Բարի օր Հասարակություն 

ՀՀ կառավարության ծրագրի մասով իրավիճակ է փոխվել

Այսօր ՀՀ ԱԺ-ում քննարկվեց ՀՀ կառավարության ծրագիրը: Այն, որ ՀՀ կառավարության ներկայացրած հետհեղափոխական ծրագիրը բարի ցանկություններ ներառող, որևէ չափելիություն ու տարեկան ժամանակացույց չընդգրկող փաստաթուղթ է և չի ներառում նախկինում տրված խոստումների մեծ մասը, այլևս իրողություն է: Սակայն, ՀՀ քաղաքացին ուներ մեծ սպասելիքներ այս ծրագրից, ինչը պայմանավորված է ծրագիրը կազմող թիմի նախահեղափոխական փուլում արված և բնակչությանը մատուցած ոչ իրատեսական  վերլուծություններով և անիրականալի խոստումներով:

ՀՀ գործող վարչապետը նախկինում հայտարարում էր.

«Ծրագիրը ներկայացրած ՀՀ կառավարությունը քաղաքական մարմին չէ, քանի որ նախարարների հիմնական մասը քաղաքական դեմքեր չեն»,

«Իշխանությանը քննադատել նշանակում է այն, որ դու պարտավորվում ես գալով իշխանության այդ ամենը չկրկնել»:

Ինչպես տեսնում ենք, ՀՀ ներկայիս կառավարության քաղաքական կազմի մասով, փաստորեն, իրավիճակ չի փոխվել: Նախկինում քննադատության արժանացած ծրագրերի ու մոտեցումների կրկնվելն այլևս  փաստ է, և ՀՀ կառավարության ներկայիս ծրագրի նոր դրույթները շարունակում են խնդրահարույց լինել, ինչպես առաջ:

Վերլուծենք ծրագրի մտածելու տեղիք տվող որոշ դրույթներ՝ շեշտրադրում կատարելով ընդամենը մի քանի կետերի վրա՝

Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը, որը հիմնավորվում է «չարդարացված ճոխությամբ, գործառույթների և ոլորտների կրկնողությամբ, դրանց հետևանքով առաջացած անարդյունավետությամբ…»: Կառավարման գործընթացում ճոխությունը բաժանելով արդարացվածի և չարդարացվածի՝ նշանակում է արդարացնել ճոխության այն մասը, որը որպես շարունակականություն արդեն իսկ հարմարեցվել և կիրառվում է նոր իշխանությունների կողմից՝ փորձելով այն ներկայացնել այլ լույսի ներքո: Այսինքն՝ կա ճոխության տեսակ, որն ընդունելի և նորմալ է կառավարության համար: Սակայն, ավելի կարևոր է հասկանալ, թե  ի՞նչ կունենանք օպտիմալացման գործընթացի արդյունքում՝ լրացուցիչ հազարավոր գործազուրկ ՀՀ քաղաքացիներ, որոնք այդ կարգավիճակում են հայտնվել պետության պատճառով:  Փաստացի օպտիմալացման արդյունքում կունենանք մի վիճակ, երբ մի կողմում կլինեն հազարավոր գործազուրկներ՝  չմարված վարկային պարտավորություններով, առօրյա ծախսերով, որոնք անհասկանալի է, թե ինչպես են մարվելու, իսկ մյուս կողմից՝  պետական բյուջեում որոշակի խնայողություններ, որոնք կարող են ծառայել նաև արդարացված ճոխությունների համար: Այս դեպքում ինչո՞վ է տարբերվում պետությունը սովորական ՍՊԸ-ից, որը նույնպես հանուն ավելի շատ շահույթի և սեփականատերերի ճոխության պահանջմունքի բավարարման, կարող է ընտրել օպտիամալացման տարբերակը՝ բախտի քմահաճույքին թողնելով մարդկանց:   Հետևապես, կառավարության ծրագրում տեղ գտած օպտիմալացման արդյունքը կարող է լինել լրացուցիչ գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը, չմարված վարկային պարտավորությունները և այլն, քանի որ չկա հստակ պատկերացում, թե ինչ պետք է անեն օպտիմալացված մարդիկ, ինչպես նաև կոնկրետ ի՞նչ նախագծերի իրագործմանն են ուղղվելու օպտիմալացման արդյունքում գոյացած խնայողությունները:

Ծրագրի կառուցվածքը նույնպես կազմված է օպտիմալացված կառավարության տրամաբանությամբ, բայց, ամենակարևորը, այն կարված է իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված առկա «նախարարների հագով»: Այստեղ շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք ոլորտները խմբավորելով լիարժեք պատկերացրել են այդ ոլորտների կարևորությունը, մասշտաբը և պատասխանատվությունը, թե՞…: Առաջին հայացքից չեն պատկերացրել. տարածքային կառավարումը, տեղական ինքնակառավարումը և ենթակառուցվածքները մեկ գլխում և հետագայում մեկ մարմնում խմբավորելը դրա վառ օրինակն է: Առնվազն պետք է չգիտակցել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման դերը, նշանակությունն ու ծանրությունը՝ որպես ՀՀ քաղաքացու առաջնահերթ խնդիրները լուծողի և առաջնային ծառայություններ մատուցողի, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացման կայացման հիմնական օղակի, որպեսզի այն միավորեին այլ ոլորտների հետ՝ այդ թվում ստորադասելով այնպիսի ոլորտների կարևորությունը, ինչպիսիք են՝ էներգետիկ, հանքարդյունաբերական, գյուղատնտեսական, ջրային տնտեսության և տրանսպորտի ոլորտները: Քաղաքական տեսանկյունից ոլորտների ստորադասումը, թերևս, հնարավոր է բացատրել այն հանգամանքով, որ թվարկված բոլոր ոլորտներում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց մասով առանձին գերատեսչությունների բացակայությունը հնարավորինս կմեղմի խնդիրների լուծման անկարողության հասցեականությունը, բայց մյուս կողմից՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման թուլացումն էլ ավելի է ստիպելու ՀՀ քաղաքացուն խնդիրների լուծման ճանապարհը ՀՀ կառավարության շենքի դիմաց փնտրել: Արդյունքում մենք կունենանք այն վիճակը, որ երկրի բոլոր խնդիրները լուծելու համար մարդիկ պետք է դիմեն մեկ մարդու՝ ՀՀ վարչապետին: Այստեղ կարևոր է հասկանալ՝ արդյոք նորմա՞լ է, որ տարբեր մեծության, կարևորության և նշանակության հարցերով զբաղվի պետության առաջին դեմքը:

Հաջորդ կարևոր կետը՝ տրանսպորտի ոլորտը: Այս մասով ծրագրի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ նոր թիմի համար  նախորդ ժամանակահատվածը բավարար չէր  նույնիսկ հասկանալու այդ ոլորտի խնդիրները և գոնե ցանկությունների մակարդակում լուծումներ առաջարկելու համար: Ծրագրում չկա որևէ բառ հանրային /ավտոբուսային/ տրանսպորտի հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ՝ այն պարագայում, երբ առկա են բազմաթիվ համայնքներ, որտեղ կանոնավոր սպասարկող հանրային տրանսպորտ գոյություն չունի, և ՀՀ քաղաքացին պարզապես կտրված է մայրաքաղաքից, իսկ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի վիճակը, թերևս ,լավագույն կերպով  ներկայացրել էր ՀՀ գործող վարչապետը, բայց դա 2017 թվականին էր, երբ դեռ իրավիճակ չէր փոխվել… Հաշվի առնելով, որ այս կենսական նշանակություն ունեցող ոլորտի համար կառավարությունը հնգամյա առաջնահերթություն է սահմանել տեխնիկական զննության կտրոնների փոխարինումը և ջրային տրանսպորտի իրավական կարգավորումը՝ լավագույն լուծումը կլիներ ծրագրում ոլորտը մոռանալը, ինչը, ենթադրաբար, կլինի հաջորդ ծրագրերում:

Վերը թվարկված բոլոր խնդիրները հիմնականում բացատրվում են նախահեղափոխական և հետհեղափոխական իրավիճակի փոփոխությամբ, իսկ նման մոտեցման պարագայում ՀՀ կառավարության ծրագրի մասնագիտական վերլուծությունն անիմաստ է, քանի որ իրավիճակը կարող է անընդհատ փոփոխվել:

«Հանրային շահերի ազգային կենտրոն» իրավունքների պաշտպանության ՀԿ

 

  • 2.1K
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2.1K
    Shares

Նույն շարքից