Անցումային արդարադատության գործիքների վերաբերյալ ԱԺ-ում անցկացված լսումների ժամանակ նախապատրաստած ելույթս, որ ժամանակի սղության պատճառով ստիպված եղա կիսով կրճատել ։)
Շուրջ 30 տարի է, ինչ մեր պետությունը ոտք է դրել անկախ պետականություն կերտելու ճանապարհին։ Շուրջ 25 տարի է, ինչ մեր հանրությունը փորձում է իր հարաբերությունները կարգավորել երկրի հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ։ Հետ նայենք և ինքներս մեզ հարց տանք՝ Արդյո՞ք հռչակված նպատակները իրականություն են դարձել։ Արդյո՞ք մեր հանրությունն ի վիճակի եղավ ապրել ըստ հռչակված արժեքների։ Արդյո՞ք մենք կարողացանք իրար հետ գալ թեկուզ նվազագույն պայմանավորվածությունների։ Իհարկե՝ ոչ։ Այլապես մեզ մոտ ընտրությունները չէին կեղծվի, մարտի 1 չէր լինի, Սերժն ի սկզբանե կմերժվեր, մեզնից շատերը այս դահլիճում լինելու ցանկություն էլ չէին ունենա և գուցե միայն փորձագիտական շրջանակներն իմանային, թե ինչ է նշանակում անցումային արդարադատությունը։
Այսօրվա քննարկման թեման անցումային արդարադատության գործիքներն են։ Մենք խոսեցինք և դեռ շատ կխոսենք դրա մասին։ Հույս ունեմ, որ մենք ի վերջո կգտնենք անցումային արդարադատության հայկական, մեզ համար արդյունավետ մոդելը։ Հուսանք, որ դա կարվի ողջամիտ ամենակարճ ժամկետում և կավարտվի համակարգային մեծ փոփոխություններով։
Որպես համակարգային այդպիսի մեծ փոփոխությունների մաս եմ տեսնում քաղաքական համակարգի փոփոխությունը։ Եվ որպես դրա գործիքներից մեկը՝ «կուսակցությունների մասին» նոր օրենքը։
Մենք վաղ թե ուշ պետք է առերեսվենք մեզ շրջապատող իրականության հետ։ Պետք է ընդունենք կատարված սխալները և ձգտենք նոր, արդար հարաբերությունների։ Ես մի քանի բառով նկարագրեմ, թե ինչպիսին եմ տեսնում մեր անցյալն ու ներկան։
Ըստ էության, շատ քիչ բացառություններով, կուսակցությունները հանդիսացել և շարունակում են հանդիսանալ դրա առաջնորդի շահերը սպասարկող կառույցներ, իսկ կուսակցականները՝ առաջնորդի հաջողության դեպքում իրենց նեղ-անձնական տնտեսական հարցերը կարգավորելու խնդրի շուրջ միավորված քաղաքացիների խմբեր։ Այսպիսի խմբերում գաղափարախոսությունները անցել են երկրորդ, երրորդ պլան, կուսակցության ընտրության չափորոշիչ է դարձել դրանում ներկայացված անհատները, նրանց քանակը, տնտեսության վրա ունեցած լծակներն ու դրանց ազդեցության աստիճանը։ Այսպիսի կուսակցությունները համալրվում էին որևէ գաղափարաբանության ու կուսակցական ծրագրերի հետ ոչ մի առընչություն չունեցող, անսկզբունք անհատներով։
Իր հերթին ձեռներեցների խավը հասկացել էր, որ բիզնեսի հաջողության համար քաղաքական տանիք է հարկավոր և ընդունել խաղի այդ կանոնը։ ԵՎ մենք տեսել ենք, թե ինչպես են այդ տանիքի օգնությամբ մրցակիցների հանդեպ առավելության հասնում՝ օգտագործելով վարչական լծակները և առաջնորդվելով տնտեսությանը միջամտելու ապօրինի մեթոդներով։ Ընդ որում, հետագայում, տանիքը կորցնելու դեպքում նույն հաջողությամբ էլ սննանկացել։
Արդյո՞ք այսպիսի սկզբունքներով ու արժեքներով առաջնորդվող կուսակցությունները կարող էին առողջ քաղաքական համակարգ ստեղծել։ Հարցը հռետորական է, պատասխանը՝ ակնհայտ։ Մենք ունեցել ենք քրեական, կլանային, մենաշնորհված, կոռուպցիոն, հակաժողովրդավարական, օլիգարխիկ տերմիններով ու հասկացություններով բնութագրվող քաղաքական համակարգ։
Ընտրությունների վստահելի մեխանիզմների բացակայությամբ պայմանավորված, քաղաքականությունը դադարել էր լինել քաղաքացիների կյանքն ավելի երջանիկ դարձնելու, պետական շահի սպասարկման, տնտեսական ու սոցիալական զարգացմանն ուղղված գործունեության, այլ վերածվել էր տնտեսական կլանների համար քաղաքական տանիքների ստեղծման և դրանց միջև լոկալ պատերազմների այնպիսի միջավայրի, որտեղ կարելի էր մտնել միայն հատուկ համազգեստով զինված, որպեսզի մինչև հոգու խորքը չաղտոտվես։
Ներկուսակցական ժողովրդավարության բացակայությունը, ֆինանսավորման աղբյուրների գաղտնիության պահպանման հնարավորությունները, որոշումների կայացման գաղտնի բնույթը ստեղծել են պայմաններ, երբ կուսակցությունները կորցրել են իրենց ընտրող քաղաքացիների հետ կապը, կորցրել իրենց սոցիալական գործառույթը։ Քաղաքականություն ու քաղաքական գործիչ տերմինները դարձել են ինքնին դատապարտելի երևույթներ։ Գործող բարքերը, քաղաքական մտածողության այս աստիճանը կարող է ցանկացած հանրության բարոյապես քայքայել, նրան գցել հուսահատության գիրկը։
Եվ, մեր կարծիքով, գլոբալ համակարգային փոփոխությունները պետք է հանգեցնեն այսպիսի իրողությունների փոփոխության։ Առանց դրա փոփոխություններն ինստիտուցիոնալ ու ազդեցության առումով երկարաժամկետ համարել չենք կարող։
Իհարկե, այսպիսի խորը արմատավորված երևույթների փոփոխությունը դժվար է։ Այն ոչ միայն քաղաքական ու օրենսդրական փոփոխություններ է ենթադրում, այլ նաև հանրային նոր հարաբերություններ, ժողովրդավարական արժեքների ու ավանդույթների սերմանում, քաղաքական մտքի վերափոխում։ Պետք է ընդունել, որ այո՛, կան այսպիսի երևույթներ, բայց մենք մերժում ենք դրանք և հաստատակամ ենք ա՛յլ կերպ ապրել և մենք պետք է ներենք բոլորին, ով նոր կերպ ապրելու խիզախությունը կունենա։ Պետք է այս հարցում ևս համերաշխության հասնենք։
Կուսակցությունները պետք է դառնան ավելի ժողովրդավար, որոշումների կայացման առումով ավելի թափանցիկ, ավելի կանխատեսելի, ավելի գաղափարական, իսկ քաղաքականություն պետք է հնարավոր լինի մտնել սպիտակ ձեռնոցներով՝ առանց դրանք կեղտոտելու համար վախի։
Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Սուրեն Սահակյան