Քաղաքականություն 

Կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է. Գագիկ Ծառուկյան

analitik.am

«Բարգավաճ Հայաստանի» 7-րդ համագումարի ժամանակ այսօր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ի թիվս այլ հարցերի անդրադարձավ երկրում տիրող իրադրությանը, տնտեսական վիճակին, իսկ կոնկրետ կենսաթոշակային բարեփոխումների մասին ասաց, որ դրանից անմարդկային և անարդյունավետ քայլ չի էլ պատկերացնում։ Խոսելով կուսակցության անելիքների մասին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, իրենք պետք է ներկայացնեն իրենց այլընտրանքային տարբերակը:

 

Ստորև ներկայացնում ենք Գագիկ Ծառուկյանի ելույթն ամբողջությամբ։

«Հարգելի՛ գործընկերներ, կուսակից ընկերներ

 

Ես իմ ելույթը կբաժանեմ երկու մասի՝ կուսակցական հարցեր և մեր երկրի ու ժողովրդի առաջ ծառացած խնդիրներ:

 

Խոստանում եմ մեկ բան` լինել առավելագույնս անկեղծ: Մենք միասին անցել ենք դժվար ճանապարհ, միասին դեռ շատ անելիքներ ունենք, ու մեր մեջ չի կարող լինել որևէ կեղծիք կամ գաղտնիք:

 

2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ներկայացրեցինք մեր ծրագիրը և ստացանք մեծ աջակցություն ժողովրդի կողմից: Մենք ստացանք մոտ կես միլիոն ձայն: Պարզվեց, որ սա բավարար չէ` մեր պատկերացրած Կառավարությունը կազմելու և սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար:

 

Կար երկու ճանապարհ՝ մաս կազմել իշխող կոալիցիային, վերցնել պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար՝ միաժամանակ չունենալով հնարավորություն սեփական ծրագրերն իրականացնելու:

 

Եվ երկրորդ տարբերակը` հրաժարվել բոլոր իշխանական լծակներից ու պաշտոններից, արձանագրել մեր ծրագրերի ու մոտեցումների սկզբունքային տարբերությունները ու արդեն նոր կարգավիճակով կազմակերպել աշխատանքները թե՛ խորհրդարանում, թե՛ ժողովրդի հետ:

 

Մենք միասին ընտրեցինք երկրորդ տարբերակը:

 

Սա դժվար, երկարատև աշխատանքի, բայց նաև արժանապատիվ կեցվածքի ճանապարհն էր: Բայց, եթե մենք այսօր չանենք հաջորդ քայլերը, ապա կմնանք կես ճանապարհին:

 

«Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքականությանն իրական այլընտրանք:

 

Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է ներկայացնենք մեր այլընտրանքային տարբերակը: Ցանկացած նոր օրենքի դեպքում, որը կբերվի խորհրդարան ու որին մենք դեմ կլինենք, պետք է հստակ բացատրենք ժողովրդին, թե ինչու ենք դեմ, և ինչ ենք առաջարկում ինքներս:

 

Հասարակության տարբեր շերտերի բողոքի ու դժգոհության դեպքում կուսակցությունը պետք է լինի այդ մարդկանց կողքին, լսի նրանց խնդիրները և փորձի հասնել դրանց արդարացի լուծմանը:

 

Սիրելի պատգամավորներ, քաղխորհրդի անդամներ, ավագանու անդամներ, ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ կհավաքվեն մարդիկ` իրենց խնդիրները բարձրացնելու համար:

 

Այս համագումարով մենք դնում ենք կուսակցության բարեփոխումների նոր հիմքը, որի նպատակը լինելու է վերը նշված խնդիրների լուծումը:

 

Մեզ շատ դժվար աշխատանք է սպասում: Ով պատրաստ է դրան` ես ուրախ կլինեմ տեսնել իմ կողքին, ում մտքին այլ բան կա` ավելի լավ է կեղծ հույսեր չփայփայի:

 

ԲՀԿ-ն պետք է լինի բաց՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ:

 

Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, ով չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական–հասարակական կոնսոլիդացիա, նա պարզապես չի պատկերացնում մեր պետության առջև կանգնած խնդիրները ու, հետևաբար, չի կարող ունենալ քաղաքական ապագա:

 

Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, և որ ամենակարևորն է՝ հասարակությունը:

 

Մենք պետք է բաց լինենք նաև իշխանության մեջ առկա առողջ շրջանակների համար, որտեղ նույնպես կան բանիմաց ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ:

 

Հարգելի գործընկերներ

 

Այսօր մեր երկրի ու ժողովրդի առաջ լուրջ խնդիրներ են կանգնած:

 

Մենք ունենք արտագաղթի խնդիր, մենք ունենք լուրջ տնտեսական խնդիրներ, մենք ունենք արդարության խնդիր, և որ ամենավտանգավորն է, մարդկանց մոտ պակասում է հույսը, որ այդ խնդիրները կլուծվեն:

 

Ժամանակը քիչ է: Այս պայմաններում առաջին քայլը պետք է լինի երկրում տիրող մթնոլորտի ու հիմնական պատկերացումների փոփոխությունը:

 

Դուք կհարցնեք՝ ինչի՞ց սկսել:

 

«Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց անհատական փոքր բիզնեսով, իրենց ամենօրյա աշխատանքով կարողանում են այս դժվար պայմաններում պահել իրենց ընտանիքները պետք է ունենան հարկային արտոնություններ և ազատվեն ավելորդ քաշքշուկներից, օրինակ` տաքսիստները, վարսավիրները, ատամնաբույժները, ընտանեկան բիզնեսը և այլն:

 

Ավելին, անգամ կարելի է քննարկել այսպես կոչված «հարկային արձակուրդի» գաղափարը, որը լայնորեն կիրառվել է աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում:

 

Սկզբունքը մեկն է՝ փոքր բիզնեսը պետք է ազատվի անիմաստ հարկերից ու իշխանության հետ գործ ունենալուց: Հարկային ու այլ ստուգող կազմակերպությունները տարբեր բնույթի խորամանկություններով չպետք է ճնշումներ գործադրեն կրպակների, փոքր խանութների, վարսավիրանոցների և նմանատիպ այլ օբյեկտների վրա: Անհատական փոքր բիզնեսի համար պետք է ստեղծվեն միանգամայն այլ բարենպաստ պայմաններ:

 

Միջին բիզնեսը պետք է ունենա աշխատելու ու զարգանալու հնարավորություն: Նրանց զարգացումը, նոր աշխատատեղերի բացումը շատ ավելի կարևոր է, քան այն գումարները, որ մարդկանց քերթելով մուծում են բյուջե:

 

«Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետք է տրվեն լայն արտոնություններ՝ այնտեղ ապրելու, աշխատելու նոր բան ստեղծելու համար: Այսօր այդ մարդկանց կոպեկներն ենք գանձում բյուջե, փոխանակ պետությունը նրանց խրախուսի՝ սահմանին ապրելու ու հայրենիք պահելու համար:

 

«Բարգավաճ Հայաստանի» համար հայրենիքը սկսվում է ամենահեռու սահմանամերձ գյուղից, ու իսկական հայրենասիրությունը այդ գյուղը պահելն է:

 

Մենք գիտենք, որ վերջին շրջանում երկրից հեռանում են լավագույն մասնագետները. եթե պետությունը չի կարողանում իր լավագույն մասնագետներին պահել, ուրեմն երկրի կառավարման գործում կան էական բացթողումներ:

 

Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 40 տոկոսով: Սա նշանակում է, որ կապիտալը խուսափում է մեր երկրից, կապիտալը գնում է այլ երկրներ՝ նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների բարօրությանը: Շատ բնակավայրերում գյուղացիները կոպեկների դիմաց բանկերում գրավ են դրել իրենց տներն ու հողերը ու հիմա կանգնած են վերջին ունեցվածքի կորստի առաջ: Դրանից հետո ո՞վ է մշակելու մեր հողերը, ո՞վ է պահելու մեր գյուղերը, ո՞վ է պահելու մեր սահմանները:

 

Մենք ունենք զգալի կորուստներ տեղական արտադրության մեջ: Կան ճյուղեր, որտեղ ընդամենը մի քանի տարի առաջ մենք բավարարում էինք մեր երկրի պահանջները, և մտածում արտահանելու մասին, իսկ այսօր դարձել ենք ներմուծողներ:

 

«Բարգավաճ Հայաստանը» սկզբունքորեն մերժում է այս միտումը, մեր սկզբունքային մոտեցումն է` ամեն կերպ սատարել ու օգնել տեղական արտադրողին. միայն սա կարող է բերել զարգացման, նոր աշխատատեղերի բացման ու աշխատավարձերի բարձրացման:

 

Առ այսօր հնարավոր չի լինում գտնել տնտեսության վերակենդանացման և զարգացման մի այնպիսի բանալի, ինչպիսին, օրինակ, շինարարությունն էր 2000-2007 թվականներին: Շինարարությունն այդ տարիներին բառիս բուն իմաստով իր հետևից քաշում էր արդյունաբերության և ծառայությունների տարբեր ոլորտներ՝ շինանյութերի, տրանսպորտի, երկաթբետոնե կոնստրուկցիաների, սալիկների, Ճարտարապետության և այլն: Հարյուր հազարավոր մարդիկ ներգրավված էին այդ ոլորտներում: Ունեին աշխատանք, չէին մտածում արտագաղթելու մասին:

 

Մարդն իր կենսամակարդակի բարելավումը պետք է իր աչքերով տեսնի, զգա փոփոխություններն իր ընտանիքում և իր շրջապատում: Ոչ մի գունավոր գրաֆիկներով մարդուն այսօր չես մոլորեցնի:

 

Հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է:

 

Շուրջ 250.000 մարդ ամսական վաստակում է մինչև 120.000 դրամ, իսկ դա նշանակում է, որ կուտակայինի 5-6.000 դրամը, այսինքն` զուտ հացի փողը, մարդկանցից տանում են: Իսկ ո՞վ է այդ դեպքում տալու երաշխիքներ այդ կուտակային ֆոնդերի համար, այն էլ` 25-30 տարի հետո: Ենթադրենք՝ մի քանի տարի հետո նոր համաշխարհային ճգնաժամ է գալիս և ավերում է այդ ֆոնդերը, որտեղ կուտակված կլինեն մեր քաղաքացիներից պարտադրանքով գանձված գումարները: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Ժամանակն է կանգ առնել:

 

Ես կարող եմ դեռ երկար շարունակել թվարկել մեր պետության առաջ կանգնած ծանր խնդիրների ցանկը ու մեր կուսակցության մոտեցումները:

 

Ես ուզում եմ, սակայն, շեշտել մի կարևոր միտք․ որքան էլ դժվար ու բարդ լինեն խնդիրները, մենք վստահ ենք, որ դրանք բոլորն էլ լուծելի են: Այդ վստահությունը մեզնից պետք է փոխանցվի ողջ ժողովրդին:

 

Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ: Հավատացեք, որ մենք կարող ենք միասին երկիրը հանել այս վիճակից: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է պետք դրա համար:

 

«Բարգավաճ Հայաստանը» հիմնական քաղաքական ուժերին, հասարակական ակտիվ շրջանակներին առաջարկում է կազմել հստակ քաղաքական-հասարակական-սոցիալական-տնտեսական միասնական օրակարգ և դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ:

 

Մեր երկրի ճակատագիրը մեր ձեռքերում է: Մեր փոխարեն մեր երկիրը ոչ ոք չի զարգացնելու, չի պաշտպանելու: Մենք կա՛մ այս գաղափարով կվարակենք ողջ ժողովրդին, կա՛մ մեր պետությունը կարող է կանգնել անվերադարձ կորուստների եզրին: Այդպես հաճախ է եղել մեր պատմության տարբեր փուլերում:

 

Ես պատրաստ եմ հրավիրել մեր երկրի լավագույն տնտեսագետներին՝ հավաքվելու, խելք-խելքի տալու, երկիրն այս վիճակից հանելու լուրջ ծրագիր մշակելու:

 

Ես պատրաստ եմ ցանկացած գումար դնել՝ հրավիրելու աշխարհի ամենահեղինակավոր տնտեսագետներին՝ միասին աշխատելու, միասին լուծումներ գտնելու:

 

Ես պատրաստ եմ գնալ աշխարհի բոլոր հայաշատ երկրները, հանդիպել մարդկանց, համոզել վերադառնալ հայրենիք` իրենց տների լույսը վառել:

 

Ես պատրաստ եմ ողջ աշխարհով` մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը` իսկ արդյոք կա՞ն երաշխիքներ և համապատասխան պայմաններ:

 

Ցավոք, այսօր ես չունեմ այդ հարցի պատասխանը:

 

Հարգելի գործընկերներ

 

Վերջում կուզեի մի քանի խոսք ասել անձամբ իմ մասին:

 

Ես իմ կյանքում հասել եմ մեծ հաջողությունների: Սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել:

 

Ես երբեք աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, չեմ ձգտել պաշտոնների:

 

Ես մտել եմ քաղաքականություն` հետապնդելով միայն մեկ նպատակ` ես ուզում եմ օգուտ տալ իմ երկրին ու իմ ժողովրդին: Եվ ես չեմ կարող լինել անտարբեր, երբ տեսնում եմ, որ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում:

 

Ես կարող էի ապրել անհոգ` միայն իմ ու իմ ընտանիքի համար: Բայց ես ընտրեցի ավելի բարդ, բայց նաև ավելի ազնիվ ճանապարհը:

 

Սա իմ գիտակցված ընտրություն էր: Հետևաբար՝ ես շատ լավ հասկանում եմ խոչընդոտները և վտանգները: Եվ ես չեմ անելու երբեք մի քայլ, որից կամաչեմ ես, որից կամաչեն իմ ընկերներն ու թիմակիցները:

 

Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Բոլորդ հասկանում եք, որ ես նյութական բարիքների համար չեմ ընտրում այս ճանապարհը: Եվ ոչ փառասիրական մղումներով – ես ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Սակայն ես չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում:

 

Չկա ավելի մեծ հատուցում, ավելի մեծ պարգև, քան՝ պետությանը և քո ժողովրդին օգտակար լինելը:

 

Իսկ երբ կգա այն օրը, երբ ես կտեսնեմ, որ երկրում կատարվել են անհրաժեշտ ու ամենակարևոր փոփոխությունները, երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, մարդկանց խնդիրները քայլ առ քայլ լուծվում են, ես մեծ սիրով կհեռանամ քաղաքականությունից: Կզբաղվեմ այլ գործերով, կզբաղվեմ սպորտի ոլորտով, բարեգործական ծրագրերով, որն ինձ շատ հոգեհարազատ է, ու այդպես օգտակար կլինեմ իմ ժողովրդին:

Շնորհակալություն»:

 

 

Նույն շարքից