2019 թ մայիսի 1-ից Հայաստանի գրեթե բոլոր հանրային վայրերում կարգելվի ծխելը՝ փաստացի, ըստ ներկայացվող օրենքի նախագծի, թույլատրվում է ծխել միայն սեփական բնակարանում։ Հակածխախոտային օրենքի նախագծում առկա բացերի, թերությունների, տնտեսական վտանգների և կոռուպցիոն հնարավոր ռիսկերի մասին բազմիցս տարբեր մասնագետներ և ոլորտի ներկայացուցիչներ ահազանգել են, սակայն կա նաև մի շատ կարևոր կողմ, որին անդրադարձեր անհրաժեշտ չափով չի արվում:
Հայաստանի 10 խոշոր հարկատուներից 4-ը ծխախոտային բիզնեսով զբաղվող ընկերություններ են, որոնք միայն 2018 թվականին ՀՀ բյուջե են մուտքագրել մոտ 55 միլիարդ ՀՀ դրամ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ պետք է հակածխախոտային օրենսդրությունը մշակվի այն կերպ, որպեսզի վնաս չհասցնի տնտեսությանը, հարկային մուտքերին, քանի որ այդ դեպքում կարող ենք կանգնել նաև տնտեսական լուրջ ճգնաժամի առջև: Այսինքն՝ առողջապահական նպատակները որևէ կերպ չեն կարող իրագործվել ի հաշիվ տնտեսության թուլացման, քանի որ այդ դեպքում դրանք ոչ միայն առողջապահություն չեն կարող ապահովել, այլ նաև կխախտեն տնտեսական հավասարակշռությունը:
Հակածխախոտային օրենքի նախագծի թերի կողմերի հայտնաբերման, տնտեսության վրա դրա ազդեցության հնարավոր ռիսկերի, օրենքն իր այս տեսքով անցկացնելու համար պայքար մղող կառույցների և անհատների նպատակների մասով Analitik.am-ը հետաքննություն է սկսում, որի շրջանակներում կզրուցենք նաև մի շարք գործիչների, տարբեր ոլորտների փորձագետների հետ:
Վերոնշյալ հետաքննության շրջանակներում այս անգամ զրուցել ենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։ Վերջինս կարծում է, որ հանրությունը պետք է ընկալի և տարանջատի նախագծի թերությունների վերաբերյալ կարծիքը՝ նախագծին վերաբերող կարծիքից: Պիպոյանը նշում է, որ նախագիծը ոչ միայն թերի է, այլև խախտում է գործադիրի ամբողջականությունը և ունի վերլուծության և ուսումնասիրությունների կարիք. «Խնդիրն այն է, որ օրենքի նախագիծը գործադիրի բոլոր ճյուղերի մասնագիտական վերլուծություն չի անցել, իսկ հանրության դատին պետք է հանձնվի միայն բոլոր ուսումնասիրություններից հետո: Հատկապես կարևոր է տնտեսական բլոկի ուսումնասիրությունը, բայց տնտեսական ազդեցությունը գնահատում է Առողջապահության նախարարությունը, որն իր ոլորտին վերաբերող ուսումնասիրություն պետք է անի: Անհրաժեշտ է էկոնոմիկայի նախարարության միջամտությունը, այն պետք է գնահատի տնտեսական կողմը: Գործադիրի էֆեկտն ամբողջականության մեջ է, իսկ ամբողջականության խախտումը հղի է մի շարք վտանգներով»:
Պիպոյանի խոսքով՝ պետք է ոչ թե վերցնել և թարգմանել, այլ՝ վերլուծել և հասկանալ. «Հատկապես, եթե մենք հարկային օրենսգրքով ամեն ավել վճարած կոպեկի համար պայքարում ենք, ապա այսպես մարդկանց 25-30% եկամուտը կկորցնենք առաջիկա տարիներին: Անհրաժեշտ է գաղափարական և տեխնիկական փոփոխություն, բայց, ինչպես տեսնում ենք, մոդելի փոփոխություն չկա։ Խնդրի լուծման առաջին քայլը՝ մտածելն է և կտրվելն այն ներքին զգացողությունից, որ «մենք գիտենք, թե որն է ճիշտ»։ Իսկ այն, թե ինչ նկատի ունեն «մենք» ասելով՝ հարցական է։ Խոսքը գրասենյակում աշխատող յոթ աշխատակիցների՞ մասին է»։
Ինչ վերաբերում է օրենքի նախագծի իրավական կողմին, ապա Պիպոյանը նշեց, որ ծխելու իրավունքը գեղեցիկ սահմանում չէ, բայց հաշվի չառնել ծխող մարդու առկայությունն անմարդկային է. «Չծխող մարդկանց իրավունքների պահպանմանը դեմ չեն լինի բոլոր մտածող ծխողները։ Նախագծի վերնագիրն էլ պետք է լիներ «ծխելու դեմ պայքար», ինչ վերաբերում է ընդհանուր գաղափարին, ապա այն ֆանտաստիկ է»:
Նշենք, որ դեռևս հայտնի չէ, թե ինչով է պատրաստվում ՀՀ կառավարությունը փոխարինել այն եկամուտները, որոնք գալիս են ծխախոտային կազմակերպություններից, ծխախոտ սպառող հանրային օբյեկտներից և ծխախոտային արտադրանքի հետ կապված գործունեությունից: Առաջին հայացքից թվում է, թե նպատակ կա այդ եկամուտները լրացնել տուգանքներով, սակայն այստեղ պետք է հաշվի առնել՝ արդյոք քաղաքացիները կամ կազմակերպություններն ի վիճակի կլինեն վճարել սահմանված բարձր տուգանքները և ինչքանով դա չի վնասի քաղաքացիների սոցիալական վիճակին, իսկ կազմակերպությունների դեպքում էլ չի դառնա գործունեությունը շարունակել չկարողանալու հիմք: Այս և մնացած այլ բազմաթիվ թերությունների, հնարավոր տնտեսական, սոցիալական, հոգեբանական և այլ ռիսկերի մասին՝ մեր հաջորդ հրապարակումներում:
Իզաբել Սահակյան