Գլխավոր Վերլուծական 

Իշխանությունը շարունակում է մտասևեռվել իր քաղաքական հակառակորդներին պատժելու վրա

analitik.am

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երեկ շատերդ եք հնարավորություն ունեցել տարբեր կերպ հետևել վարչապետ Փաշինյանի մարաթոնյան մամուլի ասուլիսին։ Չանդրադառնալով այնտեղ հնչած տարբեր (և տարբեր արժեքավորության) մտքերին, ցանկանում եմ անդրադառնալ մեկ կարևոր խնդրի՝ դա առանց դատական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմի մասին խոսակցությունն է։

Վարչապետ Փաշինյանը նախկինում էլ է փորձել շրջանառության մեջ դնել գույքի կամայական հափշտակման տարբեր գաղափարներ, քանի որ դա իր ողջ հեղափոխական հռետորաբանության մեխն է, և գրավիչ պոպուլիստական գաղափար է իր հետևորդների մի ստվար զանգվածի համար, որոնց միշտ թվում է, որ հարուստներից հարստությունը խլելով, աղքատները կարող են հարստանալ։ Թեև համաշխարհային պատմությունը հստակ ապացուցել է, որ հարստության կամայական բռնազավթումը արդյունքում բերում է իրականում ողջ հասարակության աղքատացման և դեգրադացիայի, այս վտանգավոր գաղափարը շարունակում է շրջանառվել Հայաստանում, և այս անգամ էլ նոր հիմնավորում ստանալով ի դեմս Հայաստանի "միջազգային պարտավորությունների"։

Նախ, Հայաստանի կողմից ստորագրված Վարշավայի 2005 թ․ կոնվենցիան, որին հղում է կատարում վարչապետ Փաշինյանը, վերաբերվում է գույքի արտադատական բռնագանձմանը, եթե ապացուցված է, որ այդ գույքը օգտագործվում է ահաբեկչության ֆինանսավորման, և կամ հանցագործ ճանապարհով ստացված փողերի լվացման համար, ուստի որպես այդպեսին, դեռ անհրաժեշտ է ապացուցել, որ խնդրո առարկա գույքի սեփականատերը ֆինանսավորում է ահաբեկչությունը, կամ զբաղված է հանցագործ ճանապարհով ձեռք բերած փողերի լվացմամբ, մինչև նրանից ինչ որ գույք բռնագանձելը։ Սա ահաբեկչության դեմ պայքարելու շատ կոնկրետ հասցեական մեխանիզմ է, որի շրջանակներից դուրս կիրառում չի ենթադրում, ուստի Փաշինյանի հղումները այդ մեխանիզմին Հայաստանյան իրադարձությունների կոնտեքստում իրավազոր չեն։

Երկրորդը, կասկած չկա, որ անկախությանը հաջորդած տարիների ընթացքում Հայաստանում մի շարք ընտանիքներ հսկայական ապօրինի հարստություն են կուտակել, վնաս տալով պետությանը և հասարակությանը, սակայն այդ ապօրինությունները բացահայտելու և դատական կարգով արձագանքելու իրավական մեխանիզմներ ևս կան, դրանք պարզապես ժամանակ, ջանք և համբերություն են պահանջում, փոխարենը երկրի ցանկացած քաղաքացի կարող է համոզված լինել, որ իր սահմանադրական իրավունքները պաշտպանված են, և նա կամայականորեն, առանց հիմնավոր ապացույցների, չի կարող ունեզրկվել։

Երրորդը, պետությանը հնարավորություն տալով կամայական քաղաքացուց պահանջել սեփական անմեղությունը ապացուցել, մենք ոչ միայն կխախտենք անմեղության կանխավարկածը, այլև Հայաստանի պայմաններում, երբ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, տարբեր պատճառներով, իսկապես չունի նախկինում ստացած իրենց եկամուտների հավաստագրման փաստաթղթեր, մենք ցանկացած քաղաքացու կարող ենք դարձնել պետական կամայականության թիրախ, և ստիպել մեզ բոլորիս ապրել վախի մեջ։ Սա բացարձակ բոլշեվիկյան մոտեցում է, և կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, առավել մեր պայմաններում, երբ դեռ կա մոլեռանդների մի ամբոխ, որը պատրաստ է հարձակվել ցանկացած "հակառակորդի" վրա։

Եվ վերջինը՝ այս կառավարությունը դեռ պետք է ապացուցի, որ այն ընդունակ է ներդրումներ ներգրավել և տնտեսություն զարգացնել՝ վերջին մի քանի ամիսների զարգացումները առայժմ հակառակ ուղղությամբ են գնում, և ներդումային և տնտեսական միջավայրը շարունակում է անբարենպաստ մնալ։ Եղած խնդիրներին ավելացնել նաև այսպիսի անկանխատեսելի, և ներդրումների տեսակետից հակացուցված մեխանիզմ, ծայրահեղ անպատասխանատվություն կլինի, և կբերի եղած խնդիրների էլ ավելի բարդացման, և Հայաստանի ներդրումային առանց այդ էլ ցածր գրավչության լրացուցիչ անկման, դրանից բխող բոլոր հետևանքներով։

Ինձ շարունակում է զարմացնել, որ այս իշխանությունը, փոխանակ կենտրոնանալու երկրի անվտանգության և զարգացման վրա, շարունակում է մտասևեռվել իր քաղաքական հակառակորդներին պատժելու վրա, վատնելով դրա վրա ամբողջ հասարակության ժամանակը և միջոցները։ Եթե նույնիսկ այդ հակառակորդները արժանի են պատժի իրենց կոնկրետ գործողությունների համար, դրա համար կան նորմալ իրավական մեխանիզմներ, որոնք պետք է լիարժեք գործի դնել, մի կողմից հասարակությանը վստահություն տալով, որ անցյալի հանցագործությունները չեն մոռացվելու, սակայն մյուս կողմից էլ վստահություն տալով, որ հասարակությունը չի ընկղմվելու խավարի և վրեժխնդրության մեջ, և կորցնելու իր ապագան կառուցելու հնարավորությունը։

Այլապես, մենք, առանց ինքներս մեզ հաշիվ տալով, աստիճանաբար հետ կվերադառնանք բոլշեվիզմին, և "արդարության վերականգնման" լոզունգների ներքո, կվերականգնենք այն մռայլ հասարակարգը, որում ապրել ենք դեռևս նախորդ դարի ընթացքում։ Եթե կարծում եք, որ դա մեզ մոտ հնարավոր չի, հիշեք, որ բոլշեվիկյան հեղափոխությունն էլ է սկսել մեծ խանդավառությամբ և պայծառ ապագայի մասին վարդագույն խոստումներով, և որ պատմությունը տարբեր ձևերով կրկնվելու հակում ունի։

 

Նույն շարքից