Ազգային Վիճակագրական կոմիտեի 2019թ.-ին հրապարակած զեկույցի համաձայն՝ կանանց միջին ամսական աշխատավարձը կազմում է 134,727 ՀՀ դրամ, իսկ տղամարդկանց աշխատավարձը՝ 205, 615 ՀՀ դրամ: Աշխատավարձերի միջև արտահայտված տարբերությունն ակնհայտ է տնտեսության բոլոր հատվածներում՝ նույնիսկ պետական ոլորտում, որտեղ կանանց աշխատավարձը կազմում է միջինը 127,528 ՀՀ դրամ, իսկ տղամարդկանցը՝ 181,816։

Կանանց համար անհավասար պայմանների ստեղծման հարցի շուրջ Analitik.am-ը զրուցեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի հետ։ Նրա կարծիքով՝ աշխատաշուկայում անհավասար մրցակցության հիմնական պատճառները հասարակության կողմից ստեղծված կարծրատիպերն ու խտրականություններն են:
Ըստ իրավապաշտպանի, կանայք մշտապես աշխատանքի են անցնում ցածր օղակներում, որտեղ տղամարդիկ չեն ցանկանում աշխատել. «Օրինակ՝ ուսուցչի աշխատավարձը ցածր է, ուստի դպրոցներում կանայք են դասավանդում, նաև կարծրատիպ կա, որ կանայք պետք է զբաղվեն երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ, և դա տղամարդու գործ չէ։ Եվ որևէ մեկը չի մտահոգվում ցածր վճարվող աշխատանքի համար, քանի որ ցածր վարձատրվողները կանայք են»:
«Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման» կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանի խոսքով էլ՝ վերոնշյալ կարծրատիպերը կոտրվում են միայն ամենաբարձր վարձատրվող ՏՏ ոլորտում: Նա նաև նշեց, որ ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածությունն ավելացել է: Սակայն, այլ ոլորտներում շարունակում են ցածր վարձատրվել կին աշխատակիցները:
Հայկուհի Գևորգյանը նաև շեշտեց, որ մասնագիտական տարրանջատումը, որի պատճառով էլ հենց շատ դեպքերում տեղի է ունենում եկամուտների անհավասար բաշխում, միայն Հայաստանին հատուկ չէ, պարզապես Հայաստանում ստեղծված կարծրատիպերը բարդ է ուղղել. «Եթե կինը նախընտրում է կոշկակարի մասնագիտությունը և ապրում է գյուղում, որտեղ չկա կոշկակար, ապա ինչու՞ չլինել կոշկակար և տնտեսապես ակտիվանալ»,- նշում է Գևորգյանը:
Կարծրատիպերի արմատացած լինելու մասին փաստում են նաև ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կողմից անցկացված հետազոտության տվյալները, որոնց համաձայն հարցված տղամարդկանց 62 %-ը և կանանց 56%-ը համաձայն են այն մտքի հետ, որ աշխատատեղերի ցածր ցուցանիշների դեպքում տղամարդիկ պետք է ունենան աշխատատեղ ձեռք բերելու ավելի լայն հնարավորություններ, քան կանայք:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ վստահեցնում է, որ կարծրատիպերը փոխելը թեև բարդ է, բայց անհնարին չէ: Նրա խոսքով՝ կանանց մասնակցությունը քաղաքական իրադարձություններին և ներառումը պետական բարձր պաշտոններում կարող է լինել փոփոխության գործիք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փորձագետ Հայկուհի Գևորգյանն այս մասով մի փոքր այլ տեսակետ ունի, նա կարծում է, որ մասնագիտություն ընտրելիս անձը պետք է հաշվի առնի սեփական ունակություններն ու աշխատաշուկայի պահանջարկը։ Միայն այդպես հնարավոր կլինի
նպաստել տնտեսական զարգացմանը:
Հաշվի առնելով այն փաստը, որ ՄԱԿ-ի 2015-ին ընդունած բանաձևի համաձայն՝ մինչև 2030թ-ը բոլոր բնագավառներում կանանց և տղամարդկանց հարաբերակցությունը պետք է լինի բացարձակ հավասարությամբ՝ 50/50%, ուսումնասիրեցինք, թե Հայաստանում ինչպիսին է քաղաքականության, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության աստիճանը:
Վիճակը կարելի է համարել բավարարին մոտ ՀՀ ԱԺ-ում, ինչը կապված է ՀՀ Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի հետ , որի համաձայն ԱԺ-ում յուրաքանչյուր չորրորդը պետք է լինի կին՝ 25/75% հարաբերակցությամբ։
Համեմատության համար նշենք, որ 2012-ին 6-րդ գումարման ԱԺ-ում եղել է 14 կին պատգամավոր, իսկ արդեն այսօր՝ 32, որը կազմում է պատգամավորների ընդհանուր թվի 25 %-ը։
Սակայն, իրավիճակն այլ է կառավարությունում, որտեղ կանանց թիվը նվազել է։ Այսօր Հայաստանում միակ կին նախարարը Զարուհի Բաթոյանն է։ Համեմատության համար նշենք, որ 2016-ին ունեցել ենք երեք կին նախարար՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Փաստացի, եթե հաշվի առնենք այն, որ մինչև 2030 թվականը պետք է կարողանանք հասնել նրան, որ կանանց ներգրավվածությունը կառավարման մարմիններում դառնա 50 տոկոս, պետք է Հայաստանում արդեն այս պահից սկսվի ակտիվ աշխատանքներ այդ ուղղությամբ, սակայն, ինչպես վկայում են փաստերը, կանանց ներգրավվածության մասով ոչ թե դրական, այլ բացասական արդյունքներ ենք շարունակում գրանցել:
Իզաբել Սահակյան