Բարի օր Հասարակություն 

Այս ծրագիրը նման չէ հանրային առողջապահական ծրագրի․ Դավիթ Պիպոյանն՝ Արսեն Թորոսյանի շաքարի հարկման առաջարկության մասին

analitik.am

Օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեսբուքյան էջում գրառում  կատարեց. «Շաքարի հարկը (sugar tax), նորարարական հարկման մեխանիզմներից է, որ կիրառվում է աշխարհում շաքարի օգտագործման ահագնացող տեմպերի դեմ պայքարելու համար: Եվ այո, մենք կողմ ենք, որպեսզի այն ներդրվի նաև Հայաստանում, քանի որ մենք նույնպես ունենք դեռահասների և ոչ միայն դեռահասների շրջանում ավելորդ քաշի, ինչպես նաև երկրորդ տեսակի շաքարային դիաբետի խնդիր»։

Շաքարի հնարավոր հարկման թեմայի շուրջ  Analitik.am-ը զրուցեց սննդագետ Դավիթ Պիպոյանի հետ՝ հասկանալու համար, թե շաքարի վնասակարութունն ինչո՞վ է պայմանավորված  և այն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

«Ինչ վերաբերում է շաքարին և, եթե,ընդհանրապես, խոսում ենք ինչ-որ նյութի վնասակարության մասին, ապա այս ոլորտում գոյություն ունի մի կարևոր հիմնախնդիր, դա ապացուցողական մեթոդաբանությունն է և գիտական աշխատանքների հիման վրա իրականացրած ռիսկի գնհատումը»- նշում է մասնագետը։ Վերջինիս խոսքով, շաքար պարունակվում է ոչ միայն գազավորված ըմպելիքներում, այլ  բազմաթիվ մթերքներում՝ այդ թվում յոգուրտներում, թխվածքներում, քաղցրավենիքներում և որպեսզի  կարողանանք գնահատել , թե արդյոք այդ սպառումները ռիսկային են, թե ոչ, պետք է մանրակրկիտ ուսումնասիրել տվյալ ազգաբնակչության սննդակարգը, սննդակարգում ամենաշատ սպառվող մթերքները, այնուհետև հաշվարկենք, թե արդյոք գերազանցում են մարդու օրական երաշխավորվող քանակները, որը հաստատվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և որից հետո միայն առաջարկով հանդես գանք՝ նվազեցնել  այն մթերքների սպառումները, որոնք իրական ռիսկեր են պարունակում շաքարի վնասակարությամբ պայմանավորված։ «Կարևոր է, որ կենտրոնացումը կամ թիրախավորումը չլինի ըստ ապրանքատեսակի, այլ լինի սննդակարգում ըստ նրա դերի և կարգի նշանակության: Այս հանգամանքը շատ կարևոր է, որովհետև եթե դիտարկվում է երեխաների սննդակարգում շաքարի սահմանափակումները և դրա բացասական ազդեցությունները հաճախակի օգտագործվող մթերքում, որը պարունակում է շաքարի բարձր քանակություն, այնքան ավելի կարևոր է  շեշտադրումը հենց այդ մթերքի վրա։ Եթե հիմա հարցում իրականացվի, ապա կտեսնենք, որ երեխաների շրջանում ինչքան հաճախակի են յոգուրտ օգտագործում, որի մեջ շաքարի պարունակությունը շատ ավելի մեծ է, քան գազավորված ըմպելիքներում: Պետք է թիրախավորում լինի և ռիսկի գնահատում, որպեսզի  ծրագրի իրականացման ժամանակ կարողանանք հասկանալ, թե որ մթերքներն են, որ իրենցից վնասակարություն են ներկայացնում»- նշում է  Պիպոյանը, ում  կարծիքով այս ծրագիրը նման չէ հանրային առողջապահական ծրագրի, քանի որ կոնկրետ հետազոտություններ չի տալիս:

Սննդագետի խոսքով՝ բնակչությունն ամեն օր չէ, որ օգտագործում է գազավորված ըմպելիք, հիմնականում առիթից առիթ, իսկ քաղցրավենիք, թխվածքեղեն գրեթե ամեն օր ու տարբեր պարունակությամբ, որն իր մեջ ավելի մեծ քանակությամբ շաքար է պարունակում, բայց  ընդհանրապես չի խոսվում դրա մասին։ «Մենք ավելի շատ կենտրոնացել ենք ոչ թե շաքարի խնդրի, այլ գազավորված ըմպելիքների խնդրի վրա,  և ինձ համար անհասկանալի է՝ մեր նպատակը գազավորված ըմպելիքների արտադրության նվազեցնումն ու  սպառո՞ւմն է, թե՝ շաքարի։ Պետք է հասկանալ, թե ծրագիրն ինչին է ուղղված, ինչի դեմ ենք պայքարում՝ շաքարի՞, թե՞ գազավորված ըմպելիք արտադրողների։ Թվեր և կոնկրետ հետազոտություն է հարկավոր»- փաստում է մասնագետը։

Նա նշեց նաև իրենց կատարած հետազոտության մասին. «Կատարեցինք հետազոտություն՝ մոլիբդենային ռիսկի գնահատում, մոլիբդենը տարբեր սննդակարգում չափում էինք և հայտնաբերեցինք, որ ամենաաղտոտված սննդամթերքը կանաչեղենն է, բայց երբ իրականացրեցինք միջազգային մեթոդներին համահունչ ռիսկի գնահատում, պարզվեց, որ վնասակարությունը քիչ է, քանի որ այդ կանաչեղենը մենք օգտագործում ենք շատ փոքր քանակությամբ և օրական մեծ սպառումներ չենք իրականացնում, իսկ ամենաբարձր ռիսկայինն այն մթերքներն են, որոնք թեև քիչ են պարունակում վնասակար նյութեր, սակայն մենք մեծ քանակությամբ ենք օգտագործում, օրինակ, կարտոֆիլը: Եթե մեր նպատակը շաքարի նվազեցումն է, ապա ինչո՞ւ չենք ուսումնասիրում շաքարի բարձր պարունակությամբ յոգուրտները, քաղցրավենիքները կամ թխվածքները։ Եթե արդյունքում ստացվում է, որ մեր նպատակը գազավորված ըմպելիքների նվազեցումն է, ապա ինչու՞ ենք խտրականություն դնում և ասպարտամին կարևորություն տալիս։  Եթե ես չեմ կատարել ուսումնասիրություն հաճախակի օգտագործվող քաղցրավենիքի և ոչ հաճախակի օգտագործվող գազավորված ըմպելիքի մեջ պարունակվող շաքարի քանակի վտանգավորության վերաբերյալ, ապա ինչպե՞ս կարող եմ որևէ հիմնավորում ներկայացնել, խնդիրն այս է, թե արդյոք Առողջապահության նախարարությունն արել է դա, թե՝ ոչ և եթե հայտարարում են, թող ցույց տան այդ հետազոտությունները, որի հիման վրա եկել են այն եզրակացության, որ շաքարի ամենամեծ վտանգավորությունը գազավորված ըմպելիքներում է։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ մեծ սպառում ունեցող ընկերություններն օգտագործում են ասպարտամ, իսկ ինչի՞ հիման վրա է Առողջապահության նախարարությունը եկել այդ եզրահանգման»,- ավելացրեց մասնագետը։

Նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանն առաջարկում է հարկել 100 գրամ հյութի մեջ 5 և ավելի գրամ շաքար պարունակող գազավորված ըմպելիքներն, ինչպես նաև բնական հյութերը։

 

Արտյոմ Առաքելյան

 

Նույն շարքից