Այսօր՝ փետրվարի 1-ին, Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էր, որի մասնակիցները պահանջում էին կասեցնել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները, կառավարման խորհուրդ ստեղծել և անցկացնել տնօրենի ընտրություններ:
Analitik.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց «Էկո-մեդիա» ցանցի հիմնադիր Նարինե Կիրակոսյանի հետ, ով մեզ ասաց, որ մոտ մեկ ու կես տարի առաջ սկսել է հետաքննել Երևանի կենդանաբանական այգու գործունեությունը և այդ կառույցի կապը մասնավոր մի հիմնադրամի հետ. «Հիմնադրամի անունն էր «Բնության և մշակութային արժեքների հիմնադրամ (FPWC) »։ Հիմնադրամի ղեկավարը նույն այն մարդն է, ով զբաղեցնում է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը՝ Ռուբեն Խաչատրյանը։ Այս թեման ինձ հետաքրքրեց Խոսրովի արգելանոցում աննախադեպ հրդեհի մարման աշխատանքները լուսաբանելու ժամանակ։ Մի քանի լրագրողների FPWC-ի աշխատակիցը հրավիրեց կազմակերպության «կենդանիների կեցավայր», որը գտնվում էր Խոսրովի արգելանոցի մոտ։ Աշխատակիցը մեզ ցույց տվեց այնտեղ պահվող առյուծներին։ Մեզ հետաքրքրեց, թե որտեղից այդքան առյուծ իրենց, ինչին ի պատասխան նա ասաց, որ մի մասը Երևանի կենդանաբանական այգու առյուծներն են, իսկ մյուս մասը Գյումրիի հայտնի պատմության հերոսներ՝ փրկված առյուծները»։
Կիրակոսյանը նաև հայնեց, որ այդ դեպքից որոշ ժամանակ անց «Էկո-մեդիա» ցանցի լրագրողներից մեկը տեղեկանում է, որ Երևանի կենդանաբանական այգում մոտ 30 կճղակավոր են խոտանել. «Լուրը հրապարակվել էր այն պարզաբանմամբ, որ այգու տնօրենի հրամանով են կենդանիներին վերացրել, քանի որ կենդանիների մոտ տուբերկուլյոզ էր գրանցվել։ Սակայն, ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական լաբորատորիայում տուբերկուլյոզի դեպքի հաստատման փաստաթուղթ միայն մեկ լամայի մասով էին գրանցել։ Փաստացի, մնացած կենդանիների մոտ հիվանդության փաստ արձանագրված չի եղել:
ԶԼՄ-ներին Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունն այս դեպքի հետ կապված տալիս էր անհասկանալի բացատրություններ: Հետագայում «Էկո-մեդիա»-յի բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողները, ովքեր աշխատում են տարբեր ԶԼՄ-ներում, տարբեր տեղերից ահազանգեր ստացան այս կամ այն կենդանու անկման, սպանդի դեպքերի վերաբերյալ։ Այդ կերպ մենք տեղեկացանք այն մասին, որ այգում գաղտնի քնեցրել են՝ այսինքն, սպանել են 3 արու առյուծների, իմացանք, որ նոր ազատավանդակները, որոնց կառուցման համար Երևանի քաղաքապետարանը միլիոնավոր դրամներ էր հատկացրել, ունեն տեխնիկական խնդիրներ՝ կապված հոսանքի հետ, սահող սալիկներով են պատված և այլ խնդիրներ, որոնց հետևանքով այգին մի քանի անգամ հոսանքազրկվել է, հրդեհ է եղել»։
«Էկո-մեդիա»-յի հիմնադիրը նաև նշեց, որ հետո իմացել են մեկ այլ առյուծի՝ արդեն էգ առյուծի անկման դեպքի մասին. «Այս անգամ էգ առյուծն ազատավանդակում ցատկելուց սահել է սալիկի վրա և վնասել ոտքը։ Նրան չեն բուժել, այլ սպանել են՝ ղեկավարի հրամանով։ Նույն խախտումները վագրերի վանդակում են առկա։ Այնտեղ տեխնիկական և բնական խափանման պատճառով ժայռերն են քանդվում։ Խնդիրներն օր օրի բացվում են, դրանց մասին բարձրաձայնում են կենդանիներին խնամողները, սակայն տնօրենը նրանց լսելու, սխալները շտկելու փոխարեն այգում սկսում է արջերի քանակը շատացնել։ Արջերն էլ հայտնվում են իր մասնավոր ընկերության ծրագրերից մեկն իրականացնելու շրջանակում։
Նախ՝ համացանցում հայտնվում են նյութեր, որ տարբեր վայրերում՝ մասնավորապես ռեստորաններում և այլն, անազատության մեջ արջեր են պահվում։ Տեսանյութերից մեկն էլ հրապարակվում է բրիտանական մի ԶԼՄ-ում, որից հետո կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն իր հիմնադրամի միջոցով բրիտանացիների հետ սկսում է «Արջերի փրկության» ծրագիրը։ Բավականին մեծ թվով արջեր են հավաքում այդ ծրագրի շրջանակներում։ Մի մասը տարվում են վերը նշածս կենդանիների կեցավայր, որը Խոսրովի արգելանոցի մոտ է, մի մասին բերում են Երևանի կենդանաբանական այգի, մի քանիսին էլ էֆթանազիայի ենթարկում։ Ռուբեն Խաչատրյանն ամեն ինչ անում է թվացյալ օրենքների կամ կենդանիներին պաշտպանելու բացատրությամբ, սակայն հետագայում այդ փրկված կենդանիներին կամ հրահանգում է քնեցնել, կամ փոքր տարածքում նրանց միասին պահում են, ինչի հետևանքով արջերը սկսում են իրար հոշոտել»։
Կիրակոսյանը նաև հայտնեց, որ կենդանասերների համբերության վերջին կաթիլն էլ սպառվել է այն ժամանակ, երբ տեղեկացել են, որ Ռուբեն Խաչատրյանը կարմիրգրքյան հազվադեպ կենդանիներ և թռչուններ է փոխանցել այլ երկրներին և դրանց դիմաց բերել ոչ համարժեք կենդանիներ. «Ավելին՝ այգու միակ բազմացող գառնանգղերի զույգին անօրինական կերպով տեղափոխել է այլ վայր՝ Ուրցաձորի իր կեցավայր։ Գրեթե բոլոր աշխատակիցները, որոնք փորձել են ընդվզել տնօրենի կամակատարության դեմ, փորձել են թույլ չտալ կենդանիներին էֆթանազիայի ենթարկել կամ երկրից դուրս հանել, աշխատանքից հեռացվել են։
7 տարվա ընթացքում 70 տեսակի կենդանի է վերացել Երևանի կենդանաբանական այգում։ Դրանց մեջ է նաև Դավթի եղջերուն։ Ենթադրել են, թե նա տուբերկուլյոզի վարակակիր է և այդ պատրվակով սպանդի են ենթարկել։ Շնորհիվ Ռուբեն Խաչատրյանի՝ Երևանի կենդանաբանական այգին այլևս չի կարող ունենալ Դավթի եղջերու, քանի որ դրանք բնության մեջ չեն հանդիպում, աշխարհում շատ քիչ կենդանաբանական այգիներ ունեն Դավթի եղջերու: Նա վարակված չի եղել, բայց նրան սպանեցին»։
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ աշխատակիցների բողոքը կապված է նրա հետ, որ այդ մարդիկ իրոք սիրում են այն կենդանիներին, որոնց խնամում են, հետևաբար չեն կարող տեսնել, թե ինչպես են սպանում իրենց սիրելի կենդանիներին. «Երբ բողոքը հասավ փողոցում ցույցեր կազմակերպելուն և Երևանի քաղաքապետարանին բողոքելուն, տնօրենը փորձեց դեռևս չհեռացված մի քանի աշխատակցին իբր ռոտացիոն կարգով այլ կենդանիների խնամքը վստահել՝ գումարելով գիշերային հերթապահությունը, ինչը որ չի եղել երբեք։ Աշխատակիցները համառել են և հրաժարվել այդ պայմանից, ինչի արդյունքում նրանք նույնպես հեռացվեցին աշխատանքից։ Ուղղակի պատկերացրեք՝ ինչքան անհեթեթ է, երբ անձը տարիներ շարունակ պահում է, խնամում ծնված օրվանից գետաձիուն, փղին, վագրին կամ առյուծին, իսկ նրան ասում են՝ գնա օձ պահի։ Սա սպեցիֆիկ ոլորտ է։ Կենդանիները նվիրվում ու սիրում են իրենց խնամողներին, խնամողներն էլ անտարբեր չեն կարող լինել և երբեք թույլ չեն տա, որ կենդանուն սպանեն։ Սրանից է սկսվել ամբողջը։ Սրա հետևանքով է, որ աշխատանքից հեռացվեց սողունների գծով Հայաստանի լավագույն մասնագետ Կարեն Մարտիրոսյանը, ինչից որոշ ժամանակ անց սատկեց այգու երիտասարդ կոկորդիլոսը։ Սատկեց, որովհետև նոր աշխատակիցը չէր տիրապետում այդ կենդանուն պահելու հմտություններին, գիտելիքներին»։