քաղաքական իշխող ուժի մոտեցումներին համահունչ:

Միաժամանակ, հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանին միջազգային կազմակերպությունների գնահատումների արդյունքում ներկայացվում են մի շարք առաջարկություններ, որոնք նույնպես իրենց արտացոլումը պետք է ստանան ռազմավարությունում:

Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ նշված է, որ կոռուպցիոն հանցագործությունները քննելու համար ավելի արդյունավետ է ունենալ մեկ մարմին, այստեղից կարելի է ենթադրե՞լ, որ առանձին մարմին է ստեղծվելու, թե՞ նպատակ կա քննություն իրականացնող մարմիններից որևէ մեկին տալ այդ իրավասությունը:

Բարձրացված հարցին առավել ստույգ պատասխանելու համար, նախ նշեմ, որ անհրաժեշտ է սպասել ՀՀ կառավարության նոր ծրագրի հաստատմանը: Միաժամանակ, միջազգային փորձի ուսումնասիրությունից հետևում է, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևորվում է միասնական մասնագիտացված մարմնի առկայությունը: Ավելին, միջազգային գործընկեր կազմակերպությունները ևս բազմիցս բարձրացրել են նշված հարցը՝ պնդելով, որ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածությունը կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննության հիմնական մարտահրավերներից է: Ուստի, ՀՀ կառավարության գործող ծրագրով կարևորվում է կոռուպցիոն հանցագործությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման գործառույթներ իրականացնող մարմնի ստեղծումը:

Այս առումով, Ռազմավարության շրջանակներում պետք է կատարվեն ուսումնասիրություններ, որոնց հիման վրա պարզ կդառնա որն է ՀՀ-ի համար առավել արդյունավետ մեխանիզմ՝ վերոնշյալ գործառույթները կենտրոնացնել արդեն իսկ գործող մեկ մարմնում, թե ստեղծել նոր մարմին, և դրանք վերապահել վերջինիս:

Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ նշված է, որԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասինՀՀ օրենքի հիման վրա նպատակ կա ստեղծել համանուն հանձնաժողով, որը կհանդիսանա կոռուպցիայի կանխարգելման բնագավառում գործող անկախ մասնագիտացված մարմին, և բացի ներկայիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներից, կստանձնի կանխարգելման բնագավառի մի շարք այլ հանձնառություններ ևս: Ի՞նչ հանձնառությունների մասին է խոսքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքի հիման վրա հանձնաժողովի ստեղծումը և պետական կառավարման համակարգում բարեվարքության հաստատումը հանդիսանում են պահի հրամայականներ՝ սույն Ռազմավարությամբ նախատեսվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորում: Անդրադառնալով վերջինիս վերապահվող գործառույթներին, հարկ է նշել, որ Հանձնաժողովի ստեղծմամբ ներդրվելու է կոռուպցիայի կանխարգելման դասական մոդելը, որի արդյունքում Հանձնաժողովին կվերապահվեն միջազգային կանխարգելիչ մարմնի բոլոր գործառույթները, բացառությամբ՝ քաղաքականության մշակման գործառույթից: Այս առումով, ի թիվս այլոց, Հանձնաժողովին կվերապահվի նաև հակակոռուպցիոն կրթության և իրազեկման գործառույթների իրականացումը: Հարկ է նկատել, որ ստեղծվելիք Հանձնաժողովի գործառույթների սպառիչ ցանկը սահմանված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքով:

Միաժամանակ, հատկանշական է, որ բարձրացված հարցի լուծման վերջնական տարբերակը կքննարկվի  ՀՀ կառավարության նոր ծրագրի համատեքստում:

 

Նույն շարքից