Բարի օր Տնտեսություն 

Առաջարկներ՝ ՀՀ Կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ

analitik.am

ՀՀ կառավարության ծրագրում նշված է, որ առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:

Ծրագրում կա միայն հնգամյա նպատակ, այն էլ հիմնավորման կարիք ունի, երկարաշունչ է: Ծրագիրը պետք է ունենա հեռանկարային նպատակ (Թուրքիան, օրինակ, ունի ամեն հարյուրամյակը մեկ անգամ թարմացվող ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔ՝ ազգային ռազմավարություն), որից պետք է բխեն հնգամյա, միջնաժամկետ և ամենամյա (բյուջետային) նպատակները:

Առաջարկ. առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության  գործունեությունը միտված է լինելու անվտանգ, մրցունակ և արդար մրցակցային տնտեսություն կառուցելուն:

Ծրագրում բացակայում են զարգացման սպառնալիքներն ու խնդիրները:

Առաջարկ. կարևոր է կատարել անկախության տարիներին երկրի /տնտեսության/ զարգացման ախտաճանաչում՝ դիագնոստիկա, ինչը թույլ կտա վեր հանել հիմնական ախտերը, արատները և մատնանշել դրանց պատճառները: Դրանք թույլ կտան գնահատել և ըստ առաջնահերթությունների՝ ներկայացնել Հայաստանի տնտեսական անվտանգության սպառնալիքները:

Օրինակ՝ արտաքին պարտք / ՀՆԱ ցուցանիշը հատել է թույլատրելի 60% սահմանը և հասել է 70%-ի, ներքին սպառման մեջ ներմուծման տեսակարար կշիռը, որը թույլատրելի 30%-ի փոխարեն անցել է 50%-ից, ինչպես նաև այնպիսի կարևոր սպառնալիքներ, ինչպիսիք են՝ արտագաղթը, կապիտալի արտահոսքը, վերամշակող արդյունաբերության տեսակարար կշիռը, ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների ծավալը, գիտական հետազոտության վրա ծախսերը, գործազրկության մակարդակը և այլն: Ծրագրում դասակարգված կերպով չկան տնտեսական սպառնալիքները:

Առաջարկ. ներկայացնել սպառնալիքների ամենակարևոր խմբերը և դրանց կրճատման ուղղված քայլերը:  Օրինակ՝

Սոցիալական սպառնալիք – աղքատություն, թշվառություն (սոցիալական օգնություն – կրթություն – աշխատանք),

Ժողովրդագրական սպառնալիք – Արտագաղթ (մարդկային ռեսուրսների հաշվառում, ինքնազբաղվածության խթանում, սոցիալական արդարության սկզբունքի կիրառում),

Ինտելեկտուալ սպառնալիք – «ուղեղների արտահոսք», գիտական ներուժի փոշիացում (գիտության և կրթության համակարգի որակական փոփոխություններ, գիտության նյութականացում, գիտական գործունեության խթաններ):

Ծրագրային ցուցանիշները պետք է համաձայնեցված ներկայացվեն:

Բնակչության թվաքանակը քսան տարում հինգ միլիոն մարդու հասցնելու նպատակ ունեցող պետությունը պետք է հստակ և չափելի ցուցանիշ-ուղենիշներ մշակի, ըստ որում, դրանք պետք է միմյանց հետ համաձայնեցված լինեն:  Օրինակ՝ այդ ցուցանիշն անիրագործելի է տարեկան ընդամենը 5 տոկոս տնտեսական աճի պայմաններում:

Առաջարկ. վերջնանպատակի համար ընտրված ցուցանիշները պետք է տրոհվեն ենթացուցանիշների՝ յուրաքանչյուր տարվա համար:

Ծրագրում պետք է դրվեն իրատեսական, իրագործելի նպատակներ:  Նշված է՝ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ, որը չի հաջողվել զարգացած երկրներին:

Առաջարկ. որպես նպատակ ամրագրել աղքատության նվազեցումը՝ դինամիկ տնտեսական աճի միջոցով:

Պետք է դադարեցնել ՓՄՁ բառակապակցության կիրառումը:  Հայաստանում փոքր բիզնեսն ունի իր սուր, կենսական խնդիրները, որոնք էապես տարբերվում են միջին բիզնեսից: Փոքր բիզնեսն իրականում երկար ճանապարհ է անցնում մեր երկրում կայանալու և միջին բիզնեսի կարգավիճակին հասնելու համար, ինչի խոչընդոտները բազմաթիվ են (մենաշնորհներ, անարդար մրցակցություն, հարկային խնդիրներ և այլն): Սա Արևմուտքի զարգացած երկրներից (ուր փոքրն ու միջինը հիմնականում միայն թվային ցուցանիշներով են տարբերվում) ժամանակին փոխառնված բառակապակցություն է:

Առաջարկ. կիրառել միկրո բիզնես, փոքր բիզնես, ընտանեկան բիզնես տերմինները:

Հատուկ միջոցառումների ծրագիր մշակել ինքնազբաղվածությունը խթանելու համար:

Ծրագրում ներկայացված դրույթները պետական կառավարման մասին են: Հանրային կառավարուն ավելի լայն ընդգրկում ունի և ներառում է քաղաքացիական հանրությանը, մասնավորապես՝ փորձագիտական հանրությանը, քաղաքական կուսակցություններին և այլ ոչ պետական կառույցներին, ովքեր կիսում են հանրային կառավարման պատասխանատվությունը կամ կարող են ներազդել վերջինիս վրա:

Առաջարկ. մեր երկրին անհրաժեշտ է հանրային կառավարման նոր մոդել, մասնավորապես, պատերազմի իրական սպառնալիքի պայմաններում ապրող Արցախի և Հայաստանի համար: Չի կարելի հաշվի չառնել պատերազմի սպառնալիքը և շարունակել ազատական ուղղվածության բարեփոխումները կամ պատրաստվել պարտադրված պատերազմի ցանակացած դրսևորմանն, ըստ այդմ մշակելով և կիրառելով զարգացման որակապես նոր մոդել: Կա մեր կողմից մշակված նման մոդելի նախագիծ:

Գիտությունը ծրագրում ներկայացված է հիմնականում կրթության հետ և երկուբ դեպքում էլ Հայաստանի իրողություններից բխող խնդիրներ չկան:

Առաջարկ. Պետք է ընդլայնել «Երևանյան գիտությունը», ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում (բացառությամբ Բյուրականի աստղադիտարանի):  Պետք է նպատակ դրվի այն տանել մարզեր: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան իրականում ոչնչացնում է երիտասարդ գիտնականների ներուժը: Մեծ է կոռուպցիան և կաշառակերությունը, «փողերի լվացումը»: Տեղի է ունենում գիտության ծերացում, որն ազգային սպառնալիք է: Մեր կողմից մշակված է գիտության բարեփոխումների համապարփակ ծրագիր:

Գյուղատնտեսության ոլորտի քայլերը թերի են: Խոսք չկա լեռնային և շրջանների գյուղատնտեսական արտադրության առանձնահատկությունների մասին:  Սուբսիդավորման հասցեականության մասին դրույթը պետք է ավելի հստակեցվի:

Առաջարկ. Գյուղատնտեսական նշանակության հողերի պարապուրդի համար առաջարկվում է կիրառել պրոգրեսիվ հարկ, քանի որ չօգտագործվելով, հողերն անպիտան են դառնում և տարիներ են պահանջվում դրանց կուլտիվացման համար: Ոչ թե սուբսիդիաներ, այլ պարենային անվտանգությանն ու այլ նպատակների իրագործմանը միտված նպատակային համաֆինանսավորում պետք է իրականացվի: Պետք է մշակել Հայաստանի Հանրապետության ագրարային քաղաքականություն, որը բացակայում է:  Պետք է վերջ դրվի համայնքների միավորման անվան տակ իրականացվող բռնի խոշորացման գործընթացին, որը տանում է դեպի համայնքների ամայացում, ուրբանիզացիայի ուժգնացում և արտագաղթ:

Ներդրումների հիմնական շեշտը դրվում է օտարերկրյա ներդրումների վրա:

Առաջարկ. պետք է խթանել ներքին ներդրումները:  Առանց ներքին ներդրումների, արտաքին ներդրումները կմնան քաղաքականացված, այսինքն՝ Հայաստանում ներդրումներ կանեն միայն քաղաքական շահեր հետապնդող երկրները: Պետք է անցնել նախահարձակ ներդրումային քաղաքականության.

Առավել կարևոր ոլորտներում սկսել ներքին ներդրումներից` ստեղծել այդ ոլորտի համար բարենպաստ միջավայր, գտնել գործընկերներ արտերկրից:  Մասնավորապես ներդրումային ծրագրերում ներգրավել ԵԱՏՄ-ից Իրան և ԵՄ և հակառակ ուղղություններում շահագրգիռ կողմերի, Հայաստանը դիտարկելով նաև որպես այս եռանկյունու համար համատեղ արտադրություններ կազմակերպելու և համատեղ ծրագրերի իրագործելու համար առավել նպաստավոր միջավայր: Լայնորեն խթանել նաև այլընտրանքային ներդրումները:

Հարկային համակարգը կարիք ունի շարունակական բարելավման և տարբերակված մոտեցման:

Առաջարկ. սահմանել նվազագույն աշխատավարձի չհարկվող շեմ:  Եկամտահարկի գանձման ժամանակ հաշվի առնել ոչ միայն անձի, այլև տնային տնտեսության համախառն եկամուտը (հաշվի առնել բազմազավակությունը, ընտանիքի միակ եկամտի աղբյուրի և այլ գործոններ):

Կառավարության գործունեության ծրագրի իրականացումը մեծապես կախված է բանիմաց պետական կադրերից, որի մասին ոչ մի խոսք չկա:

Առաջարկ. անհրաժեշտ է արմատապես բարեփոխել կադրային քաղաքականությունը: Ոչ բանիմաց, ոչ արդյունավետ գործող կադրերից պետական ապարատը բեռնաթափելու և արհեստավարժներին ասպարեզ տրամադրելու համար անհրաժեշտ է կիրառել բաց, թափանցիկ, որոշակի չափորոշիչներ ներառող և սուբյեկտիվիզմը բացառող մրցույթի ինստիտուտը:  Բարձրաստիճան պաշտոնյաների համար նախընտրելի է կիրառել նաև ոլորտային ծրագրերի անանուն, կոդավորված մրցույթներ:

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

ՏՆՏԵՍԱԳԵՏ

Առավոտ

Նույն շարքից