Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ինքնակամ չէ հրաժարվել պաշտոնից: Այս մասին իրավապաշտպանը խոսել է Aravot.am-ի հետ:
Իրավապաշտպանը հետհայացք է ձգում ամիսներ և նույնիսկ տարիներ առաջ իրադարձություններին. «Նախ՝ եթե մինչև դեկտեմբերյան արտահերթ ընտրություններն Արտակ Զեյնալյանի նախարարի պաշտոնում լինելը հասկանալի էր, որովհետև կոալիցիոն կառավարություն էր, ապա այդ ընտրություններից հետո նորից Զեյնալյանին նշանակել նույն պաշտոնին մի քանի հարցեր է առաջացնում: Ի վերջո «Իմ քայլը» հավաքել էր 70% -ից ավելի ձայն, կոալիցիա կազմելու կարիք չկար, և անհասկանալի էր՝ ինչո՞ւ Զեյնալյանը նշանակվեց: Այստեղ կարող է 3 վարկած լինել. 1-ինը՝ բարձր կարգի մասնագետ էր և անփոխարինելի այդ պաշտոնում, 2-րդ՝ Փաշինյանի անձնական համակրանքը, 3-րդ՝ քաղաքական հաշվարկ: 1-ին վարկածը հիմնավոր չէ, չեմ կարծում, թե՝ նա անփոխարինելի էր ու բարձր կարգի այլ մասնագետ չկար: 2-րդ վարկածը՝ անձնական համակրանքը, դա նույնպես հիմնավոր չէ, քաղաքականությունում անձնական համակրանքն այնքան էլ դեր չունի, հատկապես որ «Իմ քայլ»-ի շատ անդամներ հավակնում էին այդ պաշտոնին»:
Ապա` Իշխանյանը զուգահեռներ է տարել 2017-ին ՀՀԿ-ի ձայների և կոալիցիա կազմելու միջև: Իրավապաշտպանի մեկնաբանությամբ՝ երբ 2017-ին ՀՀԿ-ն 60% մեծամասնություն էր, ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմեց, որովհետև Սերժ Սարգսյանը փորձում էր այդպես սփյուռքի կառույցների նկատմամբ որոշակի վերահսկողություն ունենալ: Իսկ ահա Զեյնալյանին արտահերթ ընտրություններից հետո նույն պաշտոնին նշանակելով, Իշխանյանի խոսքերով ասած՝ կարևոր բան պետք է հաշվի առնել՝ չնայած 1999 թվականին Վազգեն Սարգսյանը զոհվել է, բայց նա դեռևս քաղաքական մեծ ազդեցություն ունի Հայաստանի քաղաքական կյանքում. «Իր ստեղծած երկրապահ կամավորականների միությունով և այլն: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո այդ միության նախագահի հավանական թեկնածուն Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսանն էր, և կարծում եմ Զեյնալյանի նշանակումով չեզոքացվեց Արամ Սարգսյանի՝ ԵԿՄ նախագահ դառնալը: Որպես «կոմպրոմիս» Զեյնալյանը դարձավ նախարար, իսկ Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ: Եվ ահա «մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»:
Իշխանյանի ներկայացմամբ՝ Զեյնալյանի հրաժարականի տեքստից ոչինչ չի հասկացվում, ի տարբերություն Գևորգ Դանիելյանի հրաժարականի տեքստի.«Եվ ի տարբերություն Դանիելյանի հրաժարականի, Զեյնալյանի հրաժարականը կամավոր չի եղել, նրան ստիպել են կամ հասկացրել են հրաժարական տալ, ինչպես որ ընդունված է Հայաստանում, որովհետև Հայաստանում հրաժարականի մշակույթ չկա: Միակ փորձը Մանե Թանդիլյանինն էր, բայց «Լուսավոր Հայաստանն» իր շահերից ելնելով ստիպեց նրան հրաժարվել իր հրաժարականից»:
Ավելին՝ Aravot