Հասարակություն Վերլուծական 

«Լիդիանը», փաստորեն, կառավարությանը մեղադրում է մեկ առանձին վերցված ընկերության հանդեպ անարդար և խտրական վերաբերմունքի մեջ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում «կոռուպցիա» բառը հաճախ ընկալվում է՝ որպես «կաշառք»: Մինչդեռ կոռուպցիայի առաջին իմաստը հետևյալն է՝ իշխանության ներկայացուցչի կողմնակալ կամ հակաօրինական գործողությունները կամ անգործությունը (Վիքիպեդիայի ձևակերպումն է), շահադիտական կամ այլ նպատակներով:

Հետևաբար, նույնիսկ, եթե ընդունենք, որ, կաշառք այլևս ոչ մի պաշտոնյա չի վերցնում, ապա դրանից չի բխում, որ կոռուպցիան մեր երկրում վերացել է: Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հակասող հայտարարություններ անի՝ մեկ ի լուր աշխարհի հայտարարի, թե Հայաստանում կոռուպցիա չկա՝ «զրո» է, մեկ հայտարարի, որ նման դեպքեր կան, մարդիկ են ձերբակալվում։ Քանզի որպես կոռուպցիա՝ կարելի է բնութագրել իշխանության ցանկացած քայլ, որտեղ կա կողմնակալություն կամ անարդարություն:

Այս օրերի քաղաքական թոհուբոհի թեմաներից մեկը «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կողմից միջազգային արբիտրաժ դիմելու առաջին քայլն էր՝ պաշտոնական հայտարարությունը, որից հետո՝ ըստ ընթացակարգի, տրվում է մի քանի ամիս ժամանակ վեճը կարգավորելու կամ դատական գործընթացը սկսելու համար:

Այս շաբաթ «Լիդիանը» տարածեց ևս մեկ հայտարարություն, որտեղ կային բավական ուշագրավ շեշտադրումներ: Այսպես, հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի կառավարության գործողությունները և անգործությունը Հայաստանում «Լիդիանի» ներդրումային ծրագրի դեմ թիրախավորված արշավի մաս են կազմում: Որևէ այլ ընկերություն Հայաստանում չի ենթարկվել երեք աուդիտի՝ 2018  թ. հունիսից սկսած, և զրկված չի եղել իր գործունեությունը շարունակելու հնարավորությունից»:

Իրավագիտությունից հեռու մարդու համար էլ պարզ է, որ նման իրավիճակում կորպորացիաները վարձում են առաջատար իրավաբաններ: Հետևաբար՝ այս բառերը պատահական չեն ընտրվել: Ի տարբերություն կառավարության անդամների, որոնք այս ամիսների ընթացքում, առանց երկար մտածելու, Ամուլսարի խնդրի շուրջ տասնյակ հրապարակային հայտարարություններ են արել և շարունակում են նույն ոճով, ինչը կարող էր հիմք հանդիսանալ «Լիդիանի» կողմից նման ծանրակշիռ պնդման համար:

«Լիդիանը», փաստորեն, կառավարությանը մեղադրում է մեկ առանձին վերցված ընկերության հանդեպ անարդար և խտրական վերաբերմունքի մեջ: Ակնհայտ է, որ, եթե ընկերությունը նման բան է հայտարարում, ուրեմն ընկերության, թերևս, շատ թանկ վարձատրվող իրավաբանները վստահ են, որ խտրականության մեղադրանքը կարող են պաշտպանել նաև արբիտրաժում: Մի կողմ թողնելով բնապահպանական բանավեճի թեր ու դեմ փաստարկները՝ իրավական տրամաբանության առումով կարելի է տեսնել հետևյալ պատկերը: Ամուլսարի ճանապարհներն արդեն 9 ամիս փակ են:

Կառավարությունը հայտարարում է, որ դրանք կբացվեն՝ ըստ միջազգային փորձաքննության արդյունքների: Քանզի կառավարության իսկ խոստովանությամբ Հայաստանում չկան մասնագետներ, որոնք արժանահավատ գնահատական կտան հանքի հնարավոր ազդեցությանը: Ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանում գործում են տասնյակ այլ հանքեր, որոնց ազդեցությունները մեզ հայտնի չեն, քանզի կառավարությունը խոստովանել է, որ մեր մասնագետները չեն կարող նման հանքերի ազդեցության լիարժեք գնահատական տալ, սակայն այդ հանքերը գործում են:

Իսկ այ, Ամուլսարի դեպքում անհրաժեշտ է միջազգային փորձաքննություն: Սրան գումարենք, որ Ամուլսարը միակ հանքն է Հայաստանում, որն ունի, օրինակ, ՎԶԵԲ-ի նման բաժնետեր, որը պարտադրում է որոշակի բնապահպանական չափանիշեր, ու չնայած դրան՝ կառավարությունը, «Լիդիանի» ձևակերպմամբ, «թիրախավորել է» հենց այս հանքը: Ինչպես ասված է «Լիդիանի» հայտարարության մեջ, որտեղ երևում է ընկերության իրավաբանների վստահությունը, խտրական վերաբերմունքն առավել քան տեսանելի է:

Բուն փորձաքննության հատվածը պակաս խնդրահարույց չէ: Կառավարությունը, բավական թափանցիկ գործընթացով ընտրել է ինչ-որ լիբանանյան կազմակերպություն: «Լիդիանի» բնապահպանական հետազոտությունները կազմել են արևմտյան կազմակերպություններ:

Այս ամերիկյան և անգլիական կազմակերպությունների մասնագետները մի քանի անգամ հարցազրույց են տվել հայկական մամուլում՝ պնդելով, որ Ամուլսարը միջազգային չափանիշերին համապատասխանում է: Մի կողմ թողնելով նման պնդումների արժանահավատությունը՝ այն հանգամանքը, որ «Լիդիանն» արել է արբիտրաժի ճանապարհի առաջին քայլը, հուշում է, որ ընկերությունը պատրաստ է այս փորձաքննության ցանկացած ելքի, և անբարենպաստ որոշման դեպքում, միևնույն է, գնալու է արբիտրաժ: Քանզի ոչ մասնագետի համար էլ, թերևս, կասկածելի է, որ լիբանանյան ընկերությունն ամերիկյան ու անգլիական կազմակերպությունների նախագծում դատարանում ապացուցելի խնդիրներ կգտնի:

Թեև սա, տվյալ դեպքում, երկրորդական է: Խնդիրն այն է, որ ներդրումների պաշտպանության շուրջ երկկողմ պայմանագրերում, որպես կանոն, ամրագրվում է արդար և հավասար պայմանների ապահովման պարտավորությունը: Արդյո՞ք ելնելով վերը շարադրվածից՝ «Լիդիանի» հանդեպ այդ սկզբունքը պահպանվել է: Դատելով «Լիդիանի» հայտարարությունից, հենց սա է լինելու հիմնական խնդիրը: Եվ հարցի պատասխանն արդեն բավական ակնհայտ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  • 111
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    113
    Shares

Նույն շարքից