Հաշվի առնելով այն փաստը, որ բավականին քննարկումներ ծավալվեցին և գնահատականներ տրվեցին «Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի հոտեմբերի 2-ին ՀՀ օրենքի նախագծի սահմանադրականության վիճարկման գործընթացին, Analitik.am-ն ուսումնասիրություն անցկացրեց՝ պարզելու համար, թե ինչքանով էին տեղի հնչեցված գնահատականները:
Մի քանի դիտարկումներով անդրադառնանք նշված օրենքը ՀՀ Սահմանադրական դատարան հասցեագրելու անհրաժեշտության հիմքերին: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նշված նախագծի սահմանադրականության հարցի քննարկման անհրաժեշտությունը պայմանավորված էր երկու կարևոր հանգամանքով.
Նախ՝ Օրենքը կարգավորում է ՀՀ ԱԺ նիստի կասեցման հնարավորությունը, որի հիմքը հանդիսանում էր բռնությունը կամ բռնության սպառնալիքը: ՀՀ Սահմանադրությամբ սահմանված են բազմաթիվ կարգավորումներ իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ տարբեր սահմանադրական մարմինների համար, որոնք սահմանափակված են որոշակի ժամկետներով: Հետևաբար, արդյոք բոլոր նման դեպքերում, բռնության կամ բռնության սպառնալիքի առկայությունը պետք է կամ կարող է հիմք հանդիսանալ պետական, կամ` առավել ևս, սահմանադրական մարմինների գործունեությունը և լիազորությունների իրականացումը կասեցնելու համար, կամ դրանց իրականացման ժամկետները կասեցնելու համար: Եթե այո, ապա արդյոք նման կարգավորումները պետք է տարածվեն բոլոր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` ժամկետներով սահմանափակված լիազորությունների վրա, Այս դեպքում էլ, եթե այո, ապա արդյոք նման մոտեցումը չի հանգեցնի սահմանադրական ճգնաժամի:
Երկրորդ՝ Օրենքն իր հիմքում ուներ այնպիսի կարգավորումներ, որոնք առաջին հայացքից, մեր կարծիքով, կարող էին հանգեցնել սահմանադրական ճգնաժամի` նկատի ունենալով, որ նախագծով առաջարկվում էր կասեցնել ՀՀ ԱԺ նիստն, ըստ էության, անորոշ ժամկետով, քանի որ նիստը կասեցվում էր, մինչև խոչընդոտների վերացումը: Թեև, նշված կարգավորումը առերևույթ կոչված էր պաշտպանելու ՀՀ ԱԺ-ն իր գործունեության հնարավոր անօրինական միջամտությունից, սակայն, մեր կածիքով, առնվազն խնդրահարույց էր՝ արդյոք որևէ անօրինական ազդեցությունն այս կամ այն մարմնի գործունեության նկատմամբ, ըստ էության, պետք է հիմք հանդիսանա պետական մարմնի գործունեության կասեցմանը, թե` անօրինական ազդեցությունը (բռնությունը կամ բռնության սպառնալիքը) պետք է նախականխվի և կանխարգելվի օրենքով սահմանված կարգով:
Ի թիվս այլ հանգամանքների, ըստ էության, այս երկու դրույթներն` առանձին-առանձին և իրենց ամբողջության մեջ, գուցե ՀՀ Նախագահի մոտ առաջացրել են նշված օրենքի սահմանադրականության վերաբերյալ ողջամիտ կասկած, որի փարատման միակ եղանակը ՀՀ Սահմանադրական դատարան դիմելն էր, ինչը և տեղի է ունեցել: Եվ պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրությունը ՀՀ Նախագահին իրավունք է վերապահել ստորագրել օրենքը կամ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:
Նշենք, որ այս կամ այն օրենքի սահմանադրականության վերաբերյալ ողջամիտ կասկածների առկայության դեպքում, դրանք պետք է լուծվեն ՀՀ Սահմանադրական դատարանի միջոցով: Հակառակ պարագայում, եթե ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող անձինք ինքնուրույն պետք է որոշեն այս կամ այն օրենքի սահմանադրության համապատասխանության հարցը, ապա հնարավոր չի լինի կանխել ի սկզբանե հնարավոր հակասահմանադրական վարքագիծը կամ ապահովել պետական մարմինների և պաշտոնատար անձանց սահմանադրական պատշաճ ֆունկցիոնալ գործունեությունը կամ մարդու իրավունքների պատշաճ երաշխավորումը:
ՀՀ Նախագահը պետության գլուխն է և ՀՀ Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում պարտավոր է շարունակել հետևել ՀՀ Սահմանադրության պահպանմանը: