Բարի օր Տնտեսություն 

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Ալավերդու պղնձաձուլական գործարանին

analitik.am

Մոտ 4 ամիս է, ինչ բազմաթիվ մարդիկ գործազուրկ են դարձել, քանի որ դեռևս չլուծված է մնում Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագրի հարցը: Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը տուգանվել էր 380 մլն դրամի չափով՝ շրջակա միջավայրի աղտոտման թույլատրելի սահմանն անցնելու պատճառով: Տեսչական մարմինը նշել էր, որ Պղնձաձուլարանի գործունեության հետևանքով արտանետումների թիվը 6-7 անգամ գերազանցել էր նորման: Պարտքի դիմաց «Վալեքս գրուպին»  պատկանող Ալավերդու գործարանը, հնարավոր է, որ անցնի «ՎՏԲ  բանկին», ինչպես որ եղավ Թեղուտի հանքի դեպքում: Նշենք, որ մինչ այս պահը դեռևս հայտնի չէ կաշխատի արդյոք պղնձաձուլարանը, թե ոչ:

Հաշվի առնելով այն փաստը, որ պղնձաձուլարանի գործունեության հնարավոր կասեցումը կարող է հանգեցնել լուրջ տնտեսական խնդիրների, Պղնձաձուլարանի հնարավոր փակման և վերագործարկման դեպքերում առաջացող ռիսկերի մասին Analitik.am-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ: Նա նախ նշեց, որ ցանկացած որոշում կառավարությունը պետք է մտածված ընդունի, քանի որ մի կողմում սոցիալական լուրջ խնդիրն է, իսկ մյուս՝ գործարանը վերագործարկելու տեսանկյունից՝ երկակի ստանդարտների խնդիրը. «Երկակի ստանդարտներ կառաջանան, եթե «Լիդիան Արմենիայից» պահանջեն միջազգային փորձաքննություն և բնապահպանական խիստ նորմերի պահպանում, իսկ այստեղ «աչք փակեն» բնապահպանական լուրջ խնդիրների առջև» :

Տնտեսագետի խոսքով՝ պետությունը պետք է վերանայի հանքարդյունաբերության քաղաքականությունը և արտահանի ոչ թե հումք, այլ վերջնական արտադրանք. «Կոնկրետ ներդրողներ կան՝ չինական ընկերությունը, որը պատրաստ է Լոռիում գործարան բացել միայն այն պայմանով, եթե Հայաստանի պղինձ արդյունահանող ընկերություններն իրեն վաճառեն, ոչ թե՝ արտահանեն»:

Պարսյանը վստահեցնում է, որ պետությանն ավելի ձեռնտու է հումքը վաճառել վերամշակող գործարաններին, քան արտահանել:

Հաշվի առնելով այն փաստը, որ պղնձաձուլարանի գործունեությունը կարող է առաջացնել նաև բնապահպանական ռիսկեր, Analitik.am-ը զրուցեց  նաև  <<Էկո մեդիա»  ցանցի համահիմնադիր  Նարինե Կիրակոսյանի հետ: Վերջինս խնդրի բնապահպանական լուծումը տեսնում է ոչ թե գործարանի աշխատանքը դադարեցնելով, այլ՝ երկրորդական պրոդուկտ ստացող գործարանի կառուցմամբ: Այսինքն՝ գործարանին կից պետք է կառուցվի պղնձի ձուլումից առաջացող ծծմբային արտանետումները կուտակող և վերամշակող գործարան, որտեղ կկուտակվեն արտանետումները և չեն աղտոտի միջավայրը. «Նման գործարանի հետ Ալավերդին արտանետումների խնդրից մեկընդմիշտ կազատվի»:

Նշենք, որ ծծմբային թափոնների վերամշակման գործարանի ստեղծումը ճիշտ մոտեցում է համարում նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Սակայն հիշեցնում է, որ արտանետված հումքի վերամշակման համար կարող է ավելի մեծ գումար ծախսվել, քան ստացված երկրորդական արտադրանքի արժեքն է: Տնտեսագետը շեշտում է՝ կառավարությունը ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի սոցիալական գործոնը, քանի որ մոտ 700 մարդ կմնա գործազուրկ և պետք է լուծվի նրանց աշխատանքի հարցը: Ալավերդու գործարանի փակումը տնտեսական մեծ հարված կլինի նաև պետության համար, քանի որ կան հարկերի տուրքերի խնդիր և մեր տնտեսության համար տեսակարար կշիռ ունեցող արտահանման հարցը, որին հավասար այլընտրանքն այս պահին չկա:

Analitik.am-ը զրուցեց նաև Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործազրկության եզրին կանգնած 700 աշխատակիցներից Անդրանիկ Կիրակոսյանի հետ: Նա նշեց, որ գործարանի աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է, ինչ ստանում են աշխատավարձի 2/3 մասը, իսկ արդեն մի քանի օրից կկասեցվեն աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը և պարզ չէ՝ կերկարացվե՞ն դրանք, թե ոչ: Նշենք նաև, որ աշխատակիցների մեծ մասն ունի վարկային կուտակումներ և գործազրկության եզրին հայտնվելը լուրջ խնդիրներ կառաջացնի նրանց համար: Հնարավոր է, որ վարկերը մարելու համար ստիպված լինեն արտագնա աշխատանքի անցնել:

Հարցի լուծման հնարավոր տարբերակների մասին Analitik.am-ը զրուցեց նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, ով ասաց, որ գործարանը հնարավոր է վերագործարկվի՝ նշելով, որ խնդրի լուծումը կառավարությունում չէ, այլ «Վալեքս գրուպ»-ի և «ՎՏԲ բանկ»-ի միջև է, իսկ կառավարությունը միջնորդի դերում է: Անդրեյ Ղուկասյանի խոսքով՝ փորձում են գտնել իրավիճակային լուծում, իսկ գործարանի վերագործարկումը ժամանակավոր լուծում է՝ 1-1,5 տարի ժամկետով: Մարզպետը նաև հավելեց, որ հենց Ալավերդիում պատրաստվում են ստեղծել այլընտրանքային աշխատատեղեր, որ հետագայում ամբողջ քաղաքը կախված չլինի պղնձաձուլարանից, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ աշխատատեղերի մասին է խոսքը:

Իզաբել Սահակյան

Նույն շարքից